ՌԴ-ի վրա հարձակվում են տարբեր ճակատներով, և Հայաստանը միացել է այդ հարձակումներին
13 Հունիսի 2024, 12:30
(ՀՀ իշխանությունների աշխարհաքաղաքական արկածախնդրությունը թևակոխում է եզրափակիչ փուլ)
Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանն Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն, որում մասնավորապես ասվում է․
«Հիշու՞մ եք, թե ինչպես Բրյուսելում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Ջ․ Բլինքենի և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումից հետո տեղեկություններ հայտնվեցին, որ բացի հրապարակված օրակարգից, գաղտնի օրակարգ կար՝ կապված ՀՀ-ի ու ԱՄՆ-ի համագործակցության հետ։ ՌԴ ԱԳՆ-ն անգամ մեկնաբանեց այս տեղեկությունը, իսկ ՀՀ ԱԳՆ-ն, ի պատասխան ՌԴ-ից եկող հայտարարությունների, հայտնեց, որ գաղտնի օրակարգ չկա, և Բրյուսելում կայացած հանդիպումը տնտեսության կայունության և դիվերսիֆիկացիայի մասին էր։
Հիշու՞մ եք, թե ինչպես անցած շաբաթ Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, պատասխանելով ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինին, հայտարարեց. «Հայաստանը որևէ երկրի հետ չի քննարկում և չի բանակցում որևէ ռազմակայանի տեղակայման կամ ռազմավարական դաշինքին միանալու մասին»։ Սիմոնյանը նաև «անհեթեթ» էր անվանել արևմտյան երկրներին ազգային տվյալների բազաներին հասանելիություն ապահովելու մասին Գալուզինի հայտարարությունները։
Իսկ երեկ Հայաստանի և ԱՄՆ-ի պատվիրակությունների միջև ռազմավարական երկխոսության ամփոփիչ հանդիպման արդյունքներով կողմերը համատեղ հայտարարություն են ընդունել։
Հայտարարությունից կարելի է առանձնացնել հետևյալ կետերը.
1. Կողմերն իրենց հանձնառությունն են հայտնել համագործակցության ամրապնդման և դրա կարգավիճակը ռազմավարական գործընկերության մակարդակի բարձրացնելու հարցում:
2. Համաձայնեցվել է համատեղ գործողությունների ծրագիր՝ խթանելու փոխադարձ բարգավաճումը, ներառյալ առևտրատնտեսական կապերի ընդլայնումը, պատժամիջոցների և արտահանման վերահսկողության ոլորտում համագործակցությունը, ինչպես նաև Հայաստանի էներգետիկ անկախությանն աջակցելը։
3. Միացյալ Նահանգները կշարունակի աջակցել Հայաստանի պաշտպանության ոլորտում և իրավապահ համակարգում իրականացվող բարեփոխումներին, այդ թվում՝ խորհրդատվության, ռազմական կրթության ծրագրերի և Կանզասի ազգային գվարդիայի հետ համագործակցության միջոցով:
4. Հայտարարության մեջ նշվում է նաև, որ ամերիկյան USAID մտադիր է աջակցել Հայաստանին մշակելու տրանսպորտային ռազմավարություն, որը կհիմնավորի Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» տեսլականը՝ խթանելով և ամրապնդելով տարածաշրջանային առևտուրն ու կապը արդար և տևական խաղաղության միջոցով:
Եթե դիվանագիտական լեզվից սա թարգմանենք ավելի հասկանալի լեզվի, ապա պարզ է դառնում, որ ինքնիշխանության մասին խոսող իշխանությունները երկրի կյանքի գրեթե բոլոր ոլորտները հանձնել են ամերիկացիների ձեռքը։
Հիմա չենք էլ խոսի այն մասին, որ աշխարհաքաղաքական նման կտրուկ շրջադարձն ուղղակիորեն հակասում է Նիկոլ Փաշինյանի և 2018-ի, և 2021-ի հայտարարություններին։ Փաշինյանը շատ լավ գիտեր, թե հայ հասարակությունն ինչ հարցերի շուրջ ունի կոնսենսուս՝ Մոնթե Մելքոնյանը հերոս է, Ղարաբաղը՝ հայկական, Ռուսաստանը՝ ռազմավարական դաշնակից։ Ե՛վ 2018-ին, և՛ 2021-ին, երբ Փաշինյանը հասարակության կոնսոլիդացիայի կարիք ուներ, «ընտրական ցիկլը վերապրելու» կարիք ուներ, նա չհակառակվեց այս թեզերին, 2018-ին նույնիսկ շահարկեց Մոնթե Մելքոնյանի կերպարը։ Բայց հիմա ամեն ինչ շրջվել է 180 աստիճանով, այսինքն՝ գործ ունենք քաղաքական խաբեության, քաղաքական խաբեության, քաղաքական շառլատանության հետ։
Եվ անդրադառնանք այն փաստին, որ վերջերս Ուկրաինայում հակամարտությունների սրման ակնհայտ միտում է նկատվում. պաշտոնական Կիևին թույլատրվել է հեռահար հրթիռներ արձակել դեպի Ռուսաստան, քննարկվում է ոչ միայն ռուսական սառեցված ակտիվներից ստացված եկամուտներով Ուկրաինային օգնելու, այլ նաև հենց այդ ակտիվներն օգտագործելու հնարավորությունը։ Ուկրաինային շուտով կփոխանցվի կործանիչների մեծ խմբաքանակ, արևմտյան երկրներն Ուկրաինա են ուղարկում իրենց հրահանգիչներին, ընդունվում են նոր օրենսդրական նախաձեռնություններ ՝ ՌԴ-ի համար զուգահեռ ներմուծման և այլընտրանքային տրանսպորտային հաղորդակցությունների հասանելիության հնարավորությունները փակելու համար։ Այլ կերպ ասած՝ Ռուսաստանի վրա հարձակվում են բոլոր ճակատներով։ Եվ հենց այս պահին է, որ Հայաստանը ոչ միայն «աշխարհաքաղաքական սալտո է» անում, այլ Ռուսաստանի Դաշնության աշխարհաքաղաքական թշնամիներին հանձնում է իր իշխանության բոլոր կարևոր օղակները։
ՀՀ իշխանությունները չեն կարող չհասկանալ, որ նման աշխարհաքաղաքական խաղերը մի պետության հետ, որը Բուդենովսկում ահաբեկչությունից 29 տարի անց պատանդառության մասնակից Շամիլ Բասաևի բանդայից ահաբեկիչ են գտնում և պատժում, չեն կարող աննկատ մնալ, բայց այս շրջադարձից տուժելու ենք մենք՝ հայ ժողովուրդն ու հայոց պետականությունը։ Դուք կասկածո՞ւմ եք, որ Նիկոլ Փաշինյանը պատրաստ է նման գին վճարել։
Ի դեպ, կա ևս մեկ նրբերանգ՝ 2018 թվականին Ջոն Բոլթոնի Հայաստան կատարած այցից հետո Փաշինյանը խոսեց Իրանի հետ սահմանը փակելու հնարավորության մասին՝ հայտարարելով, որ «ինչ ուզում են, դա էլ բանակցում են Ադրբեջանի հետ»։ Այժմ էլ Օ՛Բրայենի գլխավորությամբ «ամերիկյան դեսանտ» է իջել ՀՀ, և դրանից հետո Փաշինյանը հայտարարել է, որ Բաքվի հետ հաղորդակցությունները կարող են բացվել նույնիսկ մինչև խաղաղության պայմանագրի ստորագրումը, ինչպես նաև մեկնաբանելով երկրի հնարավոր դուրս գալը ՀԱՊԿ-ից, հայտարարեց, որ «կորոշեն, թե երբ դուրս գան»։
Պատմությունը կրկնվում է…
Մտածե՛ք այդ մասին…»։