Բոլորը Վերնագիր Պարզ ճշմարտություններ Մեծ ռեպորտաժ Հարազատս հյուսիսից Հայ գրականություն. audiobook Իրական Թուրքիա Թռիչք իմ տան վրայով Էթնիկ կոդ Բացահայտելով Շուշին Բարի հայկական երեկո Արցախյան բռնագաղթ ԱՐՑԱԽ․ ՀԱՅԱՍՏԱՆ․ ՆՈՐ ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳ | 2024. ի՞նչ է լինելու | Newsroom Alter Ego Alpha Economics 7 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 5 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից «Հայկական ամանորյա սեղանը Գայանե Բրեյովայի հետ»

Ռումբերը մեր գյուղի գլխով էին անցնում, երեխաները հաշվում էին |Արցախյան բռնագաղթ. վկայություններ #34

07 Դեկտեմբերի 2023, 22:30

Արցախից բռնի տեղահանվելուց հետո 30-ամյա Ռոզայի ընտանիքը հաստատվել է Երեւան քաղաքում: Ռոզան ամուսնու, երկու տղաների ու ամուսնու ծնողների հետ վարձով ապրում է Դավիթաշեն թաղամասում: Առայժմ ամուսինն է միայն  աշխատում, ինքն էլ որոշել է իր սիրած գործով՝ հրուշակագործությամբ զբաղվել:

Ռոզայի ընտանիքը բռնի տեղահանվել է Ասկերանի շրջանի Այգեստան գյուղից: Ամուսինն ու սկեսուրը պետական աշխատողներ էին: Բարսեղյանների ընտանիքը նաեւ գյուղատնտեսությամբ էր զբաղվում: Շրջափակման պայմաններում Արցախում ապրած վերջին ինը ամիսները ծանր էին, բայց այդ դաժան ապրումների մեջ Ռոզան հիմա երջանիկ պահերն է հիշում ու երանի տալիս դառը օրերին:

«Արցախը պատմական հայկական հող է: Ես մեծ հաճույքով այնտեղ կվերադառնայի ու մեծ հաճույքով էլ այնտեղ ապրում էի: Երանի եմ հիմա տալիս բլոկադային, հիմա տանը սեղանին ամեն ինչ կա, բայց ախորժակ չունենք ուտելու, կուզեի էն չոր հացը ուտել, որը հարեւաններով էինք էնտեղ ուտում, ուրձով ու նանայով թեյը խմում: Ես կապրեմ ազատ ու անկախ Արցախում, բայց ոչ Ադրբեջանի կազմում»,- ասում է Ռոզան:

Ադրբեջանի հարձակման օրը՝ սեպտեմբերի 19-ին, Ռոզան տանն էր:

«Մեր տան պատերը 44-օրյա պատերազմից հետո հեռացել էին իրարից: Այս անգամ ահավոր էր ուղղակի: Մեծ տղաս դպրոցից դեռ տուն չէր եկել, իսկ փոքրին էլ չգիտեմ ինչու՝մանկապարտեզ չէի տարել, վերցրեցի  նրան ու անմիջապես իջանք նկուղ, բացի մեր ընտանիքից այդտեղ տեղավորվեցին նաեւ մեր հարեւանները, գիշերն այդտեղ մնացինք ու միայն հրադադարից մի քանի ժամ հետո կարողացանք դուրս գալ նկուղից: Մեր գյուղին մոտ զորամաս կար, ռումբերը մեր գյուղի գլխով էին անցնում, երեխաները հաշվում էին դրանց քանակը»,- Alpha News-ի հետ զրույցում պատմում է Ռոզան:

Նկուղից դուրս գալուց հետո բարձրացել են տուն եւ այդտեղ մնացել մինչեւ սեպտեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը, երբ Արցախից դուրս եկան:

«Նկուղից դուրս գալուց հետո գյուղի տուն առ տուն ման էինք գալիս, որ նորություն իմանանք տղամարդկանց մասին, որոնք դիրքերում էին: Մենք դժոխքի միջով անցանք, կանայք դուրս էին եկել իրենց դարպասների մոտ, կուչ եկած սպասում էին, գյուղն ուրվական էր դարձել, մենք ոնց որ ուրվականներ լինեինք, իրար բան չէինք հարցնում, անխոս իրար հասկանում էինք՝ զանգ եղել է, թե՝ ոչ: Հետո գնացինք հայրական տուն, եղբորիցս ու փեսայիցս էլ լուր չունեինք, մայրս մի բուռ էր դարձել, հետո լսեցինք, որ ողջ են»,- ասում է Ռոզան:

Ռոզան պատմում է, որ պատերազմից հետո Արցախից դուրս գալու մտադրություն չեն ունեցել: Ասում է՝ սկեսուրը նույնիսկ թթու էր դնում: Լսել էին, թե մինչեւ հունվար ճանապարհը փակ է լինելու, բայց հենց նույն օրը իմացել են, որ Լաչինի միջանցքը բացվել է ու մարդիկ դուրս են գալիս Արցախից:

«Մենք անզեն էինք ու խոսակցություններ կային, որ թուրքերը զինված շրջում են: Ամուսինս ասաց՝ անհրաժեշտ իրերը հավաքի, որ դուրս գանք: Էդպես հավաքվեցինք ու ճանապարհ ընկանք սեպտեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը»,- պատմում է Ռոզան:

Ռոզայի սկեսուրը հասկացել էր՝ ճանապարհին հերթեր են լինելու եւ  Հայաստան հասնելը սովորականի պես մի քանի ժամ չի տեւելու: Ուտելիք ու մեղրով սարքած թեյ էր վերցրել հետը, որը ճանապարհին փրկություն էր:

«Մեր մեքենայի դիմացից գնացող բեռնատարի մեջ երեխաներ կային: Անձրեւ էր գալիս, թրջվում էին: Հետո մենք ադրբեջանցիների հանդիպեցինք Շուշիի մոտ, իրենց դրոշի վրա ադրբեջանական տարբերակով գրված էր՝ «Շուշա»: Դա էլ մեզ հոգեպես ճնշելու մի ձեւ էր, մեզ վրա ծիծաղում էին: Մենք մտածում էինք, թե ինչ է լինելու Հակարիի կամրջի ադրբեջանական անցակետում: Ճանապարհն իսկապես երկար տեւեց, հոգնում էինք մեքենայի մեջ, դուրս էինք գալիս, քայլում: Ու մեկ էլ նկատեցի, որ մի երեխա է լացում, մոտ մեկ տարեկան երեխան սովից էր լացում: Մայրը չէր պատկերացրել, որ մեքենաների մեծ հոսք է լինելու: Մենք մեր թեյից տվեցինք  ու նրա ընտանիքի հետ կերանք այն՝ ինչ ունեինք: Այդ պահին բոլորս մտածում էինք հետ դառնալու մասին, բայց ոչ մեկս չէր բարձրաձայնում, հետդարձն էլ անհնար էր, մեքենաները իրար կպած էին»,- հիշում է Ռոզան:

Հակարիի կամրջի անցակետում ադրբեջանցիները ստիպել են տղամարդկանց դուրս գալ մեքենայից: Ռոզայի ամուսնու հորը ստիպել են հարցազրույց տալ լրագրողներին ու նոր բաց են թողել: Կոռնիձորում արդեն Բարսեղյանները խորը շունչ են քաշել, բայց քիչ անց լսել են Ստեփանակերտի բենզինի պահեստի պայթյունի գույժը:

«Պարզվեց մենք դժոխքի բոլոր գույները չէինք տեսել, փաստորեն դա էլ տեսանք»,- վշտացած ասում է Ռոզան: