Ինչո՞վ է հակադրվելու Փաշինյանը Իրանի գերագույն առաջնորդի դիրքորոշմանը
28 Նոյեմբերի 2024, 11:00
(Թեհրանը դեմ է ՆԱՏՕ-ի «Զանգեզուրի միջանցքին»՝ արդեն պաշտոնապես)
Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանն Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն, որում մասնավորապես ասվում է.
«Շատ հետաքրքիր հայտարարություն է եկել նախօրեին Իրանից։ Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին հայտարարել է՝ Իրանի հակազդեցությունը «Զանգեզուրի միջանցքի» բացմանը կապված է այն բանի հետ, որ Արևմուտքը ՆԱՏՕ-ի քողի տակ ցանկանում է իրականացնել փոխադրումներ արևելք-արևմուտք երթուղով Ադրբեջանի, Կասպից ծովի և Կենտրոնական Ասիայի տարածքով, և միայն Իրանը հասկացավ այս դավադրության խորությունը։
Նա հավելել է, որ «վերջին տարիներին՝ Ուկրաինայում պատերազմի ֆոնին, ԱՄՆ-ը ՆԱՏՕ-ի քողի տակ փորձում է ներթափանցել Հարավային Կովկասի տարածաշրջան և գործնականում ստեղծել այլընտրանք, քանի դեռ Ռուսաստանի ուշադրությունը կենտրոնացած է Ուկրաինայի վրա»։ Վելայաթիի խոսքերով, «Արևմուտքը՝ ԱՄՆ-ի գլխավորությամբ և իր որոշ դաշնակիցների օգնությամբ ձեռնարկել է գործողություններ, որոնք ցույց են տվել, որ Արևմուտքը և ՆԱՏՕ-ն ազնիվ մտադրություններ չունեն Հարավային Կովկասի հետ կապված»։
Հայտարարությունը կարևոր է առնվազն երկու պատճառով․
1. Մեկուկես-երկու ամիս առաջ մենք ականատես եղանք, թե ինչպես մեդիադաշտում նկատվում էր լարվածություն Թեհրանի և Մոսկվայի հարաբերություններում հենց «Զանգեզուրի միջանցքի» հարցի շուրջ։ Նույնիսկ ՌԴ դեսպանը այցելել էր ԻԻՀ ԱԳՆ։ Այսօր՝ Իրանի գերագույն առաջնորդի ներկայացուցչի հայտարարությունը փաստացի վերջ դրեց բոլոր վեճերին այս թեմայի շուրջ։
2. Անցյալ շաբաթ Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն նշել էր՝ «Հայաստանը շահագրգռված է, որ «Զանգեզուրի միջանցքն» անցնի իր տարածքով»: Այս մասին հայտնել էր Akşam-ը։
Եթե ընդունենք, որ Վելայաթիի մեկնաբանությունը ճիշտ է և որ թուրք նախարարը չի մոլորեցնում՝ հայտարարելով, որ «Երևանը շահագրգռված է, որ «միջանցքը» անցնի իր տարածքով», ապա կարելի է տրամաբանական հետևություն անել, որ ՆԱՏՕ-ն հենց Հայաստանի միջոցով է փորձում ներթափանցել տարածաշրջան։ Եվ այս «ներթափանցումը» կարող է վտանգել նույնիսկ պաշտոնական Բաքվի շահերը։ Միգուցը հենց սա է այն «դավադրության խորությունը», որի մասին խոսում էր Վելայաթին:
Վելայաթիի խոսքերը հաստատվում են նաև ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչների նախկին հայտարարությունների տրամաբանությունը։ Հիշեցնենք, որ դեռ ամռանը, Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման համատեքստում, ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ’Բրայենը, ԱՄՆ Սենատի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի լսումների ընթացքում, մատնանշել էր հաղորդակցությունների ապաշրջափակման հանգամանքը, նշել է, որ ԱՄՆ-ը ուսումնասիրում է նոր ցամաքային երթուղու ստեղծման հնարավորությունը՝ Կենտրոնական Ասիայի երկրներից դեպի համաշխարհային շուկաներ՝ Հայաստանի և Ադրբեջանի տարածքով՝ շրջանցելով Ռուսաստանն ու Չինաստանը։
Սրան գումարվում է այն փաստը, որ 2023 թվականի դեկտեմբերին Իլհամ Ալիևն ասել էր՝ ԱՄՆ-ը Իրանի փոխարեն «միջանցք» է պահանջում Հայաստանի տարածքով (չնայած նրան, որ նույն թվականի աշնանը Բաքուն և Թեհրանը պայմանավորվել էին, որ հաղորդակցություններն անցնեն Իրանի տարածքով, որով և Թեհրանն իր ներդրումն է ունեցել Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության ապահովման գործում), և վերջնականապես պարզ կդառնա, թե տարածաշրջանում ովքեր են փորձում իրականացնել արևմտյան անդրազգային վերնախավերի ծրագրերը՝ ի հաշիվ ՀՀ շահերի: Պլաններ, որոնցում Հայաստանը «մանրադրամ է» Իրանին և Ռուսաստանի Դաշնությունը զսպելու հարցում:
Մտածե՛ք այդ մասին…