Կախվածություն Ադրբեջանից՝ հանուն Փաշինյանի վերընտրության
23 Հունվարի 2026, 15:25
(Արդյոք Հայաստանի քաղաքացիներին պե՞տք է նման ապագա)
«Հայաստանի «քաղաքական լանդշաֆտի» տրանսֆորմացիան այսօր հասել է այն կետին, երբ ազգային անվտանգության ճարտարապետությունը ոչ թե պարզապես վերանայվում է, այլ փաստացիորեն ապամոնտաժվում՝ հանուն կարճաժամկետ քաղաքական գոյատևման։ Պաշտոնական Երևանն առաջ է մղում «նոր ինքնիշխանության» գաղափարը, որի հիմքում ընկած է մի պարադոքսալ թեզ. երկրի անվտանգությունը հնարավոր է ապահովել նրանց հետ ենթակառուցվածքային խորը կապվածության միջոցով, որոնք տասնամյակներ շարունակ ընկալվել են որպես էկզիստենցիալ սպառնալիք։
Կարևոր է հասկանալ, որ հարևանների թշնամական տրամադրվածությունը ոչ միայն «անցյալի փորձն է», այլև այսօրվա ակնհայտ իրականությունը։ Բաքվի և Անկարայի ներկայիս քաղաքականությունը, նրանց հռետորաբանությունն ու ներկայացվող վերջնագրերը հստակ վկայում են այն մասին, որ Հայաստանի նկատմամբ նրանց վերաբերմունքը հիմնարար փոփոխությունների չի ենթարկվել։ Այդուհանդերձ, Հայաստանի կառավարությունը արագացնում է այնպիսի գործընթացներ, որոնք պետության կառավարման ռազմավարական լծակները հանձնում են հակառակորդների ձեռքը։
Եվրահանձնակատար Մարտա Կոսի հայտարարությունները՝ Հայաստանի և Թուրքիայի էներգահամակարգերի սինխրոնացման համար 500 միլիոն եվրո հատկացնելու պատրաստակամության մասին, որոնք լրացվում են Նիկոլ Փաշինյանի՝ Ադրբեջանի հետ էներգետիկ ցանցերի ինտեգրման հնարավորության վերաբերյալ խոսքերով, ազդարարում են անցումը ինքնավարությունից դեպի կառուցվածքային խոցելիություն։ Բրյուսելն, առաջարկելով այս միջոցները, փաստացիորեն հովանավորում է Հայաստանի վրա ուղղակի ճնշման գործիքների ստեղծումը։ Մինչ եվրոպական դիվանագիտությունը խոսում է «խաղաղության և բարօրության» մասին, իրականությունն այն է, որ Երևանը կամավոր հանձնում է սեփական կենսաապահովման «անջատիչն» այն երկրներին, որոնք չեն թաքցնում հայկական սուբյեկտայնությունը թուլացնելու իրենց հավակնությունները։ Դիվերսիֆիկացման քողի տակ տեղի է ունենում երկրի ներդրում մի օտար համակարգի մեջ, որտեղ Հայաստանի դերը հանգում է արտաքին խաղացողների տարածաշրջանային շահերի սպասարկմանը։
Իշխանությունների տրամաբանությունը հիմնված է տնտեսական փոխկախվածության մոդելի ներդրման փորձի վրա, որն իբր պետք է կանխի նոր պատերազմը։ Սակայն համաշխարհային պրակտիկայում նման ինտեգրումն աշխատում է միայն այն դեպքում, երբ այն տեղի է ունենում հավասար գործընկերների միջև։ Սա յուրօրինակ փորձ է՝ Հարավային Կովկասի պայմաններում կիրառելու եվրոպական «ածխի և պողպատի» մոդելը, սակայն խնդիրն այն է, որ եվրոպականի դեպքում ինտեգրումը տեղի ունեցավ հավասարների միջև և սահմանների ու արժեքների վերջնական ճանաչումից հետո։ Հարավային Կովկասում, որտեղ ուժերի հավասարակշռությունը խաթարված է, իսկ ագրեսիվ հռետորաբանության ու ծրագրերի պակաս չկա (ինչի վառ ապացույցն է Ադրբեջանի նախագահի վարչակազմի կողմից հովանավորվող «Արևմտյան Ադրբեջան» նախագիծը), սա նմանվում է ոչ թե գործընկերության, այլ կապիտուլյացիայի էներգետիկ ոլորտում։
Հայաստանին առաջարկում են ներգրավվել «էներգետիկ օղակի» մեջ ոչ թե որպես լիարժեք հանգույց, այլ որպես ծայրամասային օղակ, որի գոյությունը կախված է հարևան մայրաքաղաքների քաղաքական կոնյունկտուրայից։ Էներգակիրների աղբյուրների դիվերսիֆիկացման փոխարեն երկիրը ռիսկի է դիմում ձեռք բերել մոնոպոլ կախվածություն նրանցից, որոնք ցանկացած պահի կարող են օգտագործել էներգետիկ շրջափակումը որպես քաղաքական շանտաժի գործիք։
Այս ամենը անխուսափելիորեն բերում է գլխավոր հարցին. ստացվում է, որ Փաշինյանի վերընտրվելու և իր աթոռը պահպանելու գինը Ադրբեջանից և Թուրքիայից լիակատար էներգետիկ կախվածությա՞ն մեջ ընկնելն է։ Ներկայիս վարչակազմի համար «Խաղաղության խաչմերուկ» հայեցակարգը, որը վերափոխվել է TRIPP նախագծի և իր մեջ պարունակում է «Զանգեզուրի միջանցքի» տարրեր, դարձել է աշխարհաքաղաքական զիջումներն արդարացնելու միակ միջոցը։ Իշխանությունը փորձում է հասարակությանը վաճառել կայունության պատրանքը՝ ստանալով այն ռազմավարական ռեսուրսների նկատմամբ վերահսկողության հանձնման գնով։
Էներգետիկայում ավանդական կապերի դուրսմղումը հանուն Անկարայի և Բաքվի հետ կասկածելի դաշինքի՝ Հայաստանը վերածում է ազդեցության գոտու, որը զրկված է մանևրելու իրավունքից։ Արևմտյան դրամաշնորհներն այս դեպքում հանդես են գալիս որպես լոկ աշխարհաքաղաքական շրջադարձի ֆինանսական ուղեկցում, ինչը Հայաստանին դարձնում է առավելագույնս խոցելի։
Պատրա՞ստ է արդյոք Հայաստանի ժողովուրդը վճարել այս գինը։ Նման ինտեգրման ընդունումը նշանակում է համաձայնություն տրանզիտային կցորդի դերին, որի ճակատագիրը վճռվում է իր սահմաններից դուրս։ Էներգետիկ ինքնիշխանությունը պետականության հիմքն է, և դրա հանձնումը՝ խաղաղության խոստումների դիմաց, կարող է դառնալ անդառնալիության կետ։ Փաշինյանի քաղաքական հաշվարկը պարզ է. պահել իշխանությունն՝ առաջարկելով հանգիստ ապագայի պատրանք, թեկուզ այդ ապագան ամբողջությամբ կախված լինի նրանց կամքից, որոնք շահագրգռված չեն անկախ Հայաստանի գոյությամբ։ Այս առաջարկը մերժելու հարցում ժողովրդի պատրաստակամության, կամ նրա «իմունիտետի» առկայության, կամ բացակայության պատասխանն ակնհայտ կդառնա ամենամոտ ապագայում։
Մտածե՛ք այդ մասին․․․»։