Միրզոյանի բլեֆը ԵՄ-ի մասին ու ճշմարտությունը նոյեմբերի 9-ի հայտարարության սաբոտաժի մասին
21 Հոկտեմբերի 2025, 19:20
(ՀՀ արտաքին գործերի նախարարությունը «բարձրացնում է խաղադրույքները»)
«ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել DW պարբերականին, որում անդրադարձել է Հայաստանի արտաքին քաղաքականությանը, նրա հարաբերություններին ԵՄ-ի, Թուրքիայի, Ռուսաստանի և Ադրբեջանի հետ առնչվող մի շարք հարցերի։ Միրզոյանի շոշափած թեմաներից հայ փորձագիտական շրջանակներում առանձնահատուկ արձագանք են գտել նրա գնահատականները՝ կապված ԵՄ-ին Հայաստանի անդամակցելու պոտենցիալ հայտի, ինչպես նաև 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետի վերաբերյալ Ադրբեջանի դիրքորոշման մասին։
Անդրադառնալով նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունների իրագործման ձախողմանը՝ Միրզոյանը հայտարարել է, որ հայկական կողմի մոտ տպավորություն էր ստեղծվել, թե ադրբեջանական կողմը փորձում էր Սյունիքի այդ տարածքին հաղորդել էքստերիտորիալ միջանցքի որոշակի հատկանիշներ։ «Օրինակ, նրանք պահանջում էին այդ երկաթուղու վրա տեղակայել երրորդ երկրի Զինված ուժեր։ Ես հիշում եմ, թե ինչպես էին նրանք խոսում այն մասին, որ ռուսական զորքերը պետք է տեղակայվեն երկաթուղու երկայնքով։ Դա, իհարկե, անընդունելի էր մեզ համար։ Չկա ոչ մի միջանցք, այլ կա «Թրամփի երթուղին» հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման»», – նշել է նա։
Բազմիցս արդեն նշվել է, որ 2020 թվականի նոյեմբերի 10-ից սկսած Բաքվի տարածաշրջանային քաղաքականության հիմնական նպատակներից մեկը եռակողմ փաստաթղթի «ապամոնտաժումն էր»։ Բաքուն տեղեկատվական դաշտում լարում էր մթնոլորտը՝ Երևանից պահանջելով տրամադրել Լաչինի միջանցքի նույն սկզբունքներով գործող միջանցք։ Հայաստանը (որը, ինչպես շատերին պարզ կդառնա արդեն 2025 թվականի օգոստոսին), դեմ չէր միջանցքի տրամադրմանը, սակայն դեմ էր կոմունիկացիաների անվտանգության ապահովմանը ռուսական մասնակցությանը և այդ պատճառով սաբոտաժի ենթարկեց պայմանավորվածությունների իրականացումը։ Հայաստանի հրաժարումն այս հարցից ոչնչացրեց Արցախի պահպանման բանալին։ Պայմանավորվածությունների իրագործման ձախողումը Բաքվին անհրաժեշտ էր, որպեսզի հիմք ունենա չկատարելու նոյեմբերի 9-ի հայտարարության առաջին 8 կետերը, որոնք թույլ էին տալիս Արցախը պահպանել։ Ընդ որում, էքստերիտորիալ միջանցքի պահանջից Ադրբեջանը չհրաժարվեց։
Ավելին, 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետն ավելի շահեկան էր Վաշինգտոնյան պայմանավորվածություններից, ավելի շահեկան էր «Թրամփի երթուղուց», քանի որ առնվազն այն նախատեսում էր ԲՈԼՈՐ տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակում առանց առանձին երթուղու հատկացման և օգտագործում էր «անխոչընդոտ տեղաշարժ» (ռեժիմ) եզրույթը, այլ ոչ թե «անխոչընդոտ ճանապարհ» (հատուկ վերահսկողություն)։
Ինչ վերաբերում է ԵՄ անդամակցության հայտի մասին հայտարարությանը, Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ Հայաստանը կարող է դիմել Եվրոպական միություն՝ անդամակցելու հայտով արդեն մեկ ամսից, կամ հնարավոր է՝ հաջորդ տարի։ «Երբ կոնկրետ կդիմենք, հստակ ասել չեմ կարող։ Հնարավոր է, դա տեղի ունենա հաջորդ ամիս, իսկ գուցե՝ հաջորդ տարի։ Դա կախված է բազմաթիվ գործոններից։ Բայց, ինչպես արդեն նշեցի, դա մեր պաշտոնական քաղաքականությունն է»,- ասել է Միրզոյանը։
ՌԴ-ն բազմիցս հայտարարել է, որ ԵՄ-ին և ԵԱՏՄ-ին միաժամանակ անդամակցելը տեխնիկապես անհնար է, մատնանշել է, որ հայկական օրենսդրության մեջ արդեն իսկ առաջացել են տարբերություններ Եվրասիական միության նորմերից՝ եվրոպական չափանիշներին հարմարվելու փորձի պատճառով։ Այժմ, սակայն, հռչակվում է ԵՄ անդամակցության պաշտոնական կուրսը։
Շատ բան ցույց է տալիս, որ Նիկոլ Փաշինյանը ցանկանում է հասնել ոչ միայն ԵԱՏՄ կողմից պատժամիջոցների՝ ինտեգրացիոն միավորման նորմերը խախտելու համար, այլև հրահրել երկրի վտարումը Միությունից, որպեսզի հայտարարի, թե «մենք չենք դուրս եկել ԵԱՏՄ-ից, այլ ԵԱՏՄ-ն է դուրս եկել Հայաստանից»։ Երկիրը տանում են մի իրավիճակի, երբ ԵԱՏՄ-ի և ՌԴ-ի հետ տնտեսական կապերը կխզվեն, թուրքական շուկայի և ապրանքների այլընտրանք չի մնա, իսկ «եվրաինտեգրման» արդյունքը կլինի թյուրքական աշխարհում լուծվելը։ Սակայն այս մասին ո՛չ Փաշինյանը, ո՛չ Միրզոյանը դեռևս չեն համարձակվում բաց տեքստով հայտարարել։
Մտածե՛ք այդ մասին․.․»։