Բոլորը Վերնագիր Պարզ ճշմարտություններ Չպատմված պատմություն Ուշադրությունից դուրս Մեծ ռեպորտաժ Հյուրընկալ Մոսկվան Հարազատս հյուսիսից Հայկական զատկի սեղան Գայանե Բրեյովայի հետ Հայկական ամանորյա սեղանը Գայանե Բրեյովայի հետ Հայ գրականություն. audiobook Իրական Թուրքիա Ինսթաֆեյս Ժողովուրդն է խոսում Թռիչք իմ տան վրայով Էթնիկ կոդ Բացահայտելով Շուշին Բարի հայկական երեկո Արցախյան բռնագաղթ Աշխարհակարգ 2.0 Newsroom Alter Ego Alpha Զրուցակից Alpha Economics Alpha Analytics 7 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 5 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 2025. ի՞նչ է լինելու | Արցախ․ Հայաստան․ Նոր աշխարհակարգ 2024. ի՞նչ է լինելու | Արցախ․ Հայաստան․ Նոր աշխարհակարգ

Ներդրումներն այդպես էլ չհորդեցին Հայաստան

31 Հոկտեմբերի 2025, 18:15

Հայաստանում օտարերկրյա ուղղակի ներդրումներ գրեթե չկան։ Այս տարվա հունվար-հունիսին օտարերկրյա ուղղակի ներդրումները կազմել են 5 մլրդ դրամ։ Սա, իհարկե վեց ամսվա կտրվածքով, ցածր ցուցանիշ է։ Նշենք, որ ՌԴ-ից, ԱՄԷ-ից և Կիպրոսից ներդրումներ նունպես նվազել են։ Ամենաշատը ՌԴ-ից Հայաստան եկող օտարերկրյա ուղղակի ներդրումներն (ՕՈԻՆ) են կրճատվել։ Փաստացի, Հայաստանը ներդրումների համար գրավիչ չէ։

Տեսականորեն ներդրումային միջավայրի ձևավորման և ըստ այդմ ներդրումային գրավչության բարձրացման հիմնական գործոնները մի քանիսն են՝ բիզնես միջավայրը, հարկային համակարգը, արդարադատությունը, քաղաքական ու անվտանգային կայունությունը։ Նշված գործոններից գրեթե բոլորի մասով մենք ունենք խնդրահարույց վիճակ։

Միաժամանակ վերջին տարիների դինամիկան, այդ ամենով հանդերձ, հետաքրքիր պատկեր է ցույց տալիս։

Նախ, նկատենք, որ 2017թ-ի համեմատ ՕՈԻՆ-երի հոսքը նշված ժամանակահատվածում 3 անգամ պակասել է։ Միաժամանակ որոշակի ակտիվություն նկատվել է 2018-ին՝ հավանաբար քաղաքական փոփոխություններին հաջորդած դրական սպասումների ֆոնին, ապա՝ կրկին նվազել է՝ համապատասխանաբար առաջացած հիասթափության ֆոնին։

Զգալի աշխուժություն նկատվում է 2022-2023թթ-ին՝ պայմանավորված ռուս-ուկրաինական զարգացումներով և հատկապես ՌԴ-ից Հայաստան կապիտալի հոսքով։ Արդեն 2024թ-ին ունենք բացասական ցուցանիշ։ Մենք այդ ժամանակ անդրադարձել ենք թեմային՝ մտավախություն հայտնելով, որ չի բացառվում կապիտալի արտահոսք ՀՀ-ից։ Միանշանակ գնահատական տալն իհարկե բարդ է, քանի որ կապիտալի արտահոսքը ոչ միշտ կարող է նշանակել կապիտալի դուրս բերում, հնարավոր է , որ պարզապես գործ ունենք գործող ընկերությունների շահույթից դիվիդենտների դուրս բերման հետ, բայց արդեն այս տարվա վեց ամիսների համար ընդամենը 5 մլրդ դրամի ուղղակի ներդրումները վկայում են խնդիրների մասին։

Իսկ խնդիրները, եթե բանաձևային ձևակերպենք, Հայաստանի ներդրումային ցածր գրավչությունն է։

Վերևում նշեցինք այն գործոնները, որոնք ձևավորում են այդ ներդրումային միջավայրը։ 2018թ-ից հետո, ըստ էության, Հայաստանը ոչ քաղաքականանապես, և ոչ էլ՝ անվտանգային առումով կայունություն չունի։ Բայց կարծում ենք, որ նշված գործոններից զատ կա նաև մեկը, որն այս դեպքում է, որը բացասական ազդեցություն է թողնում ներդրումային միջավայրի վրա։ Իհարկե խոսքն օտարերկրյա կապիտալով աշխատող ընկերությունների նկատմամբ իրականացված ռեպրեսիվ գործողություններն են, մասնաբաժինների՝ պետությանն անհասկանալի նվիրատվությունները, և օրինակ ՀԷՑ-ի՝ հապճեպ, ակնհայտորեն քաղաքական դրդապատճառներով և տնտեսապես չհիմնավորված ազգայնացման գործընթացները։ Այսինքն՝ ձևավորվել է բացասական նախադեպ։

Եվ վերջում, նորից անդրադառնանք մինչև այս իշխանությունները եղած պատկերին։ Այսօրվա ընթացիկ ցուցանիշները երեք անգամ զիջում են 2017թ-ի ցուցանիշին, այն դեպքում, երբ վստահեցնում էին՝ նախկինների չլինելուն պես, ներդրումները կհորդեն Հայաստան։