Ինչո՞ւ չեն էժանանում վարկերը
07 Փետրվարի 2025, 19:50
ԿԲ կողմից վերաֆինանսավորման տոկոսադրույքը կրկին նվազեցվեց։ Ներկայումս ՀՀ հիմնական տոկոսադրույքը 6,75 % է։ Վերաֆինանսավորման տոկոսադրույքը, որը ԿԲ հիմնական գործիքն է՝ գնաճը թիրախային մակարդակում պահելու, վերջին տարիներին կտրուկ աճի, ապա դնադաղ նվազման ընթացքի ներքո է։
Նկարում ներկայացվասծ է վերոնշյալը՝ վերաֆինանսավորման տոկոսադրույքի դինամիկան։ Այսօր նկատվող անկման միտումը սպասելի է՝ ելնելով սպառողական գների՝ թիրախային մակարդակից ցածր լինելու հանգամանքից։
Միաժամանակ հետաքրքիր էին ԿԲ նախագահի մամուլի ասուլիսի ընթացքում հարցուպատասխաններից եկողորոշ մեսիջներ։
Նախ, խոսվեց տրանսպորտի թանկացման ազդեցության մասին՝ գնաճի տեսքով։ ԿԲ գնահատմամբ, վատագույն դեպքում, գնաճը կավելանա 0,1 տոկոսային կետով։
Լավ է, իհարկե, որ ազդեցությունը փոքր կլինի, ավելի ցածր, քան նախապես գնահատված 0,5 տոկոսային կետով աճն էր։ Սակայն սպառողական գների ինդեքսը, լինելով համախառն ցուցանիշ, երբեմն կուտակային այլ ցուցանիշ է ցուցադրում, մինչդեռ առանձին ապրանք/ծառայության մասով՝ լրիվ այլ։ Մյուս կողմից, որքան էլ քիչ լինի ընդհանուր գնաճի վրա ազդեցությունը, տրանսպորտի ուղիղ քաղաքացու գրպանին հարվածող թանկացում է։
Մյուս մեսիջը կապված է այն հանգամանքի հետ, որ չնայած հիմնական տոկոսադրույքը նվազում է, առևտրային բանկերի կողմից տոկոսադրույքները չեն նվազում։ Այդ հանգամանքը գլխավոր դրամատան ներկայացուցիչների կողմից ներկայացվեց, որպես պահանջարկի արդյունք․ կա պահանջարկ, վարկերի գները բարձր են։ Բայց միևնույն է, մնում է օբյեկտիվ հարցադրումը, ինչու՞ են բանկերն արագ արձագանքում, երբ վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրանում է, և չեն արձագանքում, երբ հակառակն է տեղի ունենում։ Բայց կարևոր է այս համատեքստում նաև մեկ այլ հանգամանք, որի մասին նշվեց՝ բիզնես վարկերի նկատմամբ պահանջարկի աճի հանգամանքը։ Այս պարագայում առաջանում է հարցադրումը, թե արդյոք ստեղծված չէ համապատասխան միջավայր, նաև՝ օգտվելով բանկերի գրանցած մեծ շահույթներից, բիզնեսն իր հերթին, բանկերին իրենց հերթին, ուղղորդել տնտեսության համար կարևոր ճյուղերում ներդրումներ անելուն։ Սա իհարկե, հարցադրում է,որի հասցեատերը ԿԲ-ն չէ, Կառավարությունն է և ունի ուղիղ առնչություն վերջինիս գործունեության արդյունավետության հետ։