Ինչո՞ւ են փակվում կազմակերպությունները
06 Նոյեմբերի 2025, 18:00
Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ այս տարվա ընթացքում Հայաստանում գրանցված կազմակերպությունների թիվը նվազել է։ Մասնավորապես, այս տարվա օգոստոսի դրությամբ, գործող կազմակերպությունների թիվը 65 481 է, իսկ նախորդ տարվա օգոստոսին Հայաստանում գործել է 69 661 կազմակերպություն։
Ստացվում է, որ 12 ամիսների ընթացքում գործող կազմակերպությունների թիվը կրճատվել է 4180-ով։ Այս տարվա ութ ամիսների ընթացքում անկման տեմպն ավելի է արագացել․ 2024թ-ի դեկտեմբերի համեմատ գործող կազմակերպությունների թիվը կրճատվել է 5079-ով։
Իհարկե նման պատկերն առաջին իսկ հայացքից առաջացնում է հակասություն Հայաստանի տնտեսության շուրջ խոսվող, ներկայացվող հաջաղությունների ֆոնին։ Չէ՞որ տնտեսությունում բարենպաստ պայմանների մասին են խոսում իրական հատվածում ներդրումները, կամ նույն ինքը՝ կազմակերպությունների թիվը, տնտեսվարող սուբյեկտների թիվը։ Բայց վիճակագրությունը միշտ տողատակեր է ունենում, ուստի ելնելով օբյեկտիվ պատկերը ցույց տալու մեր որդեգրած սկզբունքից՝ ներկայացնենք, թե ինչ փոփոխությունների արդյունքում է ձևավորվել այս պատկերը։
2024թ-ի օգոստոսին գերփոքր կազմակերպությունները, կամ միկրոբիզնեսի ներկայացուցիչների թիվը կազմել է 58 481, այս տարվա օգոստոսին վերջիններիս թիվը 53 612 է։Այսպիսի կազմակերպությունների թիվը կրճատվել է 4869-ով։ Ավելի խոշորների թիվն ավելացել է։ Իհարկե սա դրական է։ Մինչդեռ այստեղ ունենք բայցեր։ Նախ, փոքր կազմակերպությունների թիվն ընդհանուրի մեջ ամենամեծն է, այսինքն՝ նվազումն ամենամեծ սեգմենտին է վերաբերում։ Երկրորդ՝ կա տպավորություն, որ միայն գերփոքրեր ընկերությունների թիվն է կրճատվել, բայց դա ժամանակի խնդիր է։ Ինչո՞ւ ենք այդպես կարծում։
Դեռևս հարկային փոփոխությունների քննարկումների ժամանակ ահազանգում էինք, որ այս տարի ուժի մեջ մտած փոփոխությունների արդյունքում ամենափոքրերը կարող են չդիմանալ և պարզապես փակվել, դադարել գործունեությունը։ Խոսքը հարկման դաշտերի փոփոխություններին է վերաբերում, երբ շատ կազմակերպություններ պետք է դուրս գային արտոնյալ շրջհարկի դաշտից և գործեին համընդհանուր հարկման դաշտում։
Բայց չէ՞որ հարկային փոփոխությունները շարունակական են, այսինքն՝ այս տարվա հունվարից մենք մասնակի փոփոխությունների ականատես եղանք, իսկ Կառավարության վերջնանպատակը միայն համընհանուր հարկային դաշտ թողնելն է։ Հենց այս պատճառով է, որ ունենք մտահոգություն, որ այն պատկերը, երբ միայն գերփոքր ընկերությունների թիվն է կրճատվել, կարող է միայն ժամանակի խնդիր լինել։
Չենք կարող չանդրադառնալ այս վիճակագրության բացատրության ևս մեկ հնարավոր վարկածի։ Իսկ գուցե փոքրերը պարզապես խոշորացել են և դրանց թվի կրճատումը դրականի՞ մասին է խոսում։ Տեսականորեն հնարավոր է, բայց արդյոք այդ դեպքում կազմակերպությունների բացարձակ թվի նման անկում կունենայինք։ Այսինքն՝ մենք շարժի հետ գործ չունենք, այլ՝ կրճատման, ինչը խոսում է փոքր կազմակերպությունների համար պայմանների վատթարացման մասին, ինչն էլ կանխատեսել էինք։
Իսկ ո՞վ է տնտեսական գործունեության համար բարենպաստ պայմաններ ապահովելու պատասխանատուն, եթե ոչ պետությունը, կառավարությունը։ Այսօր քննարկվող հարցերից մեկը պետության կողմից գործարան կառուցել-չկառուցելու թեման է։ Թեման ինքնին վիճարկելի է, եթե իհարկե հիմք ընդունենք պետության կողմից բառացիորեն գործարան կառուցելու թեզը։ Բայց ավելի հստակ է՝ միջավայրը, որը կառաջացնի տնտեսական գործունեությամբ զբաղվելու ձգտում, պետք է ապահովի պետությունը։ Սա վիճարկելի չէ։
Փոքր կազմակերպությունների թվի կրճատման մասին այսօրվա մեր քննարկումը, կարծես, հակառակի մասին է վկայում։