Ռուսաստանը, կորցնելով Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը, կորցնում է նաև Ադրբեջանը
12 Փետրվարի 2025, 11:00
(Այն, ինչ տեղի է ունենում Մոսկվայի և Բաքվի միջև, հնարավորինս տրամաբանական է)
Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանն Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն, որում մասնավորապես ասվում է.
«Կրկին ու կրկին կարելի է փաստել, որ Մոսկվայի և Բաքվի հարաբերությունները գնալով ավելի ու ավելի են հիշեցնում վերջին տարիներին Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները։ «Ռուսական տան» փակման և ՌԴ Պետդումայի պատգամավոր Նիկոլայ Վալուևի մուտքը Ադրբեջան արգելելու մասին տեղեկատվական աղմուկը դեռևս չէր մարել, երբ ադրբեջանական ԶԼՄ-ներն արդեն հաղորդում էին «ռուսական գործակալական ցանցի բացահայտման մասին»:Այս «կառույցի» ղեկավարը, ինչպես գրում են տեղական լրատվամիջոցները, եղել է նախագահի աշխատակազմի նախկին ղեկավարը Ռամիզ Մեհտիևը, որը հայտնի է որպես «գորշ կարդինալ»։ Այս խմբում ընդգրկված էին նաև Ադրբեջանի նախկին մշակույթի նախարար Աբուլֆաս Գարաևը, Ադրբեջանի երիտասարդության և սպորտի նախկին նախարար Ազադ Ռագիմովը և Ադրբեջանի ԱԳՆ նախկին ղեկավար Էլմար Մամեդյարովը:
Մեհտիևն ու Մամեդյարովը արդեն հերքել են իրենց նկատմամբ առաջադրված «ռուսական լրտեսներ լինելու» մեղադրանքները։ Սակայն մեզ հետաքրքրում է ոչ թե այս գործիչների ճակատագիրը, այլ այն, թե այժմ ինչ է կատարվում ռուս-ադրբեջանական հարաբերություններում։ Մոսկվայի և Բաքվի հարաբերություններում տեղի ունեցողը կարելի է պայմանականորեն անվանել «Ղարաբաղի բացակայության համախտանիշ»։ Իրականությունն այն է, որ Արցախի լուծարումը որպես հենակետ Հարավային Կովկասում, Հայաստանի կորուստը որպես ռազմավարական դաշնակից չեն դարձրել Ադրբեջանին Ռուսաստանի դաշնակիցը։ Ընդհակառակը, դա թույլ է տվել Ադրբեջանին ավելի բացահայտ քաղաքականություն վարել՝ Ռուսաստանին տարածաշրջանից վտարելու ուղղությամբ։ Ղազախստանում ընկած ադրբեջանական ինքնաթիռի պատմությունը պարզապես առիթ դարձավ, որ քարոզչական մեքենան գործի անցնի։
Հատկանշական է, որ Ադրբեջանում դժգոհություն առաջացրեց նաև ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալ Միխայիլ Գալուզինի վերջին հարցազրույցը, որտեղ նա կրկին հայտարարեց՝ Մոսկվան պատրաստ է նպաստել կողմերի միջև հարաբերությունների կարգավորմանը։ Նա նաև հայտարարեց՝ Մոսկվան դեմ է, որ «Հայաստանի և Ադրբեջանի միջև հապճեպ խաղաղության պայմանագիր ստորագրվի»: Ակնհայտ է, որ Բաքուն և Մոսկվան խորը տարաձայնություններ ունեն այս հարցում. Ադրբեջանի համար անընդունելի է ոչ միայն Ռուսաստանի մասնակցությունը Բաքվի և Երևանի բանակցություններին, այլև նույնիսկ այս հնարավորության հիշատակումը։
Կարելի է ենթադրել, որ Սիմոնյան Ալենն իր հայտարարությամբ ընդդեմ ռուսական միջնորդության բանակցություններում քաղաքական աջակցություն էր ցուցաբերել ադրբեջանական գործընկերներին։Մնում է միայն ասել, որ հենց այս իրավիճակն ու վերջին տարիներին դրսևորված Բաքվի ու Թեհրանի տարաձայնությունները, որոնք նույնիսկ դեսպանատան փակման հանգեցրին, խոսում են այն մասին, որ եթե Հայաստանում լիներ կոմպետենտ ղեկավարություն, վերջին տարիներին տեղի ունեցածից շատ բան կարելի է փոխել։
Մտածե՛ք այդ մասին․․․»։