«Քանի դեռ ուժը Բաքվինն է, կճոճեն իրենց իրավունքը, առանց պայմանագիր կնքելու». «2026. ի՞նչ է լինելու»
11 Հունվարի 2026, 20:00
Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը թերահավատ է, որ 2026-ին Հայաստանն ու Ադրբեջանը կկնքեն այսպես կոչված խաղաղության համաձայնագիրը, որը նախաստորագրվել է Վաշինգտոնում, 2025թ. օգոստոսի 8-ին: Ալիևը Հայաստանի Սահմանադրությունն է խոչընդոտ համարում այդ պայմանագիրը կնքելու համար, նշելով, թե իբր Հայաստանի Մայր օրենքում տարածքային պահանջ կա Ադրբեջանի նկատմամբ և բացահայտ հայտարարում է, որ նախքան Բաքվի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելը, Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը:
«Բայց Ադրբեջանի միակ պահանջը Սահմանադրությունը փոխելը չէ, ինչի մասին այնպես չէ, որ իրենք թաքցնում են: Իրենք անընդհատ խոսում են այսպես կոչված ադրբեջանցիների վերադարձի մասին, Երևանը Էրիվան են ասում, Սևանը՝ Գյոյչա ու այսպես շարունակ: Այդ նախապայմանները չեն վերջանալու, մարդկության պատմության առաջին օրից մինչև այսօր ոչինչ չի փոխվել, ուժն է ծնել իրավունք, այսօր քանի դեռ ուժն իրենցն է, իրենք ճոճելու են իրենց իրավունքը՝ առանց որևէ պայմանագիր կնքելու: Այլ հարց է, որ եթե իրենցից ուժեղ մեկը լինի և կարողանա զսպել, կարող է և պայմանագիր կնքվել, բայց այդ դեպքում չեն լինի այն պայմանները, ինչը թելադրում է Ադրբեջանը»,- Alpha News-ի՝ «2026. ի՞նչ է լինելու» նախագծի շրջանակում ասել է Կարեն Քոչարյանը:
Կկարողանա արդյոք Փաշինյանը փոխել Սահմանադրությունը:
«Նրա համար շատ դժվար է լինելու միայն Սահմանադրության փոփոխության համար ապահովել ընտրողների քանակ: Որպեսզի մարդիկ գնան սահմանադրական փոփոխությունների քվեարկությանը, ըստ իս՝ դա պետք է համապետական ընտրությունների հետ համատեղ լինի, հակառակ պարագայում Փաշինյանը որևէ շանս չունի մարդկանց մասնակցության քանակ ապահովել, որովհետև անգամ ընտրություններին կան շահագրգիռ մարդիկ, ուժեր, ինստիտուտներ, որոնք ապահովում են մասնակցություն, սահմանադրական փոփոխությունների դեպքում չկա անձ, չկա շահագրգռվածություն, չկան այդ ընկերական, բարեկամական, թաղային, աշխատանքային կապերը, որոնք մարդկանց կստիպեն կամ կշահագրգռեն գնալ ընտրությունների»,- նշել է քաղտեխնոլոգը:
Մանրամասները՝ տեսանյութում: