Ինչո՞ւ Ալիևը չի շտապում խաղաղության պայմանագիր կնքել փաշինյանական իշխանության հետ
06 Դեկտեմբերի 2024, 11:00
(Ֆունկցիոնալ առումով Փաշինյանն այսօր լուծում է միայն իր անվտանգության ու բարեկեցության ապահովման խնդիրները)
Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանն Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն, որում մասնավորապես ասվում է.
Ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, հղում անելով դիվանագիտական աղբյուրին, հաղորդել է, որ Բաքուն մերժել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի առաջարկը՝ Մալթայում ԵԱՀԿ ԱԳՆ նիստի շրջանակներում կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը: Ինչպես նշում է նույն աղբյուրը, «Բաքուն ընդհանրապես չի ցանկանում, որ ԱՄՆ-ը մասնակցի խաղաղության օրակարգին, քանի որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը Ադրբեջանին հասցեագրած անարդար ու միակողմանի քաղաքականություն է վարում»:
Ադրբեջանական պաշտոնական կառույցների կեղծավորությունն, անշուշտ, մեղմ ասած զարմացնում է: ԱՄՆ-ը հիմնական դերակատարն էր, որը Պրահայի 2022-ի դավադրության մոդարատորն էր ընդդեմ Արցախի: Նիկոլ Փաշինյանը հանձնել է Արցախը՝ համաձայն «Ջոն Բոլթոնի պլանի», իսկ ԱՄՆ-ի փոխպետքարտուղար Ջեյմս Օ’Բրայենը, այս տարվա հունիսին, խոսելով 2023-ին Արցախում իրականացված էթնիկ զտումների մասին, նշել է, որ «ԱՄՆ-ը դեռևս հստակ գնահատական չունի 2023-ի սեպտեմբերին Արցախում տեղի ունեցած իրադարձություններին»: Իսկ այսօր Ալիևը բողոքում է ամերիկյան վարչակազմի «անարդար քաղաքականությունից»:
Հիշեցնենք նաև, որ առանց Բլինքենի նախաձեռնության էլ ԵԱՀԿ գագաթնաժողովի շրջանակներում Միրզոյան-Բայրամով հանդիպում չէր նախատեսվում, ինչի մասին դեկտեմբերի 4-ին հայտարարել էր ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը: Եվ սա այն դեպքում, երբ СОР29-ի գագաթնաժողովի օրերին Բաքվի պաշտոնական ներկայացուցիչներն ասում էին, որ «դեկտեմբերին կմեկնարկի ՀՀ-ի հետ բանակցությունների նոր փուլ»:
Կարելի է ենթադրել, որ Բաքուն դեռ պատրաստվում է ուժեղացնել ճնշումը Երևանի վրա, իսկ բանակցություններից հրաժարվելը ևս մի մաս է Ալիևի ռազմավարության: Սակայն արդեն հիմա կարելի է ասել, որ գոյություն ունի հիմնավոր կասկած այն մասին, որ «նույնիսկ ստանալով ամեն ինչ» (Սյունիք, ՀՀ նոր Սահմանադրություն, հայկական բանակի զինաթափում, Հայաստանի դուրս բերում ՀԱՊԿ-ից, ռուսական զորքերի դուրս բերում Հայաստանից և այլն) Իլհամ Ալիևը չի ավարտի «խաղաղության պայմանագիրի» քննարկումները Հայաստանի հետ: Այդ հիմնավորված կասկածը հիմնված են մեկ հիմնարար խնդրի վրա:
Նույնիսկ Բաքվի Իստիգլալիաթ փողոցից երևում է, որ Փաշինյանը յուրացրել է ՀՀ-ում իշխանության ու պետական կառավարման ուղղահայացը՝ ենթարկեցնելով այն իր ընտանիքի և շատ նեղ շրջանակի պահանջներին (դրա վառ վկայությունն է՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության արդեն նախկին անդամ Հովիկ Աղազարյանի հետ կապված իրավիճակը): Փաշինյանն, ըստ էության, ոչնչացրել է նաև Հայաստանում ընտրությունների ինստիտուտը, ոչնչացրել է ընտրական գործընթացը: Եթե նախկին իշխանությունները ընտրությունների նախընտրական կեղծիքներով էր հայտնի, ապա գործող իշխանությունն իր խնդիրները լուծում է հետընտրական կեղծիքների միջոցով (օրինակները բազմաթիվ են՝ Փարաքար, Վեդի, Վանաձոր, Գյումրի և այլն):
Սա առաջացնում է Բաքվի մտահոգությունը, որ ՀՀ-ի ցանկացած նոր իշխանություն կարող է վերանայել ոչ միայն սահմանադրական փոփոխությունների կեղծված հանրաքվեի արդյունքները, այլև սկսել գործողություններ՝ վերանայելու այսպես կոչված «խաղաղության պայմանագիրը», որպեսզի ապահովի ավելի արդար խաղաղություն տարածաշրջանում:
Սա նշանակում է, որ այսօր Հայաստանում Փաշինյանի իշխանության պահպանումը լուծում է միայն երկու խնդիր: Փաշինյանի և նրա նեղ շրջապատի անձնական անվտանգության ապահովումը (Աղազարյանի հետ կապված պատմությունը ցույց է տալիս, որ հատուկ ծառայությունները վաղուց արդեն չեն կատարում իրենց անմիջական գործառույթները և ենթարկվում են մի մարդու շահերին ու քմահաճույքներին), և նույն մարդկանց խմբի անձնական բարեկեցության ապահովումը՝ պետության ռեսուրսների հաշվին:
Մտածե՛ք այդ մասին…»։