Ուրախանա՞լ տնտեսական աճից
26 Փետրվարի 2025, 20:02
Վիճակագրական կոմիտեն ներկայացրել է Հայաստանի ՀՆԱ-ի աճի՝ 2024 թվականի նախնական տվյալները։ Պաշտոնական տվյալների համաձայն՝ մեր տնտեսությունն անցյալ տարի աճել է 5,9%-ով։
Իհարկե վատ ցուցանիշ չէ, սակայն ուրախալի՞ է արդյոք այդ ցուցանիշը, թե՝ ոչ, պարզենք մի քանի հանգամանքից ելնելով։
Նախ՝ ինչի՞ արդյունքում է ձևավորվել տնտեսական աճը։
Հիմնական ուղղությունները, որոնք բարձր աճ են ապահովել, շարունակում են մնալ առևտուրը, ծառայություններն ու շինարարությունը։ Մինչդեռ այնպիսի ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտն, ինչպիսին գյուղատնտեսությունն է, ապահովել է ընդամենը 1% աճ։
Մյուս կողմից, շարունակում է մտահոգիչ լինել նաև հանքարդյունաբերության ոլորտի անկումը՝ -8,3%։ Մշակող արդյունաբերության աճը կազմել 4,3%։ Այսինքն՝ 5,9% տնտեսական աճի ներքո, մենք ունենք տնտեսության կառուցվածքի խնդիրների խորացում, և եթե նաև հաշվի առնենք հանգամանքը, որ աճ արձանագրած ոլորտներն էլ եղել են արտաքին ազդեցությունների ներքո, մտահոգիչ պատկերն ամբողջանում է։ Պատահական չէ, որ ՀՆԱ կառուցվածքում 61,4 %-ը բաժին է ընկնում առևտրին և ծառայություններին։
Մյուս կողմից, ուշադիր լինենք նաև միտումներին՝ ինչպիսի վարքագիծ է դրսևորել տնտեսական աճը վերջին տարիներին։
Գրաֆիկից տեսնում ենք, որ տնտեսական աճի տեմպը դանդաղել է։ Թեև բացարձակ արժեքով ՀՆԱ-ն ավելացել է, ինչն ուրախալի է, սակայն այստեղ էլ խնդրահարույց է այն, թե որքանո՞վ է տնտեսական աճը ներառական։ Ամփոփենք վերջին միտքը 2024թ-ի տվյալներով ավելացող գործազրկության մակարդակով, աշխատող աղքատների կատեգորիայի հետ կապված խնդիրներով և առհասարակ հարցադրումով՝ արդյոք քաղաքացիների կենսամակարդակը վերջին տարիներին աճել է համարժեք։