Որևէ ճյուղի անկման դանդաղումը դեռ աճի մասին չէ
27 Հունիսի 2025, 18:46
Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշն այս տարվա հունվար-մայիսինաճել է 5,7 %-ով: Հունվար-ապրիլին ՏԱՑ-ն աճել է 4,4 %-ով: Այսինքն՝ ցուցանիշի կուտակային աճը նախորդ ժամանակահատվածի համեմատ արագացել է: Արագացել է նաև տնտեսական ակտիվության 12-ամսյա աճը, այսինքն՝ նշված ամսվա ցուցանիշը նախորդ տարվա նույն ամսվա համեմատ: 12-ամսյա աճի դինամիկան՝ պատկերում:
2024թ-ի մայիսին ցուցանիշի աճը 6,6 տոկոս էր, այս տարվա մայիսին՝ 10,4: Միևնույն ժամանակ, եթե համեմատելու լինենք նախորդ տարվա մարտ ամսվա տվյալների հետ, ապա թրենդը դեռ անկումային է:
Փաստացի, տնտեսական աճի ցուցանիշը արագացել է: Նշանակու՞մ է արդյոք, որ տնտեսությունն աճում է:
Այս հարցի պատասխանի համար միասին ուսումնասիրենք և հասկանանք, թե ինչի հաշվին է աճը: Մանրամասները՝ մեր երկրորդ նկարում:
Նախ դիտարկենք կուտակային տվյալները: 5,7 տոկոսանոց աճը հունվար-մայիսին ապահովվել է շինարարության 17,1 տոկոս և ծառայությունների 10,1 տոկոս աճի հաշվին: Փոխարենը բավական մեծ անկման ներքո են շարունակում մնալ արդյունաբերությունը և արտաքին առևտուրը:
Կարևոր է նաև տասներկումասյա վիճակագրության ուսումնասիրությունը: Ի վերջո 10,4 տոկոսանոց աճը փոքր չէ: Բայց ինչ է տեղի ունենում: Նախ հիշեցնենք, որ ապրիլին նույն 12-ամսյա վիճակագրությունը 5.4 տոկոս աճ էր արձանագրում: Այդ ժամանակահատվածում էլ աճը շինարարության ու ծառայությունների հաշվին էին, բայց, օրինակ, արդյունաբերության անկումը ոչ թե մայիսի 5,9 տոկոս անկումն էր, այլ՝ 8,7 տոկոս, արտաքին առևտուրը ոչ թե 28,8 տոկոս էր անկում ապրել, այլ՝ 50,1 տոկոսով: Այսինքն՝ բացասական նպաստում բերող ճյուղերի անկումներն ավելի մեծ էին, քան այս տարվա մայիսին: Այս տարվա մայիսին այդ ուղղությունների բացասական ազդեցությունները փոքր–ինչ թուլացել են, ուշադրություն, այդ ուղղությունները չեն վերականգնվել, չեն սկսել աճել, այլ՝ համեմատաբար քիչ են անկում ապրել, ինչի արդյունքն էլ 10,4 տոկոսանոց ՏԱՑ-ն է:
Ուրեմն եկեք ֆիքսենք, 10,4 տոկոսանոց աճը ոչ թե տնտեսության վիճակի բարելավում է, ոչ թե կառուցվածքի բարելավում է, այլ՝ վիճակագրական համեմատությունների դրսևորում:
Տրամաբանորեն հարց է առաջանում՝ եթե արդյունաբերությունն ու արտաքին առևտուրը նվազում են, արդյոք չենք կարող նշել, որ այդ ուղղություններում խնդիրները կարգավորվում են: Ցավոք ոչ, քանի որ անկման տեմպի դանդաղումը պայմանավորված է նախորդ տարվա այս նույն ժամանակահատվածի ցուցանիշներով: Տվյալ ցուցանիշների աճի տեմպերը նախորդ տարվա ապրիլի համեմատ մայիսին դանդաղել են, հետևաբար այս տարվա ապրիլին անկումն ավելի մեծ պիտի լիներ, քան մայիսին: Պարզ վիճակագրական համեմատություն: Օրինակ, 2024թ. ապրիլին արդյունաբերությունն աճել էր 26,1 տոկոսով, այս տարվա ապրիլին անկումը 8,7 տոկոս էր, նախորդ տարվա մայիսին մի փոքր ավելի պակաս աճ էր ունեցել՝ 22 տոկոս, բնական է, այս տարվա մայիսին անկումը պիտի լիներ: Բազային էֆեկտի սովորական դրսևորում:
Հետևաբար, տնտեսության կառուցվածքը չի բարելավվում, մենք շարունակում ենք մեծապես կախված մնալ սպառումից, իսկ այսօր ակտիվության ցուցանիշի որոշակի աճը վիճակագրական սովորական համեմատության արդյունք է: