Բոլորը Վերնագիր Պարզ ճշմարտություններ Մեծ ռեպորտաժ Հարազատս հյուսիսից Հայ գրականություն. audiobook Իրական Թուրքիա Թռիչք իմ տան վրայով Էթնիկ կոդ Բացահայտելով Շուշին Բարի հայկական երեկո Արցախյան բռնագաղթ ԱՐՑԱԽ․ ՀԱՅԱՍՏԱՆ․ ՆՈՐ ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳ | 2024. ի՞նչ է լինելու | Newsroom Alter Ego Alpha Economics 7 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 5 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից

Սարսափահար վազում էինք նկուղներ ու սպասում մահվանը |Արցախյան բռնագաղթ. վկայություններ #26

16 Նոյեմբերի 2023, 21:30

Անսպասելիորեն օդը լցվեց վառոդի հոտով, արկերի պայթյուններն այնքան մոտիկ էին, որ բոլորս սարսափահար վազում էինք նկուղները ու սպասում, երեւի թե մահվանն էինք սպասում, որովհետեւ ամեն արկի պայթյունի ժամանակ տագնապած իրար էինք նայում ու թվում էր՝ սա վերջն է: Alpha News-ի հետ զրույցում այսպես է հիշում սեպտեմբերի 19-ը Արցախից բռնի տեղահանված, վաստակավոր ուսուցչուհի Անժելա Գաբրիելյանը:

Մեկուկես օր նկուղում պատսպարվելուց հետո արցախցիները լսեցին այդքան սպասված հրադադարի լուրը, որը, սակայն, չարդարացրեց նրանց ակնկալիքները:

«Սպասում էինք, որ գոնե ինչ-որ պայմանավորվածություն կլինի: Մենք չէինք մտածում, որ պետք է դուրս գանք Արցախից: Շրջանների ու Ստեփանակերտի միջեւ կապն ընդհատված էր, մարդիկ իրենց հարազատներից լուր չունեին, բայց հետո լուր ստացանք, որ սահմանամերձ գյուղերից մարդիկ տարհանվում են, որ տեղափոխվեն քաղաք: Որոշ տեղեր խոսում էին կոտորածների մասին, ով, ինչպես կարողանում մազապուրծ փախչում էր: Խաղաղապահները օգնում էին գյուղերից մարդկանց տարհանվել: Դե ուր պետք է տեղահանվեին, փոքր Ստեփանակերտը 44-օրյա պատերազմից հետո արդեն լցված էր հադրութցիներով ու շուշեցիներով: Խոսվում էր արդեն մայր հայրենիք տեղափոխվելու մասին: Մենք չէինք մտածում Ստեփանակերտից տեղահանվելու մասին, բայց բանակցություններից մեկ-երկու օր հետո որոշեցին, որ քաղաքից էլ պետք է տեղահանվենք»,- հիշում է տիկին Անժելան:

Ստեփանակերտցի կինը կսկիծով է պատմում այդ օրերի տեսածն ու լսածը: Ասում է՝ քաոսի մեջ էինք, պատված՝ անորոշությամբ ու խուճապով:

«Մեզ ոչ թե օրեր, այլ ժամեր էր հատկացնում տեղահանվելու համար: Տարիների վաստակը, ստեղծածը մի ճամպրուկի մեջ տեղավորեցինք, մեր պատմությունը թողեցինք անցյալում ու միայն հուշերով բռնեցինք գաղթի ճանապարհը»,- վշտացած ասում է 72-ամյա կինը:

Անժելա Գաբրիելյանը մանկագիր, բանաստեղծ Գուրգեն Գաբրիելյանի հարսն է: Նրանք մեծ կարողություն են թողել Արցախում, ոչ միայն նյութական իմաստով, այլեւ մշակութային: Տիկին Անժելան հիացմունքով է պատմում ամուսնու՝ անվանի նկարիչ Սամվել Գաբրիելյանի եւ սկեսրայրի թողած ժառանգության մասին, միեւնույն ժամանակ ափսոսում, որ չի կարողացել իր հետ բերել այն մշակութային ժառանգությունը, որը թողնվել էր մարդկությանը:

«Խանձք գյուղում է մնացել սկեսրայրիս կառուցած երկհարկանի տունը, որը նա կառուցել էր երիտասարդներին օրինակ ցույց տալու համար, որ չլքեն գյուղը: Իսկ քաղաքում թողել ենք երկու բնակարան, արվեստանոց: Բնակարաններից մեկը  սկեսրայրինս էր, որը հետագայում պետք է տուն-թանգարան դառնար: Այդ բնակարանն իր ձեռագրերով, գրքերով, արխիվով, ամեն ինչով մնացել է այնտեղ, մենք չհասցրեցինք շատ բան վերցնել: Մի փոքր պայուսակի մեջ տեղավորել եմ ամենակարեւորն ու գնացել ամուսնուս արվեստանոց, որտեղից վերցրեցի ամենափոքր նկարները, որոնք կարող էինք տեղավորել մեքենայի մեջ ու մեզ հետ բերել: Ամենամեծ կտավները, տարիների ստեղծածը մնաց այնտեղ»,- վշտացած ասում է տիկին Անժելան:

Արցախից դուրս գալն ամենածանրն էր: Գաբրիելյանները Ստեփանակերտը լքել են սեպտեմբերի 29-ին, վերջին արցախցիներից են եղել, որոնք դուրս են եկել Արցախից:

«Ես չէի ուզում գալ: Տղաս մի օր ասաց՝ կամաց-կամաց հաշտվիր այդ մտքի հետ, բայց չէի կարողանում, չէի ուզում: Մի օր էլ տղաս ադրբեջանցիների էր հանդիպել քաղաքում, իսկ նախագահականում աշխատող աղջիկս ասաց, որ ադրբեջանցիները ցանկացել են շրջապատել նախագահականի շենքն ու իրենց դրոշը տեղադրել: Որոշվեց հաջորդ օրն առավոտյան դուրս գալ Արցախից: Մեր շենքում մնացել էինք մենք ու դիմացիս հարեւանը: Լուսադեմին մեր ընտանիքներն էլ ճանապարհ ընկան դեպի Հայաստան»,- պատմում է Անժելա Գաբրիելյանը:

35 ժամ տեւած ճանապարհը սարսափով է հիշում տիկին Անժելան:

«Գիշերը տղայիս ընկերոջ հայրը դուրս էր եկել մեքենայից ու չնկատելով, որ անդունդի եզրին է, գլորվել էր ձորը: Հաջորդ օրը ռուս խաղաղապահների օգնությամբ գտնվեց նրա աճյունը: Մեկ այլ դժբախտ դեպք էլ էր պատահել. 30-ամյա կինը երեխաներին թողել էր մեքենայի մեջ, դուրս եկել մաքուր օդ շնչելու, բայց «Կամազը» վրաերթի էր ենթարկել նրան՝ թողնելով երկու մեքենաների արանքում»,- պատմում է նա:

Տիկին Անժելան Արցախ վերադառնալու հույս է փայփայում: Պատրաստ է հետ գնալ, միայն թե ադրբեջանցիների հետ չապրի:

«Անհնար է նրանց հետ անվտանգ ապրելը: Սովետական Միության ժամանակ իրավիճակն այլ էր, բարեկամության ու համերաշխության քարոզ էր այն ժամանակ տարվում, իհարկե, թշնամական վերաբերմունքը միշտ էլ արտահայտվել է, բայց դրանք քիչ դեպքեր էին ու մենք հարմարված ապրել ենք, իսկ հիմա այսքանի միջով անցնել ու նրանց հետ կողք կողքի ապրել՝ անհնար է»,- նշում է Արցախից բռնի տեղահանված կինը։

Մանրամասները՝ տեսանյութում: