Բոլորը Վերնագիր Պարզ ճշմարտություններ Մեծ ռեպորտաժ Հարազատս հյուսիսից Հայ գրականություն. audiobook Իրական Թուրքիա Թռիչք իմ տան վրայով Էթնիկ կոդ Բացահայտելով Շուշին Բարի հայկական երեկո Արցախյան բռնագաղթ ԱՐՑԱԽ․ ՀԱՅԱՍՏԱՆ․ ՆՈՐ ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳ | 2024. ի՞նչ է լինելու | Newsroom Alter Ego Alpha Economics 7 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 5 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 2025․ Ի՞նչ է լինելու | ԱՐՑԱԽ․ ՀԱՅԱՍՏԱՆ․ ՆՈՐ ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳ | «Հայկական ամանորյա սեղանը Գայանե Բրեյովայի հետ»

ՍԵՐԳԵՅ ՄԵԼՔՈՆՅԱՆ | 2025. Ի՞ՆՉ Է ԼԻՆԵԼՈՒ | ԱՐՑԱԽ․ ՀԱՅԱՍՏԱՆ․ ՆՈՐ ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳ

09 Հունվարի 2025, 20:00

«2025. Ի՞նչ է լինելու. Արցախ․ Հայաստան․ Նոր աշխարհակարգ» նախագծի շրջանակում Alpha News-ը զրուցել է պատմական գիտությունների թեկնածու, «ԱՊՐԻ Արմենիա» հետազոտական կենտրոնի գիտաշխատող Սերգեյ Մելքոնյանի հետ:

Նա քիչ հավանական է համարում, որ Հայաստանն ու Ադրբեջանը 2025 թվականի ընթացքում կստորագրեն այսպես կոչված խաղաղության պայմանագիրը, հաշվի առնելով Բաքվի պահանջները:

«Ադրբեջանը ստեղծում է այնպիսի պայմաններ, որ Հայաստանը թուլանա՝ տարածքները զիջելով, հանձնելով: Այն պահանջները, որոնք Բաքուն է ներկայացնում, անհնարին են, որ Հայաստանը կարողանա կատարել, օրինակ՝ «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» հետ բանակցելը կամ Սահմանադրության փոփոխությունը: Ադրբեջանը շահագրգռված չէ Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքել, իսկ խաղաղությունը հնարավոր է ապահովել երկու միջոցով՝ ուժով և դաշինքներով: Այո, Հայաստանը զինվում է, որպեսզի ապահովի ուժային բալանսը, բայց դաշինքների հետ կապված մենք խնդիր ունենք: Այն դաշինքները, որտեղ Հայաստանն է՝ չեն գործում, միևնույն ժամանակ նոր դաշինքներ Հայաստանը չի ստեղծում»,- նշում է Սերգեյ Մելքոնյանը:

Բաքվի պահանջներից մեկն էլ Սյունիքով անցնող ճանապարհն է, որն Ադրբեջանը կկապի Նախիջևանի հետ: Ալիևը, սակայն, ուզում է առանց վերահսկողության ճանապարհ, այսինքն՝ միջանցք, որը թուրքադրբեջանական տանդեմն անվանում է «Զանգեզուրի միջանցք»:
Պաշտոնական Երևանի հայտարարություններից Սերգեյ Մելքոնյանը տպավորություն է ստացել, որ Հայաստանը համաձայնել է այդ ճանապարհը տալ հեշտացված ընթացակարգով, այսինքն՝ առանց մաքսային ու սահմանային հսկողության: Հակառակ պարագայում, նա կարծում է, որ Բաքուն ուժ կկիրառի «միջանցքը» ստանալու համար:

«Ամենաբարձր մակարդակով Հայաստանից հայտարարեցին, որ պատրաստ են պարզեցված կարգով Սյունիքով Ադրբեջանին տարանցիկ ճանապարհ տրամադրել, ինչը փաստացի դառնում է միջանցք: Բայց սրան զուգահեռ մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը շարունակում է զորք, զենք-զինամթերք կուտակել Նախիջևանում և ժամանակավոր օկուպացված Արցախի հարավում, որպեսզի նոր հնարավորությունների պատուհանն օգտագործեն և փորձեն ուժով բացել «միջանցքը»: 2024-ին իրենք բավականին դիվանագիտական մեծ աշխատանք են կատարել, ստեղծել են միջազգային կոնսենսուս, որ ճանապարհը պիտի բացվի, իսկ թե ով պետք է այն վերահսկի, դա դարձել է երկրորդական հարց»,- շեշտում է Սերգեյ Մելքոնյանը:

Արտաքին քաղաքականության հարցում ըստ Մելքոնյանի, Հայաստանի իշխանությունը թուրքական կողմնորոշում ունի: Ու չնայած պաշտոնական Երևանի հայտարարություններին, թե իրենք արդեն ՀԱՊԿ-ից դուրս են, փորձագետը կարծում է, որ Հայաստանից չեն շտապի դե յուրե գործընթաց սկսել այդ կառույցից դուրս գալու գամար:

«Եթե ԱՄՆ-ում որոշում ընդունեն, որ Ռուսաստանի դեմ որդեգրում են ավելի կոնֆրոնտացիոն մոտեցում, ապա, այո, Հայաստանի դերն իրենց համար աճում է: Մեկ ճանապարհ կա, թե ինչպես կարող է Արևմուտքը կապվել Հայաստանի հետ՝ Թուրքիայով: Սա նշանակում է, որ կարող է ճնշում լինել հայ-թուրքական սահմանը բացվելու հետ կապված ու Հայաստանը դառնա Թուրքիայի ազդեցության գոտու մաս: Իսկ մեր արևմտյան գործընկերներն ուղիղ ասում են, որ պատրաստ չեն մեզ տրամադրել անվտանգության երաշխիքներ, ո՛չ քաղաքական կամք կա, ո՛չ էլ ունակություն: Հետևաբար Երևանում հասկանում են, որ եթե չեն ստանում այդ երաշխիքները, ապա ՀԱՊԿ-ում գոնե պետք է ֆորմալ մնան: ՀԱՊԿ-ը Հայաստանի անվտանգային ճարտարապետության մի մասն է, եթե դուրս են գալիս այդ կառույցից, ու չունեն այլ անվտանգային երաշխիքներ, ապա ստանում են նոր թշնամի՝ Ռուսաստան, բայց չունենալով այլ դաշնակիցներ, պետք չէ ունենալ նոր թշնամի»,- ասում է Սերգեյ Մելքոնյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Հիմա եթերում