Ո՞վ է լեգիտիմացնում ադրբեջանական տեղանունների օգտագործումը Հայաստանում
27 Փետրվարի 2024, 12:20
(Ինչպե՞ս է այս ամենի հետ կապված Զելենսկու հավանական այցը Հայաստան)
Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն, որում մասնավորապես ասվում է․
«Հայաստանում ժամանակն արդեն շատ վաղուց արագացել է, և բառացիորեն 2-3 օրվա ընթացքում երկրում և դրա շուրջ այնքան գործընթացներ են տեղի ունենում, որոնք, այլ հավասար պայմաններում, կայուն իրավիճակում կարող էին տևել մի ամբողջ տարի։ Իրադարձությունների արագությունն ուղիղ համեմատական է Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականությանը։
Այսպես, վերջին օրերի քննարկման գլխավոր թեմաներից մեկը Ադրբեջանի կողմից հայկական շրջանների և բնակավայրերի վերաբերյալ սեփական տեղանունների օգտագործումն էր։ Այսպիսով, ՀՀ Արարատի մարզն անվանվում է ինչ-որ «Դավալուի շրջան», իսկ Երասխը՝ ինչ-որ «Արազդայան»:
Անշուշտ, կարող ենք փաստել, որ այդ տեղանունների օգտագործումը, ինչպես նաև «պայմանական սահման» տերմինի օգտագործումը Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահման նշելու համար, պաշտոնական Բաքվի տարածքային հավակնությունների դրսևորում է Երևանի նկատմամբ։ Սակայն չի կարելի այս իրավիճակում տրամաբանական հարցեր չտալ՝ ո՞վ, ինչպե՞ս և ե՞րբ է լեգիտիմացրել ադրբեջանական տեղանունների օգտագործումը հայկական տարածքների նկատմամբ։
Իսկ Հայաստանի նկատմամբ ադրբեջանական տեղանունները լեգիտիմացնում է հայկական կառավարությունը։ Հիշում եք, թե ինչպես 2021 թվականի նոյեմբերին, հակառակ 2020 թվականի նոյեմբերի պայմանավորվածությունների, Հայաստանը Ադրբեջանին հանձնեց Գորիս-Կապան մայրուղու մի հատվածի վերահսկողությունը, իսկ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի ժամանակ այդ հատվածը նշելու համար օգտագործեց ադրբեջանական «Էյվազլի» և «Չայզամի» տեղանունները։
Դժվար է պատկերացնել, թե ինչպես ղեկավար պաշտոնների հասած մարդիկ չեն հասկանում (բայց իրոք չե՞ն հասկանում, թե…), որ եթե Ստեփանակերտը կարող է լինել «Խանքենդի», իսկ Գորիս-Կապան ավտոճանապարհի մի հատվածը «Էյվազլի»-«Չայզամի», ապա Արարատի մարզը կարող է դառնալ ինչ-որ «Դավալուի շրջան», իսկ Երասխը՝ ինչ-որ «Արազդայան»:
Պետականության փլուզման մեխանիզմը հենց այսպիսի տեսք ունի…
Պետք է նշել ևս մեկ նրբերանգ՝ Հայաստանի նկատմամբ Բաքվի տարածքային պահանջների աճն ուղիղ համեմատական է ՀՀ իշխանությունների ռուսատյաց գործողությունների մակարդակին։ Արարատի մարզը վերածվել է «Դավալուի շրջանի» այն բանի ֆոնին, որ Ֆրանսիայից և Գերմանիայից Փաշինյանը հարձակվել է Ռուսաստանի վրա՝ հայտարարելով ՀԱՊԿ-ին ՀՀ անդամակցության սառեցման մասին, հայտարարելով Ալմա-Աթայի հռչակագիրի հիման վրա ուկրաինական հակամարտությունը կարգավորելու անհրաժեշտության մասին, ինչը նշանակում է, որ Ղրիմը և Դոնբասը ուկրաինական են։
Բուն Հայաստանում Փաշինյանի գործողությունները տեղեկատվական դաշտում աջակցեցին նրան սպասարկող ԶԼՄ-ները՝ սկզբում տեղեկացնելով, որ շուտով ռուս սահմանապահներին դուրս կբերեն «Զվարթնոց» օդանավակայանից, որից հետո տեղեկություններ հայտնվեցին, որ մարտին Հայաստան է այցելելու Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Այս գործողություններով Փաշինյանը ոչ միայն պատերազմ է հայտարարում Ռուսաստանի Դաշնությանը, այլ «էստի համեցեք» է ասում Ադրբեջանին՝ արձանագրելով, որ քանդվել է Հայաստանը պաշտպանող ռազմաքաղաքական գմբեթը, ինչը կարող է ազատել Ալիևի ձեռքերը՝ նոր ագրեսիայի համար։ Եվ հաշվի առնելով այն, որ Ալիևն ու Փաշինյանը միշտ շատ սինխրոն են, այս «էստի համեցեքը» չի կարող անհանգստություն չառաջացնել…
Շաբաթ օրը ռազմավարական հետազոտությունների և նախաձեռնությունների վերլուծական կենտրոնը բաց քննարկում անցկացրեց Հայաստան-ՀԱՊԿ հարաբերությունների թեմայով, որի շրջանակներում արդարացիորեն հայտարարվեց՝ Արցախի պետականության կազմալուծմամբ ՌԴ-ն կորցրեց Անդրկովկասում քաղաքականության վրա ազդելու ինստիտուցիոնալ մեխանիզմները:
Ընդ որում, դա տեղի ունեցավ նաև Փաշինյանի և Ալիևի «սինխրոնիզացիայի» արդյունքում՝ մեկը հանձնեց ամեն ինչ, իսկ մյուսը, հղում անելով հանձնողին խլեց ամենը, հասկանալով, որ տեղի ունեցողի ռազմավարական նպատակը ոչ թե «Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնումն է», այլ Ռուսաստանի վտարումը տարածաշրջանից՝ արտաքին քաղաքականության մեջ իբր ռուսամետ վեկտորին ֆորմալ առումով հավատարիմ մնալով։
Եթե անգամ ռուս փորձագետներն են ընդունում, որ Արցախի կազմալուծումը Մոսկվային ծանր վիճակի մեջ է դրել, ապա ինչ կլինի, եթե նոր պատերազմը Հայաստանին տարածքային նոր կորուստներ բերի, որից հետո արդեն Փաշինյանի ձեռքերն, ըստ երևույթին, կազատվեն ավելի արմատական քայլերի համար․․․
Մտածե՛ք այդ մասին…»։