Փաշինյանը դեմ չէ միջանցքին, նա պարզապես չի ուզում այն տալ Ռուսաստանին
11 Հուլիսի 2025, 12:20
(«Դուբայ 2025-ը» Հայաստանի համար կլինի այն, ինչ «Պրահա 2022-ը» Արցախի համար էր)
«Հուլիսի 10-ին Աբու Դաբիում կայացան հայկական և ադրբեջանական պատվիրակությունների բանակցությունները։ Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը ավելի քան հինգ ժամ քննարկեցին հարցերի մի ամբողջ համալիր։ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունների պաշտոնական հայտարարությունները նույնական էին։
Կողմերն արտահայտեցին իրենց գոհունակությունը բանակցությունների երկկողմ ձևաչափից (Երևանն ու Բաքուն շարունակում են փորձեր անել թաքցնել Անկարայի, Վաշինգտոնի և Լոնդոնի «ականջները»), հանձնարարեցին համապատասխան հանձնաժողովներին շարունակել գործնական աշխատանքները պետական սահմանի դելիմիտացիայի ուղղությամբ, ինչպես նաև պայմանավորվեցին շարունակել երկկողմ բանակցություններն ու վստահության ամրապնդման միջոցառումները երկու երկրների միջև։ Ընդհանուր ձևակերպումներ, որոնց հետևում մեծ բովանդակություն չկա։
Բանակցային փաթեթի էության ավելի մանրամասն շարադրանքը ներկայացվեց հայկական և ադրբեջանական ԶԼՄ-ներում։ Կենտրոնական թեման Սյունիքով միջանցքը շահագրգիռ կողմերին հանձնելն էր։ Սրա պատրաստակամությունը հաստատեց նաև ՀՀ ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանը։
Ըստ ալիևյան ԶԼՄ-ների՝ կողմերը քննարկել են խաղաղության պայմանագրի նախաստորագրումը։ Փաստորեն, Բաքուն միջանցքի դիմաց անգամ վերջնական և ուժի մեջ մտած խաղաղության պայմանագիր չի տրամադրում։
Այլ կերպ ասած՝ Անկարան ու Բաքուն ստանում են միջանցք, իսկ Հայաստանը՝ «նախնական ստորագրված պայմանագիր»։ Սա մի թուղթ է, որով Փաշինյանը քաղաքից քաղաք, գյուղից գյուղ կգնա և կասի, որ «խաղաղություն է բերել»։
«Դուբայ 2025-ը» բոլոր հնարավորություններն ունի Հայաստանի համար դառնալու այն, ինչ «Պրահա 2022-ը» եղավ Արցախի համար։ Հիշեցնենք, որ 2022 թվականին Պրահայում, երբ Փաշինյանը Արցախը հանձնում էր Ադրբեջանին, Հայաստանի ներսում դա ներկայացվում էր որպես ձեռքբերում, որպես ոչ միայն Հայաստանի տարածքային ամբողջականության ապահովման միջոց, այլև «Արցախի հայերի իրավունքների և անվտանգության պաշտպանության ապահովման միջոց»։ Ինչո՞վ ամեն ինչ ավարտվեց։ Արցախի հայերի փաստացի բռնի տեղահանությամբ։ Էթնիկ զտումների սպառնալիքի տակ հայերը ստիպված եղան լքել իրենց հայրենիքը։
Ի վերջո, կարելի է արձանագրել, որ Փաշինյանը դեմ չէ միջանցքին, նա միայն դեմ է այն Ռուսաստանին հանձնելուն։ Նա նույնիսկ դեմ է, որ դա միջանցք չլինի, այլ հենց կոմունիկացիա լինի, բայց Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ զորքերի հսկողության ներքո, ինչպես նշված էր 2020 թվականի նոյեմբերի 9-ի փաստաթղթում։
Չնայած Հայաստանի իշխանությունների հաղթական հայտարարություններին (որոնք ակնհայտորեն կլինեն), կանխատեսելի է, որ Երևանը գնում է նոր զիջումների ճանապարհով։ Ինչո՞ւ։ Որովհետև Հայաստանի իշխանությունները 44-օրյա պատերազմի ավարտից հետո հինգ տարվա ընթացքում այդպես էլ չկարողացան վերականգնել ռազմաքաղաքական հավասարակշռությունը տարածաշրջանում, իսկ միայն դա կարող է ստիպել Ադրբեջանին նստել բանակցային սեղանի շուրջ և Հայաստանին ընկալել որպես իրեն հավասար սուբյեկտ։
Մտածե՛ք այդ մասին․․․»։