Բոլորը Վերնագիր Պարզ ճշմարտություններ Մեծ ռեպորտաժ Հարազատս հյուսիսից Հայ գրականություն. audiobook Թռիչք իմ տան վրայով Էթնիկ կոդ Բացահայտելով Շուշին Արցախյան բռնագաղթ ԱՐՑԱԽ․ ՀԱՅԱՍՏԱՆ․ ՆՈՐ ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳ | 2024. ի՞նչ է լինելու | Newsroom Alter Ego Alpha Economics 7 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից

Մարտունուց հասցրի մի շատ «թանկ» բան բերել ինձ հետ | Արցախյան բռնագաղթ. վկայություններ #39

21 Դեկտեմբերի 2023, 22:00

23-ամյա Արմանը Արցախում երկու տուն է կորցրել: Նախ 44-օրյա պատերազմի հետեւանքով Թաղավարդի իր հայրական տունը մնաց ադրբեջանական վերահսկողության տակ, հետո տեղափոխվեց քաղաք Մարտունի, իսկ 3 տարի անց հարկադրված դուրս եկան հայրենի Արցախից: Այնտեղ մնացին նաեւ Արմանի հոր, հորեղբոր ու տատիկի գերեզմանները:

«44-օրյա պատերազմից հետո ես աշխատանքի անցա գազալցակայանում: Շրջափակման ժամանակ ամեն օր 8 կմ ճանապարհ էի անցնում հեծանիվով, որ գործի հասնեմ: Սեպտեմբերի 19-ին տնօրենն ինձ ասաց, որ կարող եմ մի քիչ ուշ գործի գնալ: Ես այլ գործերով դուրս եկա քաղաք, հասա Մարտունու կենտրոն, էնտեղ հանդիպեցի ռազմական ոստիկանության բաժնի պետին, չհասցրեցինք նույնիսկ երկու բառ փոխանակել ու ռմբակոծությունը սկսվեց: Զանգեցի մորս, ասացի, որ վերցնի փաստաթղթերն ու պատսպարվի: Քաոս էր տիրում քաղաքում, իմ մտքով չէր անցի, որ 9-ամսյա շրջափակումից հետո մենք ստիպված կլինենք լքել Արցախը: Հասցրել եմ այնտեղից ինձ հետ բերել թերթերի տրցակ, որն ինձ համար շատ թանկ է: Ես 44-օրյա պատերազմի հետեւանքով զոհված տղաների մասին գիրք էի ուզում տպել, հավաքում էի նրանց կենսագրականները, 191 հայորդու մասին գրել էի արդեն, նրանք Մարտունի քաղաքի եւ դրա հարակից գյուղերից էին»,- պատմում է 23-ամյա Արմանը:

Մարտունի քաղաքն ըստ Արմանի՝ սկզբում թշնամու թիրախում չէր, բայց երեկոյան սկսվեց քաղաքի ռմբակոծությունը:

«Մեր նկուղի դիմաց արկ ընկավ, բարեբախտաբար, մենք չվնասվեցինք»,- հիշում է Արմանը:

Հրադադարից հետո տարբեր խոսակցություններ էին շրջանառվում քաղաքում: Արմանը լսել էր, որ 1 շաբաթից ավելի չեն կարող մնալ Արցախում, մեկ այլ խոսակցության համաձայն՝ մինչեւ հունվարի 1-ը կարող էին ապրել այնտեղ: Եվ հենց այդ անորոշության ու խուճապային տրամադրությունների պատճառով սեպտեմբերի 26-ին Մարտունու բնակչությունը տարհանվեց Ստեփանակերտ: Արմանի խոսքով՝ երկու օր մնացել են մայրաքաղաքի դպրոցներից մեկում, երրորդ օրն արդեն հարկադրված դուրս են եկել Արցախից:

«Մինչեւ հիմա չեմ կարողանում համակերպվել ու հաշտվել այդ իրողության հետ, մեծ ցավ եմ ապրում: Ամբողջ ճանապարհին հուզված էի, մտածում էի միայն հետդարձի մասին: Մեկ օրում հասանք Գորիս, ադրբեջանցիների վարքագիծը նորմալ էր, ես ապշած էի մնացել, իսկ երբ անցանք Հակարիի կամուրջը, ես կես մարդ դարձա, որովհետեւ մինչեւ էդ մեր Արցախի տարածքում էինք:

Իհարկե, մեզ էստեղ ջերմությամբ դիմավորեցին ԱԱԾ սահմանապահ զորքերը, սնունդ հյուրասիրեցին, մեզ մոտ մի քիչ հույս արթնացավ, որ լավ կլինի: Հետո գնացինք Գորիս, հաշվառվեցինք: Մեզ առաջարկեցին գնալ Գյումրի, ճանապարհին ասացին, որ հյուրանոց են տանում, բայց տարան Բենիամին գյուղի հարակից տարածք՝ «Կարկաչան» ռեստորանային համալիր, որը զուրկ էր տարրական պայմաններից: Ես զանգեցի հորեղբորս, խնդրեցի, որ մեզ Երեւան տեղափոխի: Եկանք էստեղ ու հենց նույն օրը տուն վարձեցի»,- պատմում է Արմանը:

Արմանը մասնագիությամբ բանասեր է: Ուսումն այստեղ շարունակում է Հայաստանի պետական մանկավարժական համալսարանում: 4-րդ կուրսում է սովորում: Վերապատրաստում է անցնում Երեւանի Նիկոլայ Գոգոլի անվան 35 հիմնական դպրոցում: Արմանը, սակայն, մտադիր է քաղաքականությամբ զբաղվել:

«Ուզում եմ վերադարձնենք, ազատագրենք Արցախը»,- ասում է 23-ամյա արցախցի տղան ու հույս փայփայում, որ կվերադառնա հայկական Արցախ:

Մանրամասները՝ տեսանյութում: