Բոլորը Վերնագիր Պարզ ճշմարտություններ Չպատմված պատմություն Ուշադրությունից դուրս Մեծ ռեպորտաժ Մեծ պատմություն Մամ ջան Հյուրընկալ Մոսկվան Հարազատս հյուսիսից Հայկական զատկի սեղան Գայանե Բրեյովայի հետ Հայկական ամանորյա սեղանը Գայանե Բրեյովայի հետ Հայ գրականություն. audiobook Իրական Թուրքիա Ինսթաֆեյս Ժողովուրդն է խոսում Թռիչք իմ տան վրայով Էթնիկ կոդ Բացահայտելով Շուշին Բարի հայկական երեկո Արցախյան բռնագաղթ Աշխարհակարգ 2.0 Newsroom Alter Ego Alpha Զրուցակից Alpha Economics Alpha Analytics 7 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 5 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 2025. ի՞նչ է լինելու | Արցախ․ Հայաստան․ Նոր աշխարհակարգ 2024. ի՞նչ է լինելու | Արցախ․ Հայաստան․ Նոր աշխարհակարգ «2026. ի՞նչ է լինելու»

TRIPP-ը նույն «Զանգեզուրի միջանցքն» է, որն ուղղված է նաև Իրանի դեմ

15 Հունվարի 2026, 12:00

(«Թրամփի միջանցքը», թե՞ հայկական պետականության քանդման վերջին փուլը)

«2026 թվականի հունվարի 14-ին Վաշինգտոնում տեղի ունեցավ իրադարձություն, որը պաշտոնապես ներկայացվում է որպես «պատմական ճեղքում»՝ տարածաշրջանային խաղաղության և բարգավաճման ապահովման գործում։ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի կողմից «Թրամփի երթուղի հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP-Trump Route for International Peace and Prosperity) նախագծի իրականացման հիմքերի մասին համատեղ հայտարարության ստորագրումը դարձավ դեռևս 2025 թվականի օգոստոսին մեկնարկած գործընթացների գագաթնակետը:

Սակայն ՀՀ ԱԳՆ դիվանագիտական ձևակերպումների փայլուն փաթեթավորման տակ թաքնված է մի նախագիծ, որը կարող է վերջնականապես վերաձևել տարածաշրջանի քարտեզը և Հայաստանին զրկել պետականության մնացորդներից:

TRIPP նախագծի վերլուծությունն անհնար է իրականացնել Դոնալդ Թրամփի վարչակազմի գլոբալ աշխարհաքաղաքական օրակարգից զատ: Այսօր Միացյալ Նահանգները բացահայտորեն կուրս են վերցրել իրանական վարչակարգի վերջնական ապամոնտաժման ուղղությամբ՝ կիրառելով «Առավելագույն ճնշում 2.0» մարտավարությունը: Իրանում իրավիճակն այսօր ծայրահեղ լարված է. Թեհրանի հետ բիզնես վարող ցանկացած երկրի դեմ կիրառվող աննախադեպ պատժամիջոցների ֆոնին երկիրը ցնցվում է կազմակերպված բողոքի ցույցերից։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր հրապարակային հայտարարություններում բացահայտորեն դրդում է ցուցարարներին զբաղեցնել վարչական շենքերը՝ տարածաշրջանը փաստացի կանգնեցնելով մեծ պատերազմի շեմին: Ի պատասխան՝ Թեհրանն ուղղակիորեն հայտարարում է, որ տարածաշրջանում ԱՄՆ-ի ինստիտուցիոնալ ներկայության ցանկացած ձև, ինչպես նաև Իսրայելը, կդառնան լեգիտիմ ռազմական թիրախներ։

Ու հենց այս պահին, երբ տարածաշրջանում նույնիսկ օդում զգացվում է լարվածություն, Նիկոլ Փաշինյանը ստորագրում է մի փաստաթուղթ, որով սեփական ձեռքով ամերիկացիներին բերում է հայ-իրանական սահման: Ներկայիս կառավարությունը գործում է հենց այն «քնած բջիջների» տրամաբանությամբ, որոնք, սպասելով «X» ժամին, այսօր Իրանում մզկիթներ են այրում, իսկ ՀՀ իշխանությունները հարված են հասցնում տարածաշրջանի կայունությանը և մեր հավերժ հարևան Իրանի հետ դարավոր բարիդրացիական հարաբերությունների թիկունքին:

Եթե TRIPP-ի աշխարհաքաղաքական շերտն ուղղված է Իրանի դեմ, ապա դրա տարածաշրջանային էությունը լիակատար կապիտուլյացիա է Բաքվի պահանջների առջև՝ հայ-ադրբեջանական օրակարգի շրջանակներում: Ըստ ԱԳՆ պաշտոնական փաստաթղթի՝ նախագիծը պետք է ապահովի «անխոչընդոտ մուլտիմոդալ տարանցիկ հաղորդակցություն» Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի միջև:

ԱՄՆ-ի հետ պաշտոնական փաստաթղթում «անխոչընդոտ կապ» (unimpeded connectivity) տերմինի օգտագործումը հաստատում է, որ Փաշինյանը կատարում է Իլհամ Ալիևի պահանջները՝ պարզապես դա անելով «միջնորդի» միջոցով: Ալիևը չէր ցանկանում հայերին տեսնել սահմանային մաքսակետերում, և համատեղ հռչակագիրը «փաթեթավորեց» այդ ցանկությունը օտարածին բառերով՝ «front office» և «back office»: Այս տերմինաբանության հետևում թաքնված է նվաստացուցիչ սխեմա. մաքսակետերում հայ պաշտոնյաները դուրս կմղվեն դեպի «back office»՝ փաստացի դառնալով անտեսանելի ադրբեջանցիների համար, որոնք ստանում են հենց այդ անխոչընդոտ անցումը: ԱՄՆ վերահսկողության տակ գտնվող մասնավոր օպերատորներով համալրված «front office»-ը կապահովի հաղորդակցությունը՝ բացառելով հայերի ուղղակի փոխազդեցությունը ադրբեջանական կողմի հետ ՀՀ ինքնիշխան տարածքում:

Ստեղծվող TRIPP Development Company-ի կառուցվածքը նման է տնտեսական էքսպրոպրիացիայի (բռնագրավման) ակտի: Հայաստանը ԱՄՆ-ին է փոխանցում նախագծի 74% բաժնեմասը 49 տարի ժամկետով, ընդ որում՝ փաստաթղթում ուղղակիորեն ամրագրված է բաժնեմասերի միավորման և նույնիսկ դրանց նվիրատվության հնարավորությունը: Սա նշանակում է, որ ԱՄՆ-ը կարող է վերցնել ողջ 100 տոկոսը, իսկ հետո նախկին հայկական 26%-ը «նվիրել» Թոմ Բարաքի ընկերներին՝ թուրքական MIT հետախուզությանը: Քիչ հավանական է, որ Փաշինյանի կառավարությունը կոշտ դիմադրություն ցույց տա նման սցենարին:

Միևնույն ժամանակ, Հայաստանը նախագծի շրջանակներում տրամադրում է և՛ տարածք, և՛, անհրաժեշտության դեպքում, կանխիկ ներդրումներ: Այսինքն՝ ենթակառուցվածքները պետք է մեծամասամբ կառուցվեն Հայաստանի Հանրապետության ռեսուրսների հաշվին, սակայն եկամուտների 74%-ը գնում է ԱՄՆ, իսկ երթուղուց իր շահերով օգտվելու է Ադրբեջանը: Չնայած այն հանգամանքին, որ փաստաթուղթը հագեցած է «ինքնիշխանություն» բառով, վերոնշյալ կետերը վկայում են ուղիղ հակառակ գործընթացի մասին:

TRIPP նախագիծն իր ներկայիս տեսքով 2022 թվականի պրահյան համաձայնությունների տրամաբանական և վերջնական շարունակությունն է: Հենց այդ ժամանակ Փաշինյանը, «Հայաստանի ինքնիշխանությունը փրկելու» պատրվակով, փաստացի հանձնեց Արցախը Պրահայում՝ վերջնականապես թաղելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունը: Այսօր մենք տեսնում ենք այդ դրամայի երկրորդ մասը. հանձնելով Արցախը՝ Փաշինյանն այժմ հանձնում է արդեն բուն Հայաստանը՝ կապիտուլյացիան փաթեթավորելով «արևմտյան ներդրումների» վառ շերտով: Տեղի ունեցողի աբսուրդային համատեքստը կայանում է նաև այս փաստաթղթի ստորագրման համար ընտրված պատմական պահի մեջ, երբ երկրի անվտանգությունը զոհաբերվում է ամերիկյան շահերին՝ Իրանի հետ նրանց դիմակայության մեջ:

Այն հիմնարար ճշմարտության անտեսումը, որ ԱՄՆ-ը գտնվում է հեռավոր օվկիանոսից այն կողմ, իսկ Իրանը մեր անմիջական հարևանն է, պարզապես քաղաքական սխալ կամ անկոմպետենտություն չէ: Իշխանության ղեկին գտնվելու յոթուկես տարիների ընթացքում կարելի էր սովորել լսել պատմության զարկերակը և հասկանալ նման քայլերի հետևանքները: Այն, ինչ մենք տեսնում ենք այսօր TRIPP նախագծի տեսքով, գիտակցված, նպատակաուղղված վնասարարություն է: Այս փաստաթղթի տակ դրված ստորագրությունը փաստացի Սյունիքը վերածում է օտարերկրյա վերահսկողության գոտու և հնարավոր ռազմական գործողությունների թատերաբեմի: Այս քաղաքականության գինը Հայաստանի՝ որպես ինքնիշխան սուբյեկտի անվտանգությունն ու հենց գոյությունն է: Իրական խաղաղության փոխարեն տարածաշրջանը ստանում է լարվածության նոր օջախ, որտեղ հայկական շահերը զոհաբերվել են հանուն Մերձավոր Արևելքի և Հարավային Կովկասի վերակառուցման Թրամփի ռազմավարության իրականացման:

Մտածե՛ք այդ մասին․․․»։