Ո՞ր երկրներից են ավելացել դեպի Հայաստան դրամական փոխանցումները
25 Մարտի 2026, 18:00
Այս տարվա հունվարին դրամական փոխանցումները դեպի Հայաստան կազմել են 499 403 հազար դոլար՝ 2025թ․ հունվարի 377 512 հազար դոլարի համեմատ: Հունվարին դրամական փոխանցումները նախորդ տարվա նույն ամսվա համեմատ աճել են 12 891 հազար դոլարով՝ մոտ 32%-ով: Նշենք նաև, որ զուտ ներհոսքը՝ ներհոսքի և արտահոսքի տարբերությունը, գրեթե 9 անգամ աճել է: Ստացվում է, որ այս տարվա հունվարին դեպի Հայաստան փոխանցված և այստեղ մնացած գումարներն 9 անգամ գերազանցել են նախորդ տարվա հունվարի ցուցանիշը:
Պետք է նշել, որ դրամական փոխանցումների զուտ ներհոսքի թվում ոչ առևտրային դրամական փոխանցումների ընդհանուր ծավալը ևս ավելացել է՝ նախորդ տարվա հունվարի համեմատ 43,7 տոկոսով: Հիշեցնենք, որ ոչ առևտրային փոխանցումները ներառում են արտերկրից ստացվող նվիրաբերությունները, թոշակները, նպաստները և դրսից ստացվող աշխատավարձերը: Պարզ ասած՝ դրանք սպառման համար նախատեսված գումարներ են: Հատկանշական է, որ դրամական փոխանցումների 43,7% աճը հիմնականում պայմանավորված է Ռուսաստանի Դաշնությունից եկող հոսքերի մոտ 43% աճով, իսկ ավելի փոքր ազդեցություն ունեցել է ԱՄՆ-ից գրանցված 7,6% աճը:
Ինչպես միշտ, այս տարվա հունվարին դեպի Հայաստան փոխանցումների առաջատար եռյակը կրկին կազմել են Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան։ Ռուսաստանը բացարձակ առաջատար է թե՛ զուտ ներհոսքի, թե՛ ոչ առևտրային փոխանցումների մասով։
Պետք է նշել, որ մասնավոր դրամական փոխանցումները, որպես անմիջապես տնտեսություն մտնող «կենդանի փող», մեծ նշանակություն ունեն ոչ միայն սոցիալական տեսանկյունից, այլև տնտեսության համար՝ որպես պահանջարկի ավելացման աղբյուր, ֆինանսաբանկային համակարգի զարգացման խթան և դեպի երկիր արտարժույթի հիմնական աղբյուրներից մեկը։ Սոցիալական դերակատարությունն առավել մեծ է այն ընտանիքների համար, որոնց դեպքում այս գումարները կամ եկամտի միակ աղբյուրն են, կամ կենսամակարդակը պահպանող հիմնական գործոնը:
Դրամական փոխանցումներից մեծ կախվածությունը ունի նաև ռիսկեր, որոնք պահանջում են լուծումներ։ Սակայն ցավալի կլինի պատկերացնել մի իրավիճակ, երբ որևէ ֆորս-մաժորային հանգամանքով պայմանավորված հիմնական աղբյուրներից, մասնավորապես, Ռուսաստանի Դաշնությունից, եկող հոսքերը կտրուկ կրճատվեն։ Ժամանակի ընթացքում սեփական տնտեսության ներուժի և արտադրողականության աճի հաշվին նման կախվածության թուլացումը ցանկալի սցենար է։ Սակայն, օրինակ, հակառուսական քաղաքականության հետևանքով նման սցենարի հանկարծակի իրականացումը կարող է սոցիալական լուրջ լարվածություն առաջացնել:
Եվ այս պարագայում առաջանում է պարզ հարցադրում․ հաշվարկվա՞ծ են արդյոք նման սցենարների հետևանքները և մշակվա՞ծ են սոցիալական խնդիրների լուծման պատշաճ մեխանիզմներն՝ այսօրվա իրականացվող արտաքին քաղաքականության համատեքստում։ Ունե՞նք արդյոք դիմադրողականության բավարար մակարդակ։ Խոսքն, իհարկե, վերաբերում է օբյեկտիվ և բազմակողմանի հաշվարկներին՝ անկախ այս կամ այն բևեռի նկատմամբ ունեցած վերաբերմունքից: