Որդուս ասացի՝ եթե միջադեպ լինի Հակարիի մոտ, ինձ չպաշտպանեք | Արցախյան բռնագաղթ. վկայություններ #36
14 Դեկտեմբերի 2023, 22:00
Արցախից բռնի տեղահանվելուց հետո Գյուղատնտեսության նախարարի, փոխնախարարի պաշտոնները զբաղեցրած Նորայր Մուսայելյանը, դեռ աշխատանք չունի: Նախկին պաշտոնյան ընտանիքի, մոր եւ երեք եղբայրների հետ հաստատվել է Արարատի մարզի Ջրահովիտ համայնքում:
«Մարտական ընկերս ինձ տեղավորեց Ջրահովիտ: Հարեւանները, գյուղի բնակիչները, Հայաստանից մարտական ընկերներս ով ինչով կարողացել՝ մեզ օգնել է: Այստեղ զբաղվածության, աշխատանքի խնդիրն է, որ չենք կարողանում լուծել: 20 տարուց ավելի՝գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական գործունեություն եմ ծավալել եւ բնական է, որ այլ ոլորտում ինձ չեմ կարողանում պատկերացնել: Բայց եթե հասկանամ, որ մասնագիտական ոլորտում աշխատանք չեմ գտնում, ստիպված եմ լինելու անցնել այլ աշխատանքի: Երկրից դուրս գալու մասին էլ ենք մտածում»,- Alpha News-ի հետ զրույցում ասում է Նորայր Մուսայելյանը:
Նախկին պաշտոնյան հարկադրված է եղել Արցախից դուրս գալ: Նորայր Մուսայելյանը պատմում է սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի եւ հրադադարից հետո Արցախում ստեղծված իրավիճակի մասին, ինչն էլ հանգեցրել է արցախահայության բռնագաղթին:
«Սեպտեմբերի 19-ին, երբ սկսվեց հրետակոծությունը, ես աշխատավայրում էի: Աշխատողներին հորդորեցինք պատսպարվել: Հուսադրող ոչինչ չկար, շրջանների հետ կապն ընդհատվել էր, տեսանելի էր Ստեփանակերտի շրջակայքի ՀՕՊ-երի ուղղությամբ հրետակոծությունը: Մեր տունը Շուշի տանող ճանապարհի վրա էր, գնացի կնոջս իր աշխատավայրից վերցրի ու տուն գնացինք: Տղամարդկանց հավաքեցի, մտածելով, որ զորակոչ կհայտարարեն: Հետո գնացի մարտական ընկերներիցս մեկի մոտ եւ հարցրեցի՝ տղաների հետ գնա՞նք Թաղավարդի պաշտպանության հետեւից, թե՝ որդուս, որը ծառայում էր Պաշտպանության բանակում՝Քյոխի հրամանատարությամբ: Ընկերս հորդորեց սպասել: Իրավիճակն այնքան կարճ ժամանակում զարգացավ, որ լսեցինք արդեն շրաջններից եկող ճանապարհների փակվելու մասին: Կարճ ժամանակ անց ադրբեջանցիներն արդեն հասան Ստեփանակերտին մոտ Դաշուշեն համայնք, խաչի տակ էին տեղակայվել: Հետո լսեցի, որ եղբայրս Մարտակերտում ուժեղ մարտերի ընթացքում վիրավորվել է:
Անընդհատ լսում էինք, որ մի քանի ժամից պատերազմն ավարտվելու է, բայց շարունակվում էր: Խուճապ տարածողներ կային, երբ փորձում էինք գտնել աղբյուրը, նորմար աղբյուր չէինք գտնում, հետո լսեցինք, որ Ստեփանակերտի Կրկժան թաղամաս տանող ճանապարհը փակել են, բնակիչներին թույլ չեն տալիս մտնել, քանի որ այնտեղ արդեն ադրբեջանցիներ կային եւ մարտեր էին ընթանում: Այնուհետեւ սկսվեց բնակիչների բռնի տեղահանումը: Ես հարցուփորձ էի արել, ինձ ասել էին, որ մինչեւ հունվարի մեկը ժամանակ է տրված՝ բնակիչների տարհանման հետ կապված: Մենք տարբեր տեղեկություններ էինք լսել, որ Լաչինի միջանցքը մի քանի օր է բաց լինելու, իսկ հետո փակվելու է, ասում էին, թե ինչ-որ քանակի մարդիկ միայն կարող են գնալ, իրարամերժ լուրեր էինք լսում, իսկ պետության կողմից էլ պաշտպանական ոչ մի միջոցառում չէր կազմակերպվում, Արցախը զինաթափվել էր, հասկացանք, որ պետք է տեղահանվենք:
Ես ամոթալի էի համարում այդ իրավիճակում թողնել եւ դուրս գալ, որովհետեւ վիրավորների հարց կար լուծելու, անհայտ կորած քաղաքացիներ ունեինք: Որդուս մասին էլ տեղեկություն չունեի, միայն սեպտեմբերի 25-ին նրանից լուր լսեցի: Ինքը հետախուզական վաշտում էր ծառայում, հրամանատարի հետ մինչեւ վերջին զինվորին չճանապարհեցին դեպի իրենց բնակավայրեր, տղաս չեկավ, իսկ երբ եկավ արդեն մարդիկ բռնագաղթում էին»,- պատմում է Նորայր Մուսայելյանը:
Նրա որդիները սեպտեմբերի 25-ին Հայկազովի տարածքում տեղի ունեցած բենզինի պահեստի պայթյունից հետո որպես կամավոր օգնել են բժիշկներին: Հաջորդ օրն արդեն Արցախից հարկադրված դուրս եկան նաեւ Նորայր Մուսայելյանն ու նրա հարազատները: Նախկին պաշտոնյան մտավախություն է ունեցել, որ նրան չեն թողնի հատել Հակարիի կամուրջը, քանի որ նա մասնակցել է 2020թ. 44-օրյա պատերազմին, մասնավորապես՝ Թաղավարդի հերոսական մարտերին: Համացանցում տեսանյութեր կան, որտեղ երեւում է, թե ինչպես է Մուսայելյանը մարտնչում թշնամու դեմ։
«Կրտսեր տղայիս նստեցրել էի մոտս ու ասացի՝ եթե ինչ-որ միջադեպ լինի Հակարիի կամրջի մոտ, չփորձեք ինձ պաշտպանել: Հակարիի կամրջում մեքենաս ռենտգեն հետազոտության համար կանգնեցրին, մեզ հետ ուրիշ խոսակցություն չի եղել, մենք նստել ենք մեքենան ու շարժվել Հայաստան»,- պատմում է Նորայր Մուսայելյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: