Թուրքական «Բայրաքթարներն» ու իրանական «Շահեդները» Հայաստանի երկնքում
10 Հոկտեմբերի 2025, 12:00
(ՀՀ տարածքում պատերազմի ռիսկը նվազեցնելու փոխարեն, հավանական մասնակիցների թիվն է ընդլայնվում)
Մինչ Նիկոլ Փաշինյանը շարունակում է ձգտել բանավեճերի նախկին նախագահների հետ, ինչպես նաև խոսում այն մասին, որ «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանն արդեն երկու ամիս ու երկու օրեկան է», ադրբեջանական Գաբալայում տեղի ունեցավ Թյուրքական պետությունների կազմակերպության պետությունների ղեկավարների խորհրդի 12-րդ գագաթնաժողովը։
Գագաթնաժողովի շրջանակում ստորագրվեց Գաբալայի հռչակագիրը, որն ունի «Զանգեզուրի միջանցքին» նվիրված առանձին կետ։ «Ղեկավարները նշեցին Միջին միջանցքի միջազգային տրանսպորտային երթուղու, ներառյալ՝ Զանգեզուրի միջանցքի ռազմավարական նշանակությունը՝ ընդգծելով, որ այն զգալի ներդրում կունենա թյուրքալեզու պետությունների միջև կապերի ամրապնդման, ապրանքաշրջանառության ավելացման և ներտարածաշրջանային տնտեսական համագործակցության զարգացման գործում»,- ասվում է հռչակագրում։
Սա նշանակում է, որ Բաքվի համար կարևոր է նույնիսկ այս աշխարհաքաղաքական նախագծի բրենդինգը։ Ադրբեջանի ներսում Իլհամ Ալիևը պետք է ինչ-որ կերպ հիմնավորի այն փաստը, որ Ղարաբաղյան պատերազմում մինչև 10 հազար ադրբեջանցի է զոհվել այն իրավիճակում, երբ ադրբեջանական քարոզչությունը խոսում է այն մասին, որ «Նիկոլն իրենցն է», իսկ ինքը՝ Փաշինյանը, բազմիցս հայտարարել է, որ ամեն ինչ կարող էր լինել այնպես, ինչպես կա, բայց առանց զոհերի։ Ուրեմն ինչո՞ւ էին պետք զոհեր երկու կողմերից։ Հայաստանով անցնող միջանցքով Ալիևը ներքաղաքական օրակարգից կհանի այս հարցը, իսկ Թյուրքական պետությունների կազմակերպությունն անհրաժեշտ է որպես այդ բրենդի առաջխաղացման հարթակ։
Գագաթնաժողովն ուշագրավ էր նրանով, որ Գաբալայի հռչակագրի տակ կա նաև ՀԱՊԿ-ի անդամ երկրներ Ղազախստանի և Ղրղզստանի ղեկավարների ստորագրությունը։ Վերջին փաստը կարևոր է Երևանի համար նրանով, որ «տրամաբանորեն» Հայաստանի ինստիտուցիոնալ հարաբերություններն այդ ՀԱՊԿ շրջանակներում պետք է օգնեին Երևանին զսպելու Աստանային և Բիշքեկին՝ չմիանալու մեր թշնամիների ճամբարին։ Եվ երկար տարիներ այդպես էլ եղել է. նույնիսկ տարբեր միջազգային կազմակերպություններում քվեարկությունների մակարդակով ո՛չ Ղազախստանը, ո՛չ Ղրղզստանը երբեք չեն նկատվել «Բաքվի հանդեպ ավելորդ համակրանքի կամ սիրո» մեջ։ Սառեցնելով անդամակցությունը, իսկ փաստացի դուրս գալով ՀԱՊԿ-ից, Հայաստանը թուլացրեց ինստիտուցիոնալ փոխգործակցությունն այդ երկրների հետ, ինչպես նաև լեգիտիմացրեց նրանց միացումը մեր թշնամիների ճամբարին։
Գագաթնաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նաև առաջարկեց Թյուրքական պետությունների կազմակերպության երկրներին հաջորդ տարի զորավարժություններ անցկացնել։ Այսինքն, երբ Հայաստանը 2026 թվականին իր մոտ պլանավորում է կլիմայական COP-17 գագաթնաժողովի, Եվրոպական համայնքի գագաթնաժողովի անցկացումը, Ալիևը բարձրացնում է իր երկրի պաշտպանունակությունը։ Մենք հույս ունե՞նք, որ ադրբեջանական զենքը մեր դեմ չի օգտագործվի։ Իսկ ու՞մ դեմ է այն օգտագործվելու։ Իրա՞նի դեմ։ Ու այս իրավիճակում մենք, ըստ օգոստոսի 8-ի փաստաթղթի, Իրանի հետ սահմանը հանձնո՞ւմ ենք Ադրբեջանին։ Արդյոք դա չի՞ հանգեցնի նրան, որ և՛ Բաքուն, և՛ Թեհրանը «հարաբերություններ կպարզեն» մեր տարածքում։
Մտածե՛ք այդ մասին․.․