Ո՞ւմ աշխատավարձն է բարձրացել և հաղթահարվո՞ւմ է գնաճը
28 Փետրվարի 2025, 19:30
Հայաստանում միջին ամսական աշխատավարձի աճի թեզը և նաև պնդումը, թե դա ավելի արագ է բարձրացել, քան գնաճն, առնվազն հարցադրման տեղիք է տալիս. իսկ ու՞մ աշխատավարձն է ավելի արագ բարձրացել:
Սկսենք գնաճից: Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ սպառողական գների ինդեքսը 2025թ-ի հունվարին կազմել է 1,7%: Ցուցանիշը կուտակային է և ամբողջությամբ չի արտացոլում առանձին ապրանքատեսակների թանկացումների պատկերն, ուստի ուսումնասիրենք որոշակի բացվածքի ներքո:
Ըստ այդմ՝ սննդամթերքի ապրանքախմբում 12-ամսյա գնաճը կազմել է 2.5 %, խմիչքն ու ծխախոտը թանկացել է 3.7 %-ով, առողջապահությունն ու տրանսպորտը՝ 3.2 %-ով, կրթությունը՝ 7.8 %-ով: Ոչ պարենային ապրանքախմբերում, հիմնականում, գնանկում է նկատվել:
Ինչ վերաբերում է առաջին անհրաժեշտության պարենամթերքներից որոշներին, ապա հացն, օրինակ, 2024թ, հունվարի համեմատ թանկացել է 2.1%-ով, կարագն ու բուսայուղը՝ համապատասխանաբար՝ 11.4 և 13.9 %-ով: Երկնիշ թանկացել են նաև միրգն ու բանջարեղենը: Օբյեկտիվության համար նշենք, որ միսն ու ձուն որոշ չափով էժանացել են:
Այնուամենայնիվ, ընդհանուր առմամբ, թանկացումներն ակնհայտ են:
Գալով արդեն թեզին, թե աշխատավարձերն ավելի արագ են աճել, քան գները, կատարենք մի փոքր վարժություն՝ ուսումնասիրելով, թե որ ոլորտներում են ամենաշատը գրանցված աշխատողները, և որ ոլորտների աշխատողներն են բարձր աշխատավարձեր ստանում:
Ինչպես երևում է նկարից, աշխատողների ընդհանուր թվի մեջ (783 906 մարդ), ամենամեծ մասնաբաժինն ունեն առևտրի և կրթական ոլորտի մասնագետները, որոնց միջին աշխատավարձը կազմում է շուրջ 200 000 դրամ: Փոխարենն, ավելի փոքր թվով աշխատողները՝ ՏՏ և ֆինանսական ապահովագրության ոլորտում զբաղվածները (համապատասխանաբար 45 610 և 24 777 մարդ) ստանում են 1 000 000 դրամից ավելի աշխատավարձ, որն ի դեպ, վերջին տարիներին զգալիորեն ավելացել է՝ նպաստելով ընդհանուր միջին ամսական աշխատավարձի աճին: Այսպիսով, այս պատկերը իրապես ցույց է տալիս, թե աշխատող բնակչության որքա՞ն հատվածին է առնչվում աշխատավարձի բարձրացումն ու բնակչության ավելի մեծ հատվածի համար իրականում որքանո՞վ է հաղթահարելի գնաճը: