Բոլորը Վերնագիր Պարզ ճշմարտություններ Չպատմված պատմություն Ուշադրությունից դուրս Մեծ ռեպորտաժ Հյուրընկալ Մոսկվան Հարազատս հյուսիսից Հայկական զատկի սեղան Գայանե Բրեյովայի հետ Հայկական ամանորյա սեղանը Գայանե Բրեյովայի հետ Հայ գրականություն. audiobook Իրական Թուրքիա Ինսթաֆեյս Ժողովուրդն է խոսում Թռիչք իմ տան վրայով Էթնիկ կոդ Բացահայտելով Շուշին Բարի հայկական երեկո Արցախյան բռնագաղթ Աշխարհակարգ 2.0 Newsroom Alter Ego Alpha Զրուցակից Alpha Economics Alpha Analytics 7 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 5 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 2025. ի՞նչ է լինելու | Արցախ․ Հայաստան․ Նոր աշխարհակարգ 2024. ի՞նչ է լինելու | Արցախ․ Հայաստան․ Նոր աշխարհակարգ

Նավթի շուկայում տատանումները նոր ճգնաժամ կարող են առաջացնել

24 Հունիսի 2025, 19:50

Կիրակի օրը հայտնի դարձավ, որ Իրանի խորհրդարանն ունի որոշում՝ Հորմուզի նեղուցը փակելու վերաբերյալ: Վերջնական որոշումն Ազգային անվտանգության խորհրդինն է: Չնայած այդ հանգամանքին, առավել քան կանխատեսելի էր, որ անգամ մտադրության մասին հայտարարությունն իր համապատասխան ազդեցություններն ունենալու է նավթի համաշխարհային գների վրա:

Ազդեցությունը չուշացավ, և երկուշաբթի առավոտյան նավթի գներն էական աճել են։

Մասնավորապես, Brent տեսակի նավթն առևտուրը սկսեց 5.7 % գնաճով, WTI տեսակը՝ մոտ 2 % աճով. նավթի գինը գերազանցեց մեկ բարելի դիմաց 81 դոլարը: Պետք է նշել, սակայն, որ կեսօրից հետո գների որոշակի ճշգրտում դեպի ներքև նկատվեց՝ համախատասխանաբար 0,69 %-ով և 1,9 %-ով: Գների նման տատանողականությունը բնորոշ է այս շուկային՝ հաշվի առնելով այն, որ շուկան արձագանքեց մտադրությանը, իսկ փաստը դեռ չկա: Մյուս կողմից, կան գնահատականներ, որ, այնուամենայնիվ, չի սպասվում նեղուցի ամբողջական փակում Իրանի կողմից:

Միանշանակ է՝ այժմ շուկաները գտնվում են խիստ ցնցումների ներքո և այդ տատանողականությունը դեռ կպահպանվի: Միաժամանակ, իսրայելական հարձակումից ի վեր նավթի նշված տեսակների գներն ավելացել են համապատասխանաբար՝ 13 և 10 տոկոսով:

Իսկ ինչպիսի՞ կայուն զարգացման ներքո կհայտնվի աշխարհը՝ կախված է զարգացման սցենարներից: Հումանիտար և ռազմական բաղադրիչից զատ, տնտեսական առումով վատթարագույն սցենարը շարունակում է մնալ Հորմուզի նեղուցի արգելափակումը, որի պարագայում նավթի գների աճի շատ տարատեսակ գնահատականներ կան՝ սկսած 130-150 դոլարի շեմին հասնելու վերաբերյալ կանխատեսումներից, մինչև ընդհուպ 200 դոլարի շեմի գերազացնում:

Ցանկացած պարագայում՝ նավթի և հետևաբար էներգակիրների գների աճն անխուսափելի է, առնվազն՝ կարճաժամկետում: Դա, իհարկե առաջին հերթին ուղիղ հարված է տրանսպորտի փոխադրումների գների վրա, ինչը կհանգեցնի լայն ապրանքային շուկաների գնաճի: Գնաճի առիթ կդառնան նաև լոգիստիկ վերադասավորումները: Արտադրական ծախսերը ևս գնաճային ճնշումներ կառաջացնեն: Համաշխարհային տնտեսության վրա էական ազդեցություններ նման իրավիճակում կարելի է սպասել եվրոպական, ասիական, հատկապես չինական շուկաներից: Ընդհանուր առմամբ, սա տնտեսական աճի տեմպի դանդաղման հերթական ճգնաժամը կլինի:

Ո՞վ կտուժի կամ առավելապես կտուժի նման իրավիճակից: Նախ սկսենք նրանից, որ նավթի գների կտրուկ աճ թեև կանխատեսվում է, բայց դա ևս շատ հստակ չէ: Կարճաժամկետում, ինչպես այս օրերին, իհարկե դա ակնհայտ է: Սակայն ավելի երկարաժամկետում գուցեև՝ ոչ: Նախ, Սաուդյան Արաբիան կարող է մեծացնել արդյունահանման ծավալները, մյուս կողմից տնտեսության դադաղումն ինքնին կհանգեցնի պահանջարկի կրճատման:

Եթե կարճաժամկետ կտրվածքով դիտարկելու լինենք, ապա մեծապես տուժում են այս նեղուցով հիմնական մատակարումներ ստացող երկրները՝ Չինաստանը, որն օրական մոտ 5.4 մլն բարել նավթ է ձեռք բերում, Հնդկաստանը՝ 2.1 մլն բարել, Հրվ․ Կորեան՝ 1.7 մլն բարել, Միացյալ Նահանգները՝ 0.4 մլն և Եվրոպան՝ 0.5 մլն բարել: Հարմար իրավիճակ է նավթի և գազի արդյունահանման եկամուտները բյուջեի հիմքում ունեցող երկրների համար, բայց այդ հարմար վիճակը ևս կարծես թե խիստ ժամանակավոր է, քանի որ նման սցենարի դեպքում համաշխարհային տնտեսությունից եկող բացասական ազդակները շատ ավելի մեծ կլինեն:

Ի դեպ, հետաքրքիր է այն, որ, ըստ տեղեկատության, նույն Իրանը հունիսի 13-ից հետո հինգ օրերի ընթացքում օրական 2.33 մլն բարել նավթ է արտահանել, որը միջինից 44 տոկոսով ավելի է: Դա Իրանն անում է նավթի աճող գների ֆոնին՝ հետապնդելով նպատակ նախ ռեսուրսների վերաբաշխման, մյուս կողմից՝ արտահանման հնարավորությունները մաքսիմալ օգտագործելու: Բայց հասկանալի է, որ նման իրավիճակը նույն Իրանի համար դժվար է դրական համարել: Այլ մասշտաբներով, բայց նույնը կարելի է ասել նաև այլ երկրների համար, որոնց, թվում է, ձեռնտու է նավթի գների աճը:

Եվ եթե ամփոփենք, ապա համաշխարհային տնտեսության նոր ճգնաժամի հավանականությունը մեծ վնաս կհասցնի բացառապես բոլորին, այդ թվում մեզ՝ որպես ներմուծող երկրի, և որպես երկրի, ում համար Իրանն ու Իրանի հետ մի շարք նախագծեր ունեն կենսական կարևորություն: