Բոլորը Վերնագիր Պարզ ճշմարտություններ Մեծ ռեպորտաժ Հարազատս հյուսիսից Հայ գրականություն. audiobook Իրական Թուրքիա Թռիչք իմ տան վրայով Էթնիկ կոդ Բացահայտելով Շուշին Բարի հայկական երեկո Արցախյան բռնագաղթ ԱՐՑԱԽ․ ՀԱՅԱՍՏԱՆ․ ՆՈՐ ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳ | 2024. ի՞նչ է լինելու | Newsroom Alter Ego Alpha Economics 7 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 5 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից «Հայկական ամանորյա սեղանը Գայանե Բրեյովայի հետ»

Սաբիհա Գյոքչեն. «5 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից»

14 Հոկտեմբերի 2024, 22:00

 

Թուրքիայի Հանրապետության հիմնադիր-նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը զավակներ չուներ, բայց որդեգրել էր 8 երեխա։ Նրանցից մեկին՝ Սաբիհա անունով աղջկա որդեգրելիս չէր էլ մտածում՝ տասնամյակներ հետո այդ հիվանդ աղջկան ստիպված է լինելու խոստովանել, որ չի ապաքինվելու այդ հիվանդությունից, քանի որ դա էթնիկ հիվանդություն է, որ կոչվում է Երևանյան հիվանդություն:

Օսմանյան կայսրության կարևոր ինստիտուտներից մեկն էր Ենիչերիների կամ, այսպես կոչված, մանկահավաքի ինստիտուտը, երբ տարբեր փուլերում պետությունը վերցնում էր ոչ թուրք ժողովուրդների երեխաներին՝ տարբեր տարիքի, նրանց բռնությամբ թուրքացնում էր, փոխում կրոնը, դարձնում մուսուլման ու տալիս ռազմական կրթության: Հետագայում նրանցից ձևավորվում էին ջոկատներ, որոնք կոչվում էին Ենիչերիների ջոկատներ և համարվում էին ամենամոլեռանդ ջոկատները ու նրանք էին, որ կայսրության արտաքին ու ներքին քաղաքականության մեջ շատ կարևոր տեղ ունեին:

Այսինքն՝ ոչ թուրք, բայց թուրքացված ու իսլամացած մարդիկ դառնում էին ավելի մոլեռանդ ու պաշտպանում էին այդ պետությունը:

Այս ինստիտուտի վերջին դրսևորումն, իմ կարծիքով, տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության տարիներին և դրանից հետո, երբ հազարավոր հայ որբեր, որոնք գտնվում էին տարբեր որբանոցներում, դառնում էին տարբեր թուրք գործիչների, պաշտոնյաների այսպիսի մտածողության թիրախներ: Հայտնի է, որ այդ որբերի ու որբանոցների հանդեպ հատուկ հետաքրքրություն է ունեցել թուրք գեներալ Քյազըմ Կարաբեքիրը, որը Հայաստանի դեմ պատերազմի հրամանատարն էր և որբանոցից հավաքագրած տարբեր երեխաներից ձևավորել էր ջոկատներ: Նրանցից շատերը հետագայում հայտնվել էին թուրքական կանոնավոր բանակում և հավաքական նրանց կոչում էին Կարաբեքիրի երեխաներ: Կա վարկած, որ նրանց մեծ մասը չուներ թուրքական ծագում:

Ահա նմանատիպ մի դրվագ էլ կապված է Թուրքիայի Հանրապետության հիմնադիր-նախագահի որդեգրած երեխաներից մեկի հետ: Նա հայտնի օդաչու Սաբիհա Գյոքչեն է, առաջին թուրք կին օդաչուն և, ընդհանրապես, առաջին ռազմական օդաչուն:

Այդ աղջիկը Աթաթուրքի կողմից որդեգրվել էր, նրան տրվել էր Սաբիհա Գյոքչեն անուն-ազգանունը, և նախագահի՝ իր հոր կամքով նա ստացել էր ռազմական կրթություն:

Սաբիհա Գյոքչենը բավականին հմուտ օդաչու էր, հաջողված էր իր գործում և նաև վերապատրաստվել էր Մոսկվայում: Նա համարվում էր 20-րդ դարի առաջին կեսի ամենահմուտ, ամենակատարելագործված կին օդաչուներից մեկը, իսկ ռազմական օդաչուների ասպարեզում ուներ անվերապահ գերակայություն:

Սաբիհա Գյոքչենը մի քանի իմաստով Թուրքիայի համար խորհրդանիշ էր:

Առաջին՝ երկրի հիմնադիր-նախագահի դուստրն էր, երկրորդ՝ առաջին կին օդաչուն էր, երրորդ՝ քրդական ապստամբություններում, մասնավորապես, 1936-1938 թթ. Դերսիմ գավառում ծագած ապստամբությունը ճնշվել է նաև թուրքական ռազմական ավիացիայի կողմից, ավելի կոնկրետ՝ օդանավերով ռմբակոծում էին խաղաղ բնակչությանը, նետում էին քիմիական զենք և ուղղակի իրականացնում ցեղասպանություն: Այդ գործում Սաբիհա Գյոքչենը բավական համարձակ էր և մեծ դերակատարում ուներ ու ընդունված է ասել, որ քրդական այդ ապստամբությունը ճնշվել է նաև այդ օդաչուի «ջանքերով»:

Հետագայում, Սաբիհա Գյոքչենն իրոք դառնալու էր խորհդանիշ: Բավական է ասել, որ Ստամբուլի ռազմական օդանավակայանը նրա անունն է կրում: Նրա մահից հետո՝ 2001-ից հետո այդ օդանավակայանը անվանակոչվեց Սաբիհա Գյոքչենի անունով: Այդտեղ վայրէջք կատարող կամ այնտեղից թռչող օդանավերի օդաչուները երևի թե չեն պատկերացնում, որ թուրքական խորհդանիշն այդքան էլ թուրքական չէ: Նրա ծագման հետ կապված կան անհերքելի փաստեր:

Սաբիհա Գյոքչենի անունը հասավ մինչև 2004թ., երբ Թուրքիայում տպագրվող հայկական «Ակոս» շաբաթաթերթում վերջինիս խմբագիր Հրանտ Դինքը ու նրա գործընկեր Տիրան Լոքմագյոզյանը հրապարակեցին մի հոդված, որտեղ լրագրողական հետաքննություն էր արվել ու վեր էին հանել մի հետաքրքիր փաստ. Սաբիհա Գյոքչենը, պարզվում է՝ ունի հայկական ծագում ու գտնվել էին այդ ծագման իրական ակունքները, անգամ հայտնի էր դարձել նրա իսկական անուն-ազգանունը:

Նա հայուհի Խաթուն Սեբիլջյանն էր: Երբ Սեբիլջյանների ընտանիքը աքսորվում է, Սաբիհա Գյոքչենը հայտնվում է թուրքական որբանոցներից մեկում: Նրա քույրը հասնում է Խորհրդային Հայաստան, իսկ եղբորն աքսորի ճանապարհը տանում է Լիբանան:

Տասնամյակներ հետո ընտանիքի կորած ճյուղերը գտնում են իրար, բայց գաղտնի: 2004-ին Սաբիհա Գյոքչենի հարազատ քրոջ՝ Երևանում բնակվող աղջիկը բացահայտում է այդ գաղտնիքը, որ թուրքական խորհրդանիշը՝ Աթաթուրքի դուստրն իրականում Սաբիհա Գյոքչենը չէ, այլ իր մորաքույր Խաթուն Սեբիլջյանը:

Alpha News-ի աշնանային եթերաշրջանում թուրք առաջին կին օդաչուի՝ Սաբիհա Գյոքչենի հայկական արմատների և թուրքական ռազմական օդաչուի կերպարն ու նրա ժամանակաշրջանի դասերը բացահայտում է հանրահայտ գիտնական, պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանը՝ «5 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից» շարքում:

Հիմա եթերում