Կմեղմվե՞ն արդյոք թանկացումների հետևանքներն առաջիկայում
14 Հունվարի 2026, 18:11
Հայաստանը բավական երկար ժամանակ է գտնվում թանկացումների ներքո։ Թեև սպառողական գների կուտակային ինդեքսն արդեն տևական ժամանակ կառավարելի ցուցանիշի ներքո է, սակայն առանձին ապրանքների և ծառայությունների պարագայում իրավիճակը «կառավարելի» անվանելն այնքան էլ օբյեկտիվ չի լինի։ Հատկապես այն դեպքում, երբ խոսքը վերաբերում է առաջին անհրաժեշտության ապրանքախմբերի թանկացումներին։
Եվ այսպես, 2025 թվականի հունվար-դեկտեմբերի կուտակային ցուցանիշը՝ սպառողական գների ինդեքսը (ՍԳԻ), 2024թ. նույն ժամանակահատվածի համեմատ կազմել է 3.3 %: Այդ թվում՝ սննդամթերքի գներն աճել են 5%-ով, ալկոհոլային խմիչքի և ծխախոտի ապրանքախմբի գները՝ 6%-ով, առողջապահական, տրանսպորտի և կրթական ծախսերը համապատասխանաբար՝ 3.4%, 4.8% և 8%։
Արդեն իսկ ՍԳԻ-ի որոշակի կառուցվածքը հուշում է, որ կուտակային 3.3%-ն օբյեկտիվ ու ամբողջական պատկեր չի հաղորդում: Բայց իրավիճակն առավել ցայտուն երևում է առանձին ապրանքախմբերի, հատկապես՝ առաջին անհրաժեշտության պարենամթերքի գների փոփոխություններն ուսումնասիրելիս:
Եվ այսպես, մսամթերքի 12-ամսյա գնաճը կազմել է 7.9%, այդ թվում, օրինակ, թռչնամիսը նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ թանկացել է 4.3 %-ով, իսկ նախորդ ամսվա՝ նոյեմբերի համեմատ՝ 2.4%-ով: Տավարի մսի պարագայում 12-ամսյա գնաճը կազմել է 11.7%, իսկ մեկ ամսվա ընթացքում թանկացումը՝ 7.4%։
Թանկացումների շարքը շարունակելի է նաև այլ պարենամթերքի պարագայում, ինչպիսիք են մակարոնեղենը, հացը, ձեթը, ձուն և այլն:
Նման թանկացումների պարագայում, սպառողական գների միջինացված կառավարելի ինդեքսն, անշուշտ, շարքային քաղաքացու համար որոշիչ ցուցանիշ չէ: Չկա միտում՝ պնդելու, որ դա կարևոր չէ, սակայն սոցիալական տեսանկյունից կարևոր է պատկերի ամբողջական ուսումնասիրումն, այդ թվում նաև՝ թանկացումների պատճառները:
Դրանք պայմանավորված են և՛ արտաքին գնաճային ճնշումներով, և՛ պահանջարկի աճի օբյեկտիվ գործոնով, և՛, իհարկե, հարկային վարչարարության խստացումների արդյունքով:
Պատճառներն՝ օբյեկտիվ, թե սուբյեկտիվ, արդյունք են առաջացրել շարունակվող թանկացումների տեսքով, ինչը պահանջում է սոցիալական հետևանքների մեղմում։ Բնական է, որ առաջին հերթին դա պետք է արտահայտվի բնակչության եկամուտների համընդհանուր աճով, որն օրինակելի դեպքում իրականացվում է ինդեքսավորման միջոցով, և առավելապես վերաբերում է սոցիալապես խոցելի շերտերին։
Այսօր հատկապես իրականացվող գործողությունների և քարոզչության թեման բավական զգայուն է, շատ դեպքերում՝ հասարակությանը շփոթեցնող։ Մի կողմից, օրինակ, կենսաթոշակների և ոչ միայն կենսաթոշակների քեշբեքներն են՝ իբրև դրանց բարձրացում, մյուս կողմից՝ հակառակ պնդումները, որ քարոզչությունն ու իրականությունը համարժեք չեն։
Հարկ ենք համարում շեշտել, որ խնդիրը որևէ կերպ հետ վերադարձվող գումարների կամ դրանց սոցիալական նշանակության նսեմացումը չէ մեր քաղաքացիների համար։ Խնդիրն, առաջին հերթին, տեխնիկական հագեցվածությունն է․ հարցադրումը, թե որքանով են այսօր բոլոր քաղաքացիներին հասանելի անկանխիկ գնումներ կատարելու պայմանները։ Եվ եթե մեր հանրության մեջ կա շերտ, որը դեռ ունի նման տեխնիկական խնդիրներ, ուրեմն արդեն իսկ խոսք լինել չի կարող այդ եղանակով եկամտի համընդհանուր բարձրացման մասին։
Իհարկե, նաև բարձրացման չափը։ Սա պարզ հարցադրում է, որի հասցեատերը ՀՀ քաղաքացին է․ արդյոք վերոնշյալ թանկացումների պարագայում հետ վերադարձվող գումարները կարող են սոցիալական խնդիր լուծել։ Ի դեպ, նման հարցադրում առաջանում է այն դեպքում, երբ խոսվում է կրկնապատիկ տնտեսական աճ ունենալու մասին։