Միջազգային կառույցները վերանայում են ՀՀ տնտեսության կանխատեսումները
21 Հունվարի 2026, 18:00
Հայաստանում գրանցված տնտեսական բարձր աճի մասին խոսել ենք՝ ներկայացնելով, թե որոնք են հիմնական շարժիչ ուղղություններն ու ինչ ազդեցությունների ներքո են դրանք աճ գեներացնում: Բնական է, որ այդ աճն, անկախ պատճառներից, նկատելի է նաև միջազգային գործընկեր-կառույցների և վարկանիշային գործակալությունների կողմից: Վերջին շրջանում այդ կառույցների կողմից ՀՀ տնտեսության վերաբերյալ կանխատեսումների ու գնահատականների փոփոխության միտումներ են նկատվում՝ դրական տեղաշարժով:
Մասնավորապես, Արժույթի միջազգային հիմնադրամի մշտական ներկայացուցիչը 2025թ-ի տարեվերջին ներկայացրել է կառույցի որոշ գնահատականներ ՀՀ տնտեսության շուրջ: Վերջինս Հայաստանի տնտեսական աճի ներուժը գնահատել է 5%, ինչը փոքր-ինչ բարձր է նախկին գնատահականներից: Որպես այդ վերանայման գործոններ նշվել են ՌԴ-ից բարձր որակավորում ունեցող աշխատուժի ներհոսքը, ԱՄՀ ծրագրերի համատեքստում բարեփոխումների իրականացումը, փախստականների ինտեգրումը և խաղաղության օրակարգի ուղղությամբ քայլերի իրականացումը:
Անցնող օրերին Համաշխարհային բանկը ևս բարելավել է Հայաստանի 2025 և 2026թթ. տնտեսական աճերի վերաբերյալ կանխատեսումները: Որպես Հայաստանի տնտեսական աճին սպառնացող ռիսկ՝ ՀԲ զեկույցում նշվել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում պոտենցիալ անհաջողությունը:
Fitch գործակալությունն, իր հերթին, բարձրացրել է Հայաստանի վարկանիշի հեռանկարը՝ դարձնելով «Դրական»: Գործակալությունը ՀՀ տնտեսական աճի կայունությունն ու ռիսկերը կապել է Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացների հետ: Գործակալությունը զուգահեռ նշել է նաև այլ ռիսկեր, մասնավորապես՝ պետական բյուջեի դեֆիցիտի խնդիրը: Ըստ գործակալության՝ 2025 թվականին ընդհանուր կառավարության դեֆիցիտը կազմել է ՀՆԱ-ի 5.0%-ը, ինչը ցածր է բյուջեով նախատեսված 5.5%-ից, բայց դեռևս գերազանցում է «BB» միջնարժեքը (3.0%) և արտացոլում է կապիտալ ծախսերի և տոկոսային վճարումների նվազումը:
Գործակալությունն անդրադարձել է նաև պարտք/ՀՆԱ հարաբերակցության հարցին: Մասնավորապես, կառույցի գնահատմամբ, ՀՆԱ-ն 2025 թվականի վերջին աճել է մինչև 50,1%՝ կանխատեսելով դրա աստիճանական աճը հետագա տարիներին՝ մինչև 53,6%:
Հիշեցնենք նաև պետական պարտքի հետ կապված վիճակագրություն․ 2025թ. նոյեմբերի դրությամբ այն կազմել է 14 204,2 մլն դոլար՝ 2025 թվականի հոկտեմբերի 31-ի դրությամբ գրանցված 14 173,2 մլն դոլարի դիմաց։ Պետական պարտքի շարունակական աճի ռիսկերի մասին, հատկապես տնտեսական ոչ կայուն աճի պայմաններում, խոսել ենք բազմիցս:
Տնտեսական աճի կայունության խնդիր, ինչպես տեսնում ենք նկատելի է նաև վերոնշյալ գնահատականներում՝ պարզ պատճառով, որ այդ աճը կապվում է բավական անորոշ հայ-ադրեբջանական գործընթացներով: Իսկ այդ կապն, իհարկե, ունի օբյեկտիվ պատճառներ, բայց նաև՝ առնվազն բացառելի չեն քարոզչական նկատառումները: