Քանի Իրանում պատերազմ է՝ միջանցքը հանձնել Ադրբեջանին
11 Մարտի 2026, 19:01
(Կդիմի՞ Փաշինյանը այս քայլին)
«Հայկական տեղեկատվական դաշտում ակտիվորեն արմատավորվում է այն նարատիվը, թե իրանական ճգնաժամի ֆոնին Ադրբեջանին դեպի Նախիջևան հումանիտար միջանցք տրամադրելը «անխուսափելի» է և նույնիսկ «ազնիվ» քայլ:
Քարոզչությունը, որը ծավալվել է նաև Հանրային հեռուստաընկերությամբ, կոչ է անում «օգնել» հարևանին ծանր պայմաններում՝ ցուցադրաբար փակագծերից դուրս թողնելով հայկական տարածքների օկուպացիան, գերիների ճակատագիրը, Արցախում տեղի ունեցած վերջին էթնիկ զտումները և Բաքվի հրաժարումը լուծարել այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» հետ կապված բոլոր կառույցները։
Այս ընտրողական հումանիզմը հատկապես սյուրռեալիստական է թվում. Երևանը կամավոր ստանձնում է փրկչի դերը մի կողմի համար, որը ոչ միայն չի դադարեցնում ագրեսիան, այլև փաստացի անտեսում է Հայաստանից բխող բարի կամքի ցանկացած դրսևորում։
Ադրբեջանն իր հերթին գործում է սառը պրագմատիզմի տրամաբանությամբ՝ նախապատվությունը տալով Թեհրանի հետ ուղիղ պայմանավորվածություններին, քան Երևանի որևէ նախաձեռնությանը։ Մինչ հայ «փորձագետները» քննարկում են «հումանիտար միջանցքի» բացման ժամանակացույցը՝ նշելով, որ դա կարելի է անել հաշված օրերի ընթացքում, Իլհամ Ալիևն այս փուլում կայունացնում է հարաբերությունները Մասուդ Փեզեշքիանի և առհասարակ պաշտոնական Թեհրանի հետ։
Նրանց բանակցությունների արդյունքը դարձավ 25 տոննա ադրբեջանական հումանիտար օգնության ուղարկումը Իրան՝ ալյուրից ու բրնձից մինչև դեղորայք, և սահմանի դե-ֆակտո բացումը։ Այս իրավիճակում իր ծառայությունները պարտադրելու Երևանի փորձերը նման են անպատասխան և անօգուտ զոհաբերության, ինչը միայն արժեզրկում է ազգային ինքնիշխանության մնացորդները։
Նման նախաձեռնության վտանգը թաքնված է ոչ միայն դրա քաղաքական միամտության, այլև Հայաստանի երկու կայուն սահմաններից մեկին սպառնացող ռազմավարական վտանգի մեջ։ Սյունիքով «հումանիտար տարանցման» գաղափարը առաջ մղելով՝ հայկական կողմը փաստացի լեգիտիմացնում է ադրբեջանական հավակնությունները, որոնք ներկայացվում են որպես «Զանգեզուրի միջանցքի» պահանջ։ Ընդ որում, եթե Բաքվին հաջողվում է պահպանել տարանցումը դեպի Նախիջևան հակամարտության մեջ գտնվող Իրանի տարածքով, ապա Հայաստանով անցնող ճանապարհի «հումանիտար անհրաժեշտության» մասին ցանկացած խոսակցություն ընդամենը քող է «փափուկ անեքսիայի» համար։ Հայաստանի իշխանությունները պետք է օգտագործեին Իրանում ստեղծված հակամարտային իրավիճակը հենց այս տեսանկյունից և առաջ մղեին այս թեզը։
Արդյունքում Երևանը ռիսկի է դիմում հայտնվել մեկուսացման մեջ. փչացնել հարաբերությունները Թեհրանի հետ, չստանալ որևէ երախտագիտություն Բաքվից և վերջնականապես վերածել սեփական ինքնիշխան ճանապարհները օտարի վերահսկողության տակ գտնվող «գորշ գոտու»։
Հ.Գ. Հիշո՞ւմ եք, թե որքան օպերատիվ կերպով Նիկոլ Փաշինյանը 2023 թվականի փետրվարին կարգադրեց հումանիտար օգնություն ուղարկել Թուրքիա՝ կործանարար երկրաշարժից հետո։ Իրանի դեպքում, սակայն, նման օպերատիվություն չի նկատվում։ Եթե Հայաստանն իսկապես ձգտեր դառնալ «Խաղաղության խաչմերուկ», այլ ոչ թե «Թյուրքական աշխարհի» մաս, ապա Իրանի նկատմամբ էլ կլիներ նույնպիսի վերաբերմունք, ինչպիսին Թուրքիայի հանդեպ էր 2023 թվականին։
Մտածե՛ք այդ մասին…»։