«Լիլիթ». AUDIOBOOK
08 Փետրվարի 2025, 11:00
Alpha News-ի բացառիկ ուսուցողական նախագիծը՝ Audiobook-ը, ներկայացնում է Ավետիք Իսահակյանի «Լիլիթ» պոեմը։
Իսահակյանի հայտնի ստեղծագործությունը, որը հիմնված է հրեական լեգենդի վրա, գրվել է 1921 թվականին Վենետիկում։ Պոեմի հիմքում ընկած է սիրո, կրքի և անհասանելի իդեալի թեման:
Իսահակյանը պատմում է մի հրեղեն կնոջ մասին, որին Աստված արարել էր դեռ Եվայից առաջ՝ Ադամի մենությունը փարատելու համար։ Լիլիթը ստեղծվել էր կրակի բոցերից։ Նա հրաշագեղ մի էակ էր, որը խելքահան էր անում Ադամին։ Սակայն Լիլիթին Ադամը ամենևին չէր հետաքրքրում։ Նա իրեն համարում էր դրախտի ամենակատարյալ էակը, իսկ Ադամը հողեղեն էր, Լիլիթը չէր ուզում սիրել ու հնազանդվել նրան, ինչպես պատգամել էր Աստված։ Ավելին՝ կրակոտ Լիլիթը հրապուրվել էր սատանայով և ենթարկվում էր նրա կամքին։ Ադամը, որ կուրորեն և անվերապահ սիրով սիրում էր Լիլիթին, պատրաստ էր ներել և ընդունել հրեղեն էակին, սակայն Լիլիթն անդրդվելի էր, նա այդպես էլ չընդունեց Ադամին և հեռացավ սատանայի հետ։
Լիլիթը մարմնավորում է անհասանելի սերը, որը միաժամանակ գրավում և կործանում է։ Պոեմը խորհրդանշական է, և այն կարելի է մեկնաբանել տարբեր ձևերով, բայց հիմնականում այն խոսում է սիրո գայթակղության, մարդու ընտրության և ազատության մասին։