Ինչո՞ւ «տարածաշրջանից հեռացող ՌԴ-ն» ազատ առևտրի համաձայնագիր ստորագրեց Իրանի հետ
28 Դեկտեմբերի 2023, 12:00
Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն։
«Ռուսաստանը հեռանում է տարածաշրջանից», «Մենք պետք է հիմա «անվտանգության բարձիկ» ստեղծենք, այն դեպքի համար եթե Ռուսաստանը շուտով լքի տարածաշրջանը», «Հայաստանը պարտավոր է խորացնել հարաբերությունները Թուրքիայի հետ, քանի որ Ռուսաստանը հեռանում է մեզանից, նա շահագրգռված չէ տարածաշրջանով»: Ծանո՞թ ձևակերպումներ են։ Այո, դա հենց այն է, ինչ Հայաստանի իշխանությունները քարոզում են 2022 թվականի կեսերից՝ օգտագործելով բոլոր լրատվամիջոցները և ժամանակակից այլ հաղորդակցությունները։
Միևնույն ժամանակ, իրականությունը ևս մեկ անգամ ապացուցում է, որ հայ ժողովրդին կրկին խաբեցին, և Ռուսաստանը ոչ միայն չի հեռանում տարածաշրջանից, այլև 2022 թվականի փետրվարից հետո ստեղծված աշխարհաքաղաքական իրողությունների շրջանակներում Անդրկովկասյան տարածաշրջանը Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքական օրակարգում գնալով ավելի է կարևորվում։
Դրա ապացույցը ոչ միայն Ռուսաստանի Դաշնության ներգրավվածությունն է տարածաշրջանային «3+3» պլատֆորմի աշխատանքներին (Ռուսաստան, Թուրքիա, Իրան, Հայաստան, Վրաստան, Ադրբեջան), այլ նաև ԵԱՏՄ-ի և Իրանի միջև օրերս ստորագրված ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիրը։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի գնահատականների համաձայն՝ ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի համաձայնագիրը կողմերին թույլ կտա ավելի քան երեք անգամ ավելացնել ապրանքաշրջանառությունը՝ մինչև 18-20 միլիարդ դոլար՝ 2022 թվականին գրանցված 6,2 միլիարդ դոլարից: Միայն ռուսական ընկերությունների շահույթը նման համաձայնագրի ստորագրումից գործունեության առաջին տարում կկազմի մոտ 300 մլն դոլար, և այդ ցուցանիշը կգրանցվի միայն իրանական շուկա մուտք գործելիս վճարվող տուրքերի նվազեցման հաշվին
Ելույթ ունենալով ԵԱՏՄ գագաթնաժողովում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, իր հերթին կոչ է արել արագացնել Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի զարգացումը` նշելով, որ այս նախագիծը բեկումնային կլինի տրանսպորտի և լոգիստիկայի ոլորտում։
Հիշեցնենք, որ «Հյուսիս-Հարավ» բազմամոդալ տրանսպորտային միջանցքի ստեղծման մասին միջկառավարական համաձայնագիրը ստորագրվել է Ռուսաստանի, Հնդկաստանի և Իրանի կողմից 2000թ-ին: Ավելի ուշ մասնակիցների կազմն ընդլայնվեց՝ հասնելով 14-ի: Ծրագրի նպատակն է ներգրավել Հնդկաստանից, Իրանից և Պարսից ծոցի երկրներից Ռուսաստանի տարածքով դեպի Եվրոպա բեռնափոխադրումների տարանցիկ հոսքեր (Սուեզի ջրանցքով անցնող ծովային ճանապարհի համեմատ՝ հեռավորությունը կրճատվում է ավելի քան կիսով չափ, ինչը նվազեցնում է փոխադրման ժամանակն ու արժեքը): Այսինքն, հակառակ գործող իշխանությունների քարոզիչների հայտարարություններին, Ռուսաստանի Դաշնությունը ոչ միայն չի լքում տարածաշրջանը, այլ ընդհակառակը, մեծացնում է իր ներգրավվածությունը տարածաշրջանային նախագծերում։
Այս առնչությամբ առաջանում է հետևյալ 2 հարցը՝ ինչո՞ւ հայ հասարակությունը համոզում էին հակառակը և ո՞րն էր այս մանիպուլյացիայի նպատակը։
Բազմիցս ասվել է, որ Փաշինյանի պատմական առաքելությունը Արցախի հանձնումն էր Ադրբեջանին, և 2022 թվականի կեսերին Խարկովի և Խերսոնի շրջաններից ռուսական զորքերի նահանջը լավ պատճառ դարձավ, որ Փաշինյանը ավարտի 2018 թվականին սկսված գործը։ Իսկ իր քայլերին գաղափարական երանգ հաղորդելու համար Փաշինյանը միֆ հորինեց, թե Ռուսաստանի Դաշնությունը հեռանում է տարածաշրջանից։ Փաշինյանի գործողությունները կանխամտածված գործողություն էին, թե սխալ, «քաղաքական հերձումը» ցույց կտա… Իսկ դուք, մտածեք այս ամենի մասին…