Բոլորը Վերնագիր Պարզ ճշմարտություններ Չպատմված պատմություն Ուշադրությունից դուրս Մեծ ռեպորտաժ Հյուրընկալ Մոսկվան Հարազատս հյուսիսից Հայկական զատկի սեղան Գայանե Բրեյովայի հետ Հայկական ամանորյա սեղանը Գայանե Բրեյովայի հետ Հայ գրականություն. audiobook Իրական Թուրքիա Ինսթաֆեյս Ժողովուրդն է խոսում Թռիչք իմ տան վրայով Էթնիկ կոդ Բացահայտելով Շուշին Բարի հայկական երեկո Արցախյան բռնագաղթ Աշխարհակարգ 2.0 Newsroom Alter Ego Alpha Զրուցակից Alpha Economics Alpha Analytics 7 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 5 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 2025. ի՞նչ է լինելու | Արցախ․ Հայաստան․ Նոր աշխարհակարգ 2024. ի՞նչ է լինելու | Արցախ․ Հայաստան․ Նոր աշխարհակարգ

Շրջհարկի փոփոխությունը համակարգային խնդիրներ կառաջացնի փոքր և միջին բիզնեսի համար

29 Նոյեմբերի 2024, 18:30

 

2025թ-ից սպասվող հարկային փոփոխություններից շրջհարկի մասով սպասվելիքներն իսկապես մեծ խնդիրների առաջ կարող են կանգնեցնել փոքր տնտեսվարող սուբյեկտներին: Նախ նշենք, որ նախատեսվում է կրկնապատկել շրջհարկի դրույքաչափեր բոլոր տնտեսական գործունեությունների համար:

Պետք է նշել՝ չնայած այն հանգամանքին, որ դրույքաչափերը կրկնապատկվում են, սակայն, կախված տնտեսական գործունեության տեսակներից վերջնարդյունքում հարկային բեռը կարող է շատ քիչ ավելանալ, իսկ որոշ դեպքերում՝ նվազել:
Նախ երկու տնտեսական գործունեության օրինակով ներկայացնենք, թե դույքաչափերն ինչպես են փոխվելու:

Չնայած հարկադրույքը կրկնակի ավելանալու է, սակայն ծախսերից նվազեցումների հնարավորությունը ևս ավելանալու է, և նվազելու է հարկման պարտադիր նվազագույն շեմը:
Ստորև ներկայացնենք պայմանական օրինակով, թե ինչպես կփոխվի հարկը փոփոխություններից հետո:

Եթե ենթադրենք, որ հանրային սննդի ոլորտում գործող սուբյեկտի շրջանառությունը 200 000 դրամ է, ապա գործող դույքներով 6 տոկոս հարկը կազմում է 12 000 դրամ, նվազեցումները՝ շրջանառությունից 3 տոկոս՝ 6000 դրամ: Տարբերությունը կազմում է 6000 դրամ, սակայն հարկը չպետք է պակաս լինի շրջանառության 4 տոկոսից, ինչը 8000 դրամ է, հետևաբար՝ հարկային բեռն այդ 8000 դրամն է: Փոփոխությունից հետո նույն հաշվարկով հարկային բեռը կդառնա 7000 դրամ, այսինքն՝ ավելի պակաս: Բայց, այստեղ մի քանի կարևոր հանգամանքներ կան, որոնք էլ խնդիր կարող են առաջացնել:
Նախ, բերված օրինակն այն իդեալական դեպքն է, երբ կարելի է լիարժեք փաստաթղթավորել ձեռքբերումներն ու դրանով պայմանավորված ունենալ նվազեցումների այդ մեծ քանակը: Այս պարագայում հարց է առաջանում՝ որքանո՞վ է օբյեկտիվորեն հնարավոր այդ փաստաթղթավորումն իրականացնել: Մյուս կողմից, մեծ մարժայով գործունեության պարագայում, երբ ձեռքբերումները շատ ավելի քիչ են շրջանառությունից, նվազեցումը փոքր կլինի, իսկ հարկային բեռը մեծ: Դա նշանակում է, որ փոքր բիզնեսը տուժելու է, մեծը՝ շահելու:

Մյուս հանգամանքն այն է, որ պարտադիր փաստաթղթավորումը ենթադրում է հաշվապահության իրականացում, այսինքն՝ տնտեսվարողը պետք է հաշվապահ վարձի, ինչը լրացուցիչ էական ծախս է: Դա կարտացոլվի վերջնական ապրանք/ծառայության գնի վրա, այսինքն՝ այն կթանկանա: Մյուս կողմից, մատակարարից այլևս փաստաթղթավորված ձեռք բերելու պարագայում մատակարարն այլ գնով է վաճառելու տնտեսվարողին՝ ավելի թանկ, ինչը ևս վերջնական ապրանք/ծառայության գնի վրա կազդի:

Վերջնարդյունքում նույն գործունեությամբ զբաղվող ավելի խոշորի հետ փոքր բիզնեսը կհայտնվի էլ ավելի անհավասար մրցակցային դիրքերում, ինչն էլ ինստիտուցիոնալ առումով խնդիրներ է ստեղծելու այդ ոլորտի համար: