Փաշինյանը համաձայն է ադրբեջանցիների «վերադարձի» հետ, բայց դեմ է արցախցիների վերադարձին
21 Օգոստոսի 2025, 19:10
(Փաշինյանը խաղաղություն չի բերել, ու նա ինքն էլ խոստովանում է դա)
«Նիկոլ Փաշինյանը շարունակում է տոնել այն, ինչ գոյություն չունի: Օգոստոսի 21-ի կառավարության նիստը նա սկսեց իր ենթականերին շնորհավորելով: «Շնորհավորում եմ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության առիթով», -հայտարարեց նա։ Փաշինյանը խաղաղության հաստատում է համարում օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթերը։
Փաշինյանի այսօրվա հայտարարությունը օգոստոսի 18-ին նրա կողմից ժողովրդին ուղղված ուղերձի տրամաբանական շարունակությունն է։ Սակայն ուղերձի ավելի մանրամասն վերլուծության դեպքում պարզ է դառնում, որ նույնիսկ, ըստ փաշինյանական տրամաբանության և աշխարհընկալման՝ մենք ոչ միայն չենք մոտեցել խաղաղությանը, այլև ևս մեկ քայլ ենք արել դեպի Ադրբեջանի հետ լայնամասշտաբ պատերազմ։
Իր ուղերձումՓաշինյանը կրկին հաստատել է իր մոտեցումը. Հայաստանը չի զբաղվելու արցախահայերի վերադարձի հարցով։ «Իմ ընկալումն այն է, որ բոլոր այն մարդիկ, որոնք համաձայն չեն այս ռազմավարության հետ, կամա թե ակամա հայտնվում են կոնֆլիկտի վերակենդանացման տրամաբանության մեջ։ Շատ կոնֆլիկտներ, ներառյալ Ղարաբաղյանը, սկսվել են հումանիտար, մշակութային՝ թվում է անմեղ և պարզ հարցերի արծարծումով, իսկ թե ինչի են վերաճել, հիշում ենք և մեր մաշկի վրա, ցավոք, զգացել ենք բոլորս», -հայտարարել է նա։
Ավելի պարզ ասած՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ եթե Հայաստանը զբաղվի հումանիտար հարցով, դա կարող է հանգեցնել նոր պատերազմի, և հենց դրա համար էլ նա դեմ է արցախահայերի վերադարձին։
Իսկ ի՞նչ է մտածում Ադրբեջանը «հումանիտար հարցերից» խուսափելու անհրաժեշտության մասին։ Ի հեճուկս փաշինյանական տեղեկատվական ռեսուրսների ապատեղեկատվության՝ Բաքուն չի հրաժարվել ադրբեջանցիների Հայաստան «վերադարձի» գաղափարից։ Ավելին, Բաքվում շարունակում են դա անվանել հենց հումանիտար հարց, այլ ոչ թե տարածքային պահանջներ Հայաստանի նկատմամբ։ Հիշեցնենք, որ «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» ղեկավար Ազիզ Ալեքբերլին ադրբեջանական լրատվամիջոցներին հայտարարել է, որ կազմակերպությունը կշարունակի իր գործունեությունը Երևանի և Բաքվի կողմից համատեղ հռչակագրի ստորագրելուց և խաղաղության պայմանագիրը նախաստորագրելուց հետո։
Նրա խոսքով՝ «համայնքի» գործունեությունն «ուղիղ կապ չունի միջպետական հարաբերությունների և խաղաղության համաձայնագրի հետ»։ Նա նաև հույս է հայտնել, որ խաղաղության օրակարգի առաջմղումը «պայմաններ կստեղծի արևմտյան ադրբեջանցիների՝ իրենց հայրենի վայրեր վերադառնալու համար»։
Պաշտոնական Բաքվի այս դիրքորոշման վերաբերյալ Նիկոլ Փաշինյանը ոչ մի հայտարարություն չի անում։ Ամենայն հավանականությամբ, ադրբեջանցիների «վերաբնակեցումը» Հայաստանում Փաշինյանին ընդունելի սցենար է թվում։ Անհրաժեշտ է, սակայն, լինել անկեղծ ինքներս մեզ հետ և հասկանալ, որ Փաշինյանը հանձնել է Արցախը և շարունակում է քանդել Հայաստանը ոչ միայնակ․ նա ունի «աջակցության խումբ»։
Այսպես, շաբաթվա ընթացքում ՀՀ նախկին նախագահ, Փաշինյանի քաղաքական զինակիցը և գաղափարական հայրը՝ Լևոն Տեր-Պետրոսյանը, դե ֆակտո դրական է գնահատել Փաշինյանի՝ արցախահայերի Արցախ վերադարձի թեման փակելու որոշումը։ Ավելին, Տեր-Պետրոսյանը Փաշինյանին առաջարկել է նախընտրական տարում «լղոզել խնդիրը»՝ստեղծելով պետական կառավարման համակարգում որոշակի առանձին ինստիտուտ, որը պետք է զբաղվի «արցախահայերի սոցիալական խնդիրների լուծմամբ»։ Տեր-Պետրոսյանին, ինչպես ևՓաշինյանին, դա անհրաժեշտ է, որպեսզի արցախահայերը հանկարծ քաղաքական պայքարի մեթոդների չդիմեն՝ չսկսեն մասնակցել հանրահավաքներին և իրենց ձայնը չտան ընդդիմությանը։
Փաշինյանին օգնում են նաև ղարաբաղցիները, և դա նույնպես իրականություն է։ «Քաղաքացիական ակտիվիստ» Տիգրան Պետրոսյանը, Փաշինյանի հայտարարությունից հետո, որ արցախցիների վերադարձի հարցը պետք է փակել և մոռանալ, ոչ մի ավելի լավ բան չգտավ, քանՓաշինյանի հետ անձնական հանդիպում խնդրելը։ Հիշեցնենք, որ սա այն Պետրոսյանն է, ով ԼՂՀ-ում ակցիաներ էր կազմակերպում ռուս խաղաղապահների դեմ, բայց Հայաստան հայտնվելուց հետո առաջին գործն այն էր, որ փորձեց մեկնել հենց Ռուսաստան։
Այն ամենն, ինչ տեղի ունեցավ Արցախի հետ, արվել է ոչ միայն Փաշինյանի կողմից, նրան շատերն են օգնել։ Հիմա էլ, երբ շատերը շարունակում են օգնել նրան, Բաքուն չի հրաժարվում ադրբեջանցիներին Հայաստան «վերաբնակեցնելու» իր գաղափարից՝ դա անվանելով «հումանիտար հարց», ինչը, ըստ հենց Փաշինյանի տրամաբանության, վտանգավոր է և նոր պատերազմի պոտենցիալ առիթ է։ Փաշինյանը խաղաղություն չի բերել։ Նույնիսկ իր տրամաբանության և դատողությունների շրջանակներում նա խաղաղություն չի բերել։
Մտածե՛ք այդ մասին․․․»։