Սամվել Կարապետյանը չպետք է մտներ այդ գործի մեջ, իր օգնությունը պետք է աներ այլ կերպ՝ «մեր ձևով»․ «Ժողովուրդն է խոսում»
13 Դեկտեմբերի 2025, 11:00
«Ժողովուրդն է խոսում». Alpha News-ի այս նախագծի շրջանակներում հարցախույզ ենք անցկացրել մայրաքաղաք Երևանում և ԱՄՆ-ի, Ռուսաստանի հայաշատ համայնքներում՝ պարզելու քաղաքացիների կարծիքը վերջին շրջանի կարևորագույն թեմաների շուրջ։
Քաղաքացիները խոսել են Թուրքիայի հետ հարաբերությունները կառուցելու իշխանությունների դիրքորոշման մասին՝ նշելով, որ թուրքերի հետ բարեկամությունն անհնար է, քանի որ թուրքը միշտ ուզեցել է ոչնչացնել հային։ «Այս դեպքում ընկերության մասին ոչ մի խոսք չի կարող լինել»,- նշել է հարցախույզի մասնակիցներից մեկը։
Մեկ այլ քաղաքացի էլ նշել է, որ այս փուլում կարևոր է զինվելը, քանի որ այսօր բանակը թույլ է։
«Պետք է Իսրայելի նման ուժեղանանք։ Ի՞նչ անվտանգության մասին է խոսքը, եթե հիմա թույլ ենք»,- ասել է մեկ այլ մասնակից։
Հարցվածները նշում են, որ հայ ազգը մշտապես ցանկացել է իշխանության գլխին հայանպաստ ղեկավար տեսնել, ինչպիսին, օրինակ, Կարեն Դեմիրճյանն ու Վազգեն Սարգսյանն են։
Քաղաքացիները նշում են նաև, որ իշխանությունը պետք է ծառայի ազգին, ոչ թե ազգը ծառայեցնի իր շահերին։
Խոսելով Հայ Առաքելական եկեղեցու դեմ իշխանությունների արշավի մասին՝ հարցախույզի մասնակիցներից մեկը նշել է․ «Անցանկալի երևույթ է։ Մենք միշտ պարծեցել ենք, որ առաջին քրիստոնյա ազգն ենք։ Սա մեզ սազական չէ»։
Մեկ այլ քաղաքացի էլ ասել է․ «Սամվել Կարապետյանի նման մարդը, որը հասել է բարձունքի, չպետք է մտներ այս գործի մեջ։ Իր օգնությունը պետք է այլ կերպ աներ, ինչպես ինքն է ասում՝ «մեր ձևով»»։