Ռուսաստանը՝ Հայաստանի հայտարարված թշնամի
05 Սեպտեմբերի 2023, 22:00
Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն։
2018 թվականի իրադարձությունների ժամանակ հիմնական խոստումներից մեկն այն էր, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմավարական համագործակցությունը չի վերանայվի, այլ կերպ ասած՝ Հայաստանի անվտանգության համակարգը և սահմանների լեգիտիմության համակարգը չի վերանայվի։ «Հեղափոխական ագորայում» հայտարարվեց, որ 2018 թվականի իշխանափոխությունից հետո Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի հարաբերությունները հասել են աննախադեպ բարձր մակարդակի։
Ավելին, 2021 թվականի արտահերթ ընտրություններից առաջ Նիկոլ Փաշինյանը խոստացել է իրեն քվեարկողներին՝ ռազմավարական գործընկերություն պահպանել Ռուսաստանի հետ, և այն մարդիկ, ովքեր քվեարկել են նրա օգտին, քվեարկել են, այդ թվում, աջակցելով այս գաղափարին։
Մի կողմ թողնենք, որ և՛ 2018-ին, և՛ հատկապես 2021-ին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը «Ռուսաստանի հետ ռազմավարական բնույթի հարաբերություններ պահպանելու և բարելավելու» մտադրության մասին ընդամենը շատ լավ խաղարկված «քաղաքական շախմատի խաղ էր», որի նպատակն էր չեզոքացնել Ռուսաստանի հնարավոր ազդեցությունը Հայաստանի ներքաղաքական գործընթացների վրա, ու ավելի մանրամասն վերլուծենք ընտրություններին հաջորդած ճգնաժամը, որն ակնհայտորեն տեսանելի է հայ-ռուսական հարաբերություններում։
Նիկոլ Փաշինյանի, Իլհամ Ալիևի և Շառլ Միշելի հուլիսյան եռակողմ հանդիպումից առաջ, երբ առավել քան ակնհայտ էր, որ կողմերը պատրաստվում են «խաղաղության պայմանագիր» կնքել արևմտյան բանակցային հարթակում, ՌԴ ԱԳՆ-ն արեց հնչեղ հայտարարություն, որում, ի թիվս այլնի, նշել էր, որ հենց Արցախի ճանաչումը (որը նաև հակասում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի փաստաթղթին)՝ որպես Ադրբեջանի մաս, փոխեց ռուս խաղաղապահների կարգավիճակը և, համապատասխանաբար, Լաչինի միջանցքի կարգավիճակը։
ՌԴ ԱԳՆ հայտարարությունը ոչ միանշանակ մեկնաբանվեց Հայաստանի իշխանությունների կողմից։ Ինչն, արդեն ամռանը, վկայում էր այն մասին, որ Երևանի և Մոսկվայի հարաբերություններում լարվածությունն աճում է։
Հայաստանի և Ռուսաստանի առճակատման նոր փուլը սկսվեց արդեն աշնանը, երբ ՀՀ ԱԳՆ-ն և ԱԺ նախագահ Ալեն Սինոնյանը, մեկնաբանելով ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարությունը, թե Երևանի որոշումը՝ ճանաչել Արցախը Ադրբեջանի մաս, ինչպես նաև հորդորը՝ «իրականացնել ստանձնած պարտավորությունները», անվանվել էին «հիասթափեցնող» ու նորից կրկնվել էր այն թեզը, որ իրականում հենց Ռուսաստանն է՝ ի դեմս Վլադիմիր Պուտինի, Արցախը ճանաչել Ադրբեջանի մաս։
Հայաստանի Ազգային ժողովի նախագահը միտումնավոր մեջբերում էր Պուտինի հայտարարության միայն մի հատվածը, որը բացի Սիմոնյանի մատնանշած հատվածներից, պարունակում էր հետևյալ միտքը. «Այո, այդպիսի խնդիր կա (ԼՂ կարգավիճակի հարցը — խմբ.), Ղարաբաղի վերջնական կարգավիճակը չի հստակեցվել։ Մենք պայմանավորվել ենք, որ պահպանելու ենք ստատուս քվոն, ներկա իրավիճակը։ Թե ինչ կլինի հետո, պետք է որոշեն ապագայում կամ ապագա առաջնորդները՝ այս գործընթացի ապագա մասնակիցները»։
Ավելին, 2020 թվականի դեկտեմբերին մամուլի ասուլիսի ժամանակ ՌԴ նախագահը հայտարարեց հետևյալը. «Միջազգային իրավական տեսակետից Ղարաբաղը Ադրբեջանի կազմում է, բայց իրականում իրավիճակն ավելի բարդ է։ Այստեղ յուրաքանչյուր կողմ ունի իր ճշմարտությունը։ Սրան պետք է հանգիստ վերաբերվել ու քննարկել»։
Բայց հայ-ռուսական դիմակայությունը դրանով չավարտվեց, և վերջին օրերին մենք ականատես եղանք, թե ինչպես Հայաստանը՝ ի դեմս ԱԳՆ խոսնակի, ԱԺ փոխնախագահի և Նիկոլ Փաշինյանի, շարունակեցին Ռուսաստանի հետ առճակատման քաղաքականությունը։ Շատերը գուցե չհասկանան, բայց չունենալով դրա մանդատը՝ ՀՀ իշխանությունները Ռուսաստանին հայտարարեցին Հայաստանի թշնամի, միացան Ռուսաստանի Դաշնության և Իրանի դեմ արևմտյան կոալիցիային։ Միացան՝ առանց անվտանգության երաշխիքների։
Այն, ինչ այսօր տեղի է ունենում Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերություններում, ինչպես նաև անվտանգության ճարտարապետության ակնհայտ փոխակերպումը, հետևանք է ոչ այնքան 2020 թվականի պատերազմի, որքան 2021 թվականի ընտրությունների արդյունքների։ Իրավիճակի վերաբերյալ Ռուսաստանի ռազմավարական տեսլականը շարադրված էր ոչ միայն ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՌԴ նախագահի հայտարարություններում, այլև այն վստահության մեջ, որ Երևանը երբեք չի ճանաչի Արցախը՝ որպես Ադրբեջանի մաս, ինչը կբերի ՌԴ խաղաղապահների՝ տարածաշրջանում մշտական ներկայության: Սակայն, ակնկալել դա Փաշինյանից, որի քաղաքական կարիերան և գաղափարական հետագիծը վկայում էին, որ նա բոլորովին այլ գաղափարների կրող է, ռազմավարական սխալ էր։
Գործող իշխանությունների ռազմավարական ընտրությունը Արևմուտքի (իսկ իրականում Թուրքիայի և Ադրբեջանի կողմ) ուղղությամբ, միանգամայն տրամաբանական է, քանի որ միայն նման ընտրությամբ, Ռուսաստանի` Հայաստանի թշնամի հռչակմամբ, գործող իշխանությունը կարող է քաղաքական ապագա ունենալ։