Պաշտպանեք հայկական ժողովրդավարությունը Փաշինյանից
31 Մարտի 2026, 18:40
(ՔՊ-ն ցանկանում է պահպանել իշխանությունը պատերազմի սպառնալիքների և արտաքին միջամտությունով)
«Եթե մի կողմ դնենք իշխանական կաբինետներում տեղի ունեցող գործընթացները, ապա 2018 թվականին մարդիկ փողոց դուրս եկան ոչ թե մեկ անձին մյուսով փոխարինելու, այլ իրենց սոցիալ-տնտեսական խնդիրները լուծելու և ձայնի իրավունքը վերականգնելու համար, որն անհնար էր պաշտպանել արգելափակված ժողովրդավարական ինստիտուտների միջոցով։ Ինչպես էլ քվեարկեր քաղաքացին, ըստ հաշվարկների՝ միևնույն է, հաղթում էր ՀՀԿ-ն։ Անցել է շուրջ ութ տարի, և այսօր մենք տեսնում ենք համաշխարհային պատմության համար դասական մի պատկեր. նրանք, ովքեր իշխանության եկան ժողովրդավարության և արդար ընտրությունների համար պայքարի ալիքի վրա, այժմ իրենք են փորձում ոչնչացնել ժողովրդի կամարտահայտության բուն էությունը։
Պաշտոնական Երևանի ներկայիս քաղաքական կուրսն ավելի ու ավելի է հիշեցնում «մոլդովական սցենարի» վտանգավոր կրկնօրինակը։ Մոլդովայում, եվրոպացի պաշտոնյաների ծափահարությունների ներքո, ընդդիմադիր կուսակցությունները հեռացվեցին ընտրություններից, իսկ նրանց ձայնը լռեցվեց։ Այսօր նույն սցենարը ծավալվում է Հայաստանում։ Մենք տեսնում ենք զանգվածային հարձակումներ ընդդիմության տեղեկատվական ռեսուրսների վրա, բոտերի բանակների օգտագործում՝ սոցիալական ցանցերում, այդ թվում՝ TikTok-ում և Facebook-ում, քաղաքական ընդդիմախոսների էջերն արգելափակելու համար։ Սամվել Կարապետյանի կուսակցության վրա գործադրվող ճնշումները կամ Նարեկ Կարապետյանի էջերի արգելափակումը դժվար թե պատահական տեխնիկական խափանումներ լինեն. սա հիշեցնում է պլանավորված գործողություն, որը հսկայական ռեսուրսներ է պահանջում։
Այս խաղում առանձնահատուկ դեր ունի Եվրոպական միությունը։ Անկողմնակալ դատավոր լինելու փոխարեն՝ Բրյուսելը փաստացիորեն բռնում է գործող իշխանության կողմը։ Այսպես կոչված «հիբրիդային սպառնալիքների» դեմ պայքարի համար 12 միլիոն եվրոյի հատկացումը և Նիկոլ Փաշինյանի խնդրանքով «արագ արձագանքման խմբերի» ուղարկումը նման են տեղեկատվական դաշտի զտման ուղղակի ֆինանսավորման։ Արտաքին ազդեցության դեմ պայքարի պատրվակով Հայաստանի իշխանությունները «քարտ-բլանշ» են ստանում ցանկացած ներքին անհամաձայնություն ճնշելու համար։
Միջազգային փաստաբան Ռոբերտ Ամստերդամն արդեն բացահայտ կոչ է արել Եվրոպական միությանը դադարել կողմնապահություն անել երկրի ներքին գործերում։ Նրա դիրքորոշումը հստակ է. եթե ԵՄ-ն ցանկանում է պահպանել իր դեմքը որպես ժողովրդավարության պաշտպան, ապա չպետք է գործիք դառնա մեկ քաղաքական գործչի ձեռքում։ Երբ միջազգային աջակցությունը վերածվում է իշխանությունը պահելու լծակի, վստահությունը ժողովրդավարական արժեքների նկատմամբ խարխլվում է տասնամյակներ շարունակ։
Նիկոլ Փաշինյանի այսօրվա ռազմավարությունը հիմնված է նոր պատերազմի վախի շահարկման վրա։ Իշխանությունները մեթոդաբար վախեցնում են քաղաքացիներին Ադրբեջանի և Թուրքիայի կողմից եկող սպառնալիքներով՝ հասարակությանը ներշնչելով այն միտքը, թե ցանկացած քաղաքական փոփոխություն կհանգեցնի ազգային աղետի։ Սակայն նման քաղաքականությունը տանում է միայն պետության թուլացման։ Մի երկիր, որտեղ իշխանությունը հենվում է վախի և արտաքին օգնությունների վրա, չի կարող ուժեղ լինել։
ԵՄ չեզոքությունը պահպանելու համար ընդդիմությունը կարող է Բրյուսելին առաջարկել վերանայել հայաստանյան դերակատարների (ինչպես իշխանության, այնպես էլ ընդդիմադիր ուժերի) հետ փոխգործակցության ձևաչափը՝ կողմնակալ խաղացողի ընկալումից խուսափելու համար։ Հիմնական առաջարկները կարող են ներառել մշտադիտարկման կառույցի ստեղծումը, որը դեռևս քվեարկության մեկնարկից առաջ կգնահատի ընտրական միջավայրը, թեկնածուների իրավահավասարությունը և դատական անկախության մակարդակը։ Իսկ Հայաստան գործուղված ԵՄ Արագ արձագանքման խումբը պարտավոր է համագործակցել ոչ միայն իշխանությունների, այլև այլընտրանքային հասարակական և կրոնական կառույցների հետ։ Խմբի գործունեությունը պետք է ուղղված լինի մանիպուլյացիաների դեմ, այլ ոչ թե օրինական քաղաքական քննադատության։
2018 թվականին մարդիկ փողոց դուրս եկան իրենց սոցիալ-տնտեսական խնդիրները լուծելու համար, ինչպես նաև այն պատճառով, որ իրենց իրավունքները ինստիտուցիոնալ կերպով պաշտպանելու այլ միջոց չունեին. ընտրությունների միջոցով իշխանության ժողովրդավարական փոփոխության ինստիտուտները ոչնչացված էին։ Այսօր իշխանությունները նույնպես պայքարում են այդ ինստիտուտների և գործելակերպի դեմ՝ Հայաստանի քաղաքացիներին վախեցնելով պատերազմով կամ ընտրությունների ժամանակ ներգրավելով ԵՄ աջակցությունը։ Եթե իշխանությունները համարձակվեն քաղաքացիներից գողանալ իրենց ընտրությունը, ապա պետք է իմանան, որ կստանան հեղափոխություն, բայց այս անգամ՝ իսկական։ Քաղաքացիները և քաղաքական ուժերը պետք է պատրաստ լինեն պաշտպանել հայկական ժողովրդավարությունը և՛ Փաշինյանից, և՛ ԵՄ-ից, և՛ Թուրքիայից ու Ադրբեջանից։
Մտածե՛ք այդ մասին…»։