Մոսկվան ուրվագծեց ԵՄ-ի հետ Երևանի ինտեգրման ռազմական ռիսկերը
06 Փետրվարի 2026, 12:00
(«Եվրոպական ընտրության գինը»)
«Մոսկվայի և Երևանի ներկայիս հարաբերությունները դուրս են եկել դիվանագիտական քաղաքավարության տիրույթից և տեղափոխվել աշխարհաքաղաքական ընտրության հետևանքների մասին առավել քան կոնկրետ նախազգուշացումների դաշտ: Խաղի նոր կանոնները մատնանշող առանցքային խոսնակը դարձավ ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, ում խոսքերը փաստացիորեն սահմանազատման գիծ են քաշում տնտեսական պրագմատիզմի և ուղղակի առճակատման ուղի մտնելու միջև:
Նրա հիմնական ուղերձը զուրկ է երկիմաստությունից. Հայաստանի համար ժամանակն է դադարել Եվրամիությանը նայել անցյալ տասնամյակների «վարդագույն ակնոցով»: Օվերչուկը շեշտում է այն փաստը, որ ներկայիս ԵՄ-ն արագորեն կորցնում է առևտրային միավորման իր նախնական բնույթը՝ վերածվելով կոշտ ռազմաքաղաքական բլոկի: Սա սկզբունքային շրջադարձ է, որը Երևանը պարտավոր է հաշվի առնել՝ նախքան Բրյուսելի ուղղությամբ քայլեր ձեռնարկելը:
Ռուսաստանի փոխվարչապետը հայ հասարակության առջև դնում է մի կոշտ հարց, որը մինչ այս ջանասիրաբար շրջանցում էին տեղի քաղաքական գործիչները. պատրա՞ստ է արդյոք Հայաստանի ժողովուրդը փաստացիորեն միանալ մի դաշինքի, որը բացահայտորեն թշնամական է Ռուսաստանի նկատմամբ: «Պատրա՞ստ են արդյոք հայերը միանալ մի ռազմաքաղաքական միության, որն այսօր շատ ագրեսիվ է տրամադրված Ռուսաստանի Դաշնության նկատմամբ: Երևի թե հայերը նույնպես պետք է իրենց տան նման հարց»,- նշում է Օվերչուկը:
Ռուսաստանի փոխվարչապետն ընդգծում է, որ ընտրությունը հօգուտ Եվրամիության՝ իր ներկայիս տեսքով, ոչ թե ներդրումների, այլ ՌԴ-ի դեմ ագրեսիային (հնարավոր է նույնիսկ ռազմական) մասնակցելու պատրաստակամության հարց է: Հաշվի առնելով Բրյուսելում ընթացող քննարկումներն այն մասին, որ Մոսկվայի նկատմամբ պատժամիջոցային և քաղաքական ճնշումը պետք է պահպանվի անվերջ երկար՝ նույնիսկ Ուկրաինայում պատերազմի ավարտից հետո, Հայաստանին փորձում են ներքաշել Եվրոպայի՝ ընդդեմ ՌԴ-ի դիմակայության «նոր փուլի» մեջ: Ցանկանո՞ւմ է արդյոք Հանրապետության շարքային քաղաքացին դառնալ ռեսուրս այդ պայքարում և զոհվել հանուն օտար շահերի: Փոխվարչապետն ուղղակիորեն խոսում է երկու աթոռի վրա նստելու անհնարինության մասին. տեխնիկապես և քաղաքականապես անհնար է գտնվել երկու անհամատեղելի ինտեգրացիոն համակարգերում, հատկապես, երբ դրանցից մեկն իր առջև նպատակ է դրել ոչնչացնել մյուսին:
Այս դիրքորոշումը տրամաբանորեն լրացնում և ուժեղացնում է Սերգեյ Լավրովի վերջերս ներկայացրած դիվանագիտական վերլուծությունը: ՌԴ ԱԳ նախարարն ընդգծում է, որ Բրյուսելի և Վաշինգտոնի թվացյալ բարի մտադրությունների հետևում կանգնած է սառը հաշվարկը: «Նրանց համար այս տարածաշրջանը, որի հետ Ռուսաստանը պատմականորեն և անխզելիորեն կապված է, ոչ ավելին է, քան պոտենցիալ «ցավոտ կետ», որի վրա սեղմելով կարելի է փորձել վնասել Մոսկվային»,- նշում է Սերգեյ Լավրովը:
Ընդհանուր առմամբ, ապշեցնում է եվրոպական էլիտաների կողմից իրողությունների ընկալման պարադոքսը: Այն դեպքում, երբ Բրյուսելն ակտիվորեն դրդում է Երևանին խզել կապերը Ռուսաստանի հետ՝ «դիվերսիֆիկացման» պատրվակով, բարձրաստիճան եվրոպացիներն իրենք զարմանալի զգուշավորություն են ցուցաբերում սեփական անվտանգության հարցերում: Սրա վառ օրինակն է Կայա Կալասի դիրքորոշումը, ով բացահայտորեն մտահոգություն է հայտնում ԵՄ միասնական բանակի ստեղծման կապակցությամբ:
Նրա տրամաբանությունը պարզ է. գոյություն ունեցող ՆԱՏՕ-ին զուգահեռ պաշտպանական կառույցներ ստեղծելու փորձը կհանգեցնի նրան, որ Եվրոպան կհայտնվի «երկու կրակի արանքում»: Այսինքն՝ Կալասը սարսափում է հենց այն անորոշությունից և ռեսուրսների փոշիացումից, որոնց մեջ Բրյուսելն այդքան համառորեն ներքաշում է Հայաստանին: Ստացվում է՝ այն սցենարը, որը եվրոպական առաջնորդները մահացու վտանգավոր են համարում իրենց համար, Հայաստանին մատուցում են որպես «առաջադեմ ուղի»:
Մոսկվան Օվերչուկի և Լավրովի հայտարարությունների միջոցով հասկացնում է, որ դեպի Արևմուտք անհետևանք շարժվելու պատրանքը վերջնականապես ցրված է: Եթե Օվերչուկը բացահայտում է ինստիտուցիոնալ թակարդը, որտեղ ԵՄ-ն վերածվում է ռազմական մեքենայի, ապա Լավրովը հիշեցնում է անվտանգության ֆիզիկական երաշխիքների մասին: Ռուսական կողմն ուղղակիորեն նշում է, որ ՀԱՊԿ համակարգի քանդումը և 102-րդ բազայի դուրսբերումը չեն հանգեցնի որևէ «եվրոպական վահանի» հայտնվելուն:
Ընդհակառակը, Հայաստանը կմնա դեմ առ դեմ տարածաշրջանային խաղացողների, նախևառաջ՝ Թուրքիայի հետ՝ անվտանգության լիակատար վակուումի պայմաններում: Ռուս պաշտոնյաների նախազգուշացումը հնչում է որպես իրականությանը վերադառնալու վերջնական կոչ. ԵՄ-ի հետ խաղերը այսօր ոչ թե ժողովրդավարության ընտրություն են, այլ անդամակցություն մի ռազմաքաղաքական միության, որը տրամադրված է Ռուսաստանի դեմ պատերազմի: Ու այդ քայլի հետևանքները հայկական պետականության համար կունենան անդառնալի, համալիր բնույթ՝ երկիրը գործընկերոջից վերածելով լեգիտիմ թիրախի գլոբալ հակամարտության շրջանակներում:
Մտածե՛ք այդ մասին…»։