Տարածքներ՝ բանակցությունների դիմաց. Փաշինյանի բանաձևը
09 Սեպտեմբերի 2025, 19:00
(Հայաստանը զիջումների անվերջ պարույրի մեջ)
«Պատմությունը կրկնվում է, և կրկին Հայաստան-Թուրքիա բանակցային գործընթացի շրջանակներում տեղի ունեցող իրադարձությունների մասին ՀՀ քաղաքացիներն իմանում են նախ թուրքական աղբյուրներից, իսկ հետո տեղեկությունները հաստատում է հայկական կողմը: «Մոտ օրերս Հայաստանում կկայանա հանդիպում Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչների միջև», — այս մասին սեպտեմբերի 8-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանի հատուկ ներկայացուցիչ, ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ մեկնաբանելով թուրքական ԶԼՄ-ներում տարածված տեղեկատվությունը:
Ինչ վերաբերում է բանակցություններին, ապա պետք է ասել, որ հանդիպումների ժամանակագրությունը, դրանց պարբերականությունն ու համատեքստը մատնանշում են, որ հայ-թուրքական հարաբերությունների «կարգավորումը» սերտորեն կապված է ադրբեջանական ուղղությամբ Հայաստանի զիջումների հետ:
Զիջումները՝ որպես նախապայման
Հանդիպումների միջև ժամանակային ընդմիջումների վերլուծությունը ցույց է տալիս, որ դրանք հաճախ համընկնում են առանցքային իրադարձությունների հետ, որոնք Հայաստանի կողմից Ադրբեջանի և Թուրքիայի օգտին արված զիջումներ են: Իրադարձությունների հաջորդականությունը խոսում է ինքնին:
* 2022թ. հուլիս- 2024թ. հուլիս: Բանակցություններում երկամյա ընդմիջումը հաղթահարվեց միայն այն բանից հետո, երբ 2022թ. հոկտեմբերին Նիկոլ Փաշինյանը Պրահայում ճանաչեց Արցախը որպես Ադրբեջանի մաս, ինչպես նաև այն բանից հետո, երբ ԼՂՀ-ում իրականացվեց էթնիկ զտում, Արցախի Հանրապետությունն անցավ Ադրբեջանի լիակատար վերահսկողության տակ, իսկ հայ բնակչությունը ստիպված եղավ լքել իր Հայրենիքը։ Անկարայի և Բաքվի համար սա նշանակում էր ղարաբաղյան հակամարտության «լուծում»:
* 2024թ.հուլիս- 2025թ. սեպտեմբեր: Հերթական հանդիպումը տեղի կունենա Վաշինգտոնում Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ-ի մասնակցությամբ եռակողմ հանդիպման ֆոնին, որտեղ Հայաստանը դե ֆակտո և դե յուրե ճանաչել է ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդության կարիքի բացակայությունը, ստորագրել է խումբը լուծարելու խնդրանքով դիմում և ևս մեկ անգամ հաստատել է Ադրբեջանի «տարածքային ամբողջականությունը»:
Այսպիսով, Թուրքիան երկխոսությունն օգտագործում է որպես խրախուսման գործիք (ավելի ճիշտ՝ հայկական պատվիրակության հետ Թուրքիայի հանդիպումներն օգտագործվում են որպես ընդունելի վարքագծի դրական ամրապնդում)՝ համաձայնելով հանդիպումներին միայն այն բանից հետո, երբ Հայաստանը լուրջ զիջումների է գնում: Սա ստեղծում է բանակցությունների անհամաչափ բնույթ, որտեղ մի կողմը մշտապես զիջում է, իսկ մյուսը միայն համաձայնում է խոսել: Սա է հենց Փաշինյանի «տարածքներ՝ բանակցությունների դիմաց» բանաձևի իրագործումը:
Մշտական զիջումների քաղաքականությունը, թեև կարող է քարոզչական նպատակներով ներկայացվել որպես ժամանակ շահելու կամ խաղաղության հասնելու միջոց, իրականում հանգեցնում է Հայաստանի անվտանգության համակարգի աստիճանական քանդմանը: Պաշտպանական մեխանիզմները և անվտանգության գոտիները, որոնք նախկինում ծառայում էին պոտենցիալ ագրեսիան զսպելու համար, հետևողականորեն ոչնչացվում են: Այս համատեքստում էլ պետք է ասել, որ ԼՂՀ-ի կորուստը Հայաստանին զրկեց ռազմավարական խորությունից: Տարածաշրջանը, որը տասնամյակներ շարունակ անվտանգության համակարգի առանցքային տարրն էր, այժմ վերածվել է Հայաստանի վրա հետագա ճնշումների համար հարթակի:
Միջազգային երաշխիքներից հրաժարվելը
ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումը նշանակում է, որ Հայաստանը հրաժարվում է միակ միջազգային ձևաչափից, որը գոնե ինչ-որ կերպ կարող էր ապահովել հավասարակշռություն էսկալացիայի դեպքում: Երևանը մնում է մենակ Բաքվի և Անկարայի հետ՝ ապավինելով միայն արևմտյան գործընկերների կողմից տրվող հիպոթետիկ երաշխիքներին, որոնք իրավական ուժ չունեն: «Զանգ Դոնալդ Թրամփին» (որի մասին ԱՄՆ նախագահը խոսել է օգոստոսի 8-ին եռակողմ հռչակագիրը ստորագրելիս, և որը պետք է «կարգավորի Երևանի և Բաքվի միջև վեճերը») նույնպես պետք է դիտարկել որպես հիպոթետիկ երաշխիքների տարր:
Արդյունքում, Հայաստանը հայտնվում է զիջումների պարույրի մեջ, որտեղ յուրաքանչյուր համաձայնություն, ըստ էության, միայն ճանապարհ է բացում նոր պահանջների համար: Անվտանգության ամրապնդման փոխարեն այս ռազմավարությունն, ընդհակառակը, Հայաստանին ավելի խոցելի է դարձնում: Այս համատեքստում «ժամանակ ձգելու» փորձերը ոչ թե տակտիկական խորամանկություն են, այլ ռազմավարական սխալ, որն, ի վերջո, կարող է հանգեցնել ինքնիշխանության և նույնիսկ պետականության հետագա կորստի: Մինչ Թուրքիան և Ադրբեջանը հետևողականորեն լուծում են իրենց խնդիրները, Հայաստանը շարժվում է հակառակ ուղղությամբ՝ կամավոր կերպով զրկելով իրեն պաշտպանական մեխանիզմներից:
Մտածե՛ք այդ մասին․․․»։