Նիկոլ Փաշինյանը «բժշկից թուղթ է բերել»
26 Դեկտեմբերի 2024, 11:00
(Կարո՞ղ է այնպես ստացվել, որ «բժշկի» անունը Ռեջեփ Թայիփ Էրդողան է)
Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանն Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն, որում մասնավորապես ասվում է.
Դեկտեմբերի 25-ի առավոտը սկսվեց այն լուրով, որ Նիկոլ Փաշինյանի կորոնավիրուսի թեստը դրական է եղել: Ավանդույթի համաձայն, Փաշինյանը այս մասին հայտնել է իր սոցիալական ցանցերի էջերում:
«Երկուշաբթի՝ դեկտեմբերի 23-ին, քովիդի դրական ախտորոշում եմ ունեցել: Դեկտեմբերի 23-ին և 24-ին մեկուսացել և աշխատել եմ կեցավայրից: Դեկտեմբերի 25-ին ախտորոշումս արդեն բացասական է և վերադառնում եմ աշխատանքային սովորական ռեժիմի: Այսուհանդերձ, նաև խորհրդակցելով գործընկերների հետ, չեմ մասնակցի այսօր Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ երկների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին: Մինչև օրվա վերջ որոշում կկայացնեմ վաղը ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին մասնակցել-չմասնակցելու վերաբերյալ», – նշել է Փաշինյանը Facebook–յան իր էջում։
Նշանակալից է, որ «Փաշինյանի թեստը դրական է եղել» այն բանից հետո, երբ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի շրջանակներում Վլադիմիր Պուտինի և Նիկոլ Փաշինյանի առանձին հանդիպում չի նախատեսվում:
Իսկ երբ նույն Պեսկովն ասաց, որ Մոսկվան ակնկալում էր, որ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի խորհրդի աշխատանքներին, բայց տեսակապի միջոցով, «անսպասելիորեն» Փաշինյանի երկրորդ թեստը նույնպես դրական արդյունք տվեց։
Հիմա փորձենք վերլուծել իրավիճակը նրա տարբեր դրսևորումների տեսանկյունից:
Նախ, 2024 թվականին Հայաստանը նախագահում էր Եվրասիական տնտեսական միության մարմիններում, ինչը նշանակում էր, որ Երևանը կարող էր ընդունել ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարների գագաթնաժողովը: Սակայն դա ոչ միայն տեղի չունեցավ, այլև Նիկոլ Փաշինյանը ի վերջո չի մասնակցի գագաթնաժողովին, որը կանցկացվի ՌԴ տարածքում: Փաստորեն, ԵԱՏՄ նախագահությունը «Փաշինյանի ձեռամբ» դարձավ ձևական:
Երկրորդ, Փաշինյանի ներկայիս քաղաքականության հիմքը հանդիսանում է 1991 թվականի դեկտեմբերի 21-ին ԱՊՀ շրջանակներում ընդունված Ալմա-Աթայի հռչակագիրը: Հղում կատարելով այս հռչակագրին՝ Փաշինյանը փորձում է արդարացնել այն, որ անձամբ նա 2022 թվականի հոկտեմբերի 6-ին հանձնել է Արցախը Ադրբեջանին: Բայց, անտեսելով ԱՊՀ շրջանակներում անցկացվող միջոցառումը (միայն այն պատճառով, որ Պուտինը հրաժարվել է նրա հետ անձնական երկկողմ հանդիպումից), Փաշինյանը, ըստ էության, բոյկոտում է, սաբոտաժի ենթարկում ԱՊՀ աշխատանքը:
Նա կասկածի տակ է դնում այս կազմակերպության լեգիտիմությունը, հետևաբար նաև նրա գործունեության շրջանակներում ընդունված փաստաթղթերը: Փաշինյանը ոչ միայն կտրում է այն ճյուղը, որի վրա նստած է, այլև վառ կերպով ցույց է տալիս, որ երբ ոտնահարվում են իր անձնական շահը, նա պատրաստ է մոռանալ պետության շահերի մասին:
Երրորդ, Սիրիայում տեղի ունեցած իրադարձությունները ստիպեցին մի շարք ռուս ռազմական լրագրողների, քաղաքագետների, փիլիսոփաների, փորձագետների և քաղաքական գործիչների նշել, որ Անկարայի գործողությունները՝ ՌԴ շահերին հակընդդեմ մեծացնում են Անկարայի և Մոսկվայի միջև նոր առճակատման հավանականությունը: Առճակատում, որը կարող է վերածվել հերթական ռուս-թուրքական պատերազմի:
Նման պայմաններում օրինական է դառնում հետևյալ հարցը՝ հնարավոր է արդյոք, որ «բժիշկը», որը Փաշինյանին տվել է «հիվանդության մասին տեղեկանքը» Ռեջեփ Թայիփ Էրդողանն՞ է:
Մտածե՛ք այդ մասին…