Քաղաքացու վարկային բեռն ավելացել է
01 Հուլիսի 2025, 18:15
Հայաստանի պետական պարտքն այս տարվա մայիսի դրությամբ 13,7 մլրդ դոլար է: Իրականում մենք պետական պարտքի թեմային անդրադառնում ենք հաճախակի, բայց դա ինքնանպատակ չէ և ոչ էլ ընթացիկ միտումները պարզապես ներկայացնելու նպատակ է հետապնդում: Մեր հրապարկումներն, առնվազն վերջին ամիսների ընթացքում, պայմանավորված են առավելապես նորանոր առիթներով: Իսկ առիթը հիմնականում պետության պարտքային պարտավորությունների անընդհատ աճն է:
Եվ այսպես, օրերս հայտնի դարձավ գերմանական KFW-ի կողմից 26 մլն եվրոյի վարկային և դրամաշնորհային միջոցների տրամադրման մասին՝ վերականգնվող էներգիային առնչվող ծրագրի շրջանակներում: Անկախ ծրագրային լինելու հանգամանքից, նոր վարկի ներգրավման թեման մեր ուշադրությունը կրկին սևեռեց պետական պարտքի մասին վիճակագրությանը: Պարզվում է՝ այս տարվա մայիսին պետական պարտքը կրկին ավելացել է՝ կազմելով 13,7 մլրդ դոլար, այն դեպքում, երբ ապրիլի դրությամբ ցուցանիշը 13,6 մլրդ էր:
Պարտքի կառուցվածքում՝ ընդհանուրի մեջ Կառավարությանը բաժին է ընկնում գերակշիռ մասը՝ 13,2 մլրդ-ը, ներքին պարտքը փոքր-ինչ գերազանցում է արտաքին պարտքը: Պետական պարտքի խնդրի մասին շատ է խոսվել, ինքնին պարտք վերցնելը խնդիր չէ, որքան՝ նպատակը, միջոցների օգտագործման արդյունավետությունը, հետագա կայուն աճի ապահովման համար նախադրյալներ ստեղծելը, և ի վերջո բյուջեի՝ սպասարկման առումով բեռը: Այսօր արդեն իսկ մենք ունենք բավական մեծ բեռ, որը երբեմն գերազանցում է իր ծավալով այնպիսի կարևորության ծախսերի, ինչպիսիք են կրթական, առողջապահական, սոցիալական և այլն:
Փաստացի, գործող իշխանությունների օրոք պետական պարտքը 2017թ-ի 6,7 մլրդ դոլարից 2025թ-ին դարձել է 13,7 մլրդ դոլար: Բնակչության թվականով պայմանավորված, ստացվում է, որ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու բաժին է ընկնում 4400 դոլարից ավելի պետական պարտք: Սրանք փաստեր են:
Բայց մեծագույն խնդիր և տենդենց է նաև քաղաքացիների՝ ուղղակի պարտքային պարտավորությունների ներքո հայտնվելու հանգամանքը:
Մասնավորապես, Կենտրոնական բանկի կողմից հրապարակված առևտրային բանկերի վարկային պորտֆելի մասին վիճակագրությունը ցույց է տալիս, որ ավելացել է նաև բանկերից վերցված վարկերի ծավալները:
Եվ այսպես, վերջին մեկ տարվա կտրվածքով ֆիզիկական անձանց կարճաժամկետ վարկային միջոցների աճը կազմել է 35 %, միջնաժամկետի դեպքում՝ 17 %, իսկ երկարաժամկետ վարկերի ծավալներն աճել են 40 %-ով: Ի դեպ, մեկ տարվա ընթացքում բարձրացել են նաև տոկոսադրույքները, այսինքն՝ մարդիկ ավելի շատ և ավելի բարձր տոկոսներով են վարկեր վերցրել:
Այս դեպքում էլ, անկախ նպատակներից, փաստացի, հանրության բեռը ծանրացել է, որը լի է թե՛ սոցիալական լարվածության աճի, թե՛ ֆինանսական համակարգի կայունության ցնցումների ռիսկերով: Ռիսկեր, որոնք քննարկման ենթական չէին լինի, եթե տնտեսության ու տնտեսական աճի կայունության հետ կապված չլինեին բազմաթիվ մտահոգություններ:
Եվ ի վերջո ռիսկեր, որոնց կանխարգելման լավագույն միջոցը կայուն և երկարաժամկետ աճ ապահովող տնտեսության հիմքերի ստեղծումն է, որի նախադրյալներ անկումային արդյունաբերությամբ և արտաքին ազդեցությունների նկատմամբ զգայունությամբ, ցավոք, չունենք: