Բոլորը Վերնագիր Պարզ ճշմարտություններ Մեծ ռեպորտաժ Հարազատս հյուսիսից Հայ գրականություն. audiobook Իրական Թուրքիա Թռիչք իմ տան վրայով Էթնիկ կոդ Բացահայտելով Շուշին Բարի հայկական երեկո Արցախյան բռնագաղթ ԱՐՑԱԽ․ ՀԱՅԱՍՏԱՆ․ ՆՈՐ ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳ | 2024. ի՞նչ է լինելու | Newsroom Alter Ego Alpha Economics 7 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 5 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից

Տղաս դողում էր, Աստծուն դիմեց՝ պապիկիս տարել ես, հորս էլ չտանես. Կարինա Հարությունյանի բռնագաղթի պատմությունը

22 Նոյեմբերի 2023, 22:00

«Շրջափակման ընթացքում մտածում էինք, որ ինչ-որ լույս կբացվի, մենք պայքարում, դիմադրում էինք, որ Արցախը հայկական մնա»,- Alpha News-ի հետ զրույցում ասում է Արցախից բռնի տեղահանված Կարինա Հարությունյանը, որը Ադրբեջանի՝ սեպտեմբերի 19-ի հարձակման հետեւանքով հայրենազրկվել է:

Արցախից հեռու այժմ Կարինան կարոտով է հիշում շրջափակման դաժան օրերը, երբ ժամերով հացի համար հերթ էին կանգնում, խանութները դատարակ էին, հոսանքը ժամով էր, իսկ գազ ընդհանրապես չկար, եւ մարդիկ փայտե վառարանների վրա էին հաց թխում, ունեցած, հայթայթած այս կամ այն մթերքն էլ ամբարում էին ձմռան համար:

Սեպտեմբերի 19-ը, սակայն, ճակատագրական եղավ արցախահայության համար: Կարինան այդ օրն աշխատանքի չէր, նրա հետ էր 11-ամյա որդին՝ Տիգրանը, որը դպրոց էր հաճախում երկրորդ հերթով, բայց այդ օրը մորը համոզել էր, որ դպրոց չգնա: 13:00-ից շատ չանցած Ստեփանակերտի «Կրկժան» թաղամասի իրենց տանը լսվեց առաջին պայթյունի ձայնը:

«Երկրորդ պայթյունի ձայնը լսելուն պես ես հասկացա, որ խուճապի մատնվել պետք չէ: Խոհանոցի պատերը բավականին հաստ էին, երեխային վերցրի ու գնացինք այնտեղ: Տղաս դողում էր: 44-օրյա պատերազմի ժամանակ սկեսրայրս զոհվել էր, տղաս դրանից հետո եկեղեցի չէր գնում, բայց էդ ժամանակ ասաց՝ Աստված ջան, պապիկիս տարել ես, էս անգամ էլ հորս չտանես: Սկսեցի լացել, պարզ էր, որ վիճակը շատ լուրջ է, 44-օրյայից հետո սահմանները շատ մոտ էին»,- ասում է Կարինան:

Կարճ ժամանակ անց Կարինայի ամուսնու եղբայրը նրանց հետեւից է գնացել: Կարինան պատմում է՝ հրթիռակոծության ձայներն այնքան պարզ էին լսվում, որ տղային զրահաբաճկոն է հագցրել, իր հետ էլ վերցրել է որսորդական հրացան, փաստաթղթերն ու անմիջապես դուրս եկել տնից:

«2020թ.-ից հետո արցախցին գիտեր, որ ամեն վայրկյան կարող է ինչ-որ բան պատահել: Տղայիս բրոնի ժիլետ հագցրինք, որ հանկարծ բեկոր չկպնի: Ես դրանից հետո մեր տուն չեմ գնացել, որովհետեւ վտանգավոր էր: Մենք գնացինք սկեսուրիս տուն, 20 հոգով տեղավորվեցինք իրենց նկուղում, մինչեւ հրադադարը մեկ րոպե անգամ չդադարեցին կրակոցները, պայթյունները: Ես վերցրել էի նաեւ որսորդական հրացան, որ եթե չկարողանամ դիմացինիս վրա կրակել, գոնե մեզ սպանեմ, որովհետեւ հասկանում էի, թե ինչ է նշանակում հայ կնոջ եւ երեխայի՝ ադրբեջանցու ձեռքն ընկնելը»,- ասում է Կարինան:

Այդ օրը Կարինան ծնողներից ու եղբոր ընտանիքից լուր չի ունեցել, կապ ընդհանրապես չկար, հիշում է նա: Սեպտեմբերի 20-ին Կարինեն ու ընտանիքի մյուս անդամները ապահովության նկատառումներով տարհանվել են ռուս խաղաղապահների տեղակայման վայր

«Էդտեղ տեսարանն ահավոր էր, մեր նկուղում ավելի լավ էր, քան էնտեղ: Մենք չգիտեինք, որ մարդիկ գյուղերից մի կերպ փախել են, ոտաբոբիկ, հողաթափերով, իսկ օդանավակայանում ցուրտ էր, քամի, մարդիկ սոված էին, խաղաղապահները տանում էին ճաշարանում հաց տալիս, բայց նրանք էլ պատրաստ չէին էդքան մարդու ընդունել: Հետո ամուսինս զանգեց ու ասաց, որ վերադառնանք Ստեփանակերտ: Ի դեպ, ես մորս գտել էի հենց օդանավակայանում, դա միակ ուրախալի բանն էր էդ կրակոցների տակ»,- հիշում է Կարինան:

Կարինան ու նրա ամուսնու հարազատները Ստեփանակերտից դուրս են եկել սեպտեմբերի 28-ին: Մինչեւ այդ Կարինան ընդամենը մի օր է տնից դուրս եկել, ինչի համար զղչում է:

«Ավելի լավ է ես դուրս չգայի ու իմ հիշողություններում Ստեփանակերտը մնար մաքուր, սիրուն: Փողոցով քայլելիս լսվում էր, թե ինչպես են մարդիկ իրենց ափսեները կոտրում, որ ադրբեջանցին չվայելի դա»,- պատմում է Կարինան:

Արցախից դուրս գալու որոշումը Կարինայի ընտանիքը կայացրել է ստեղծված ծանր իրավիճակից ելնելով: Ստեփանակերտում արդեն ադրբեջանցի զինվորականներն ու ոստիկաններն էին շրջում, իսկ նրանց հետ ապրելը ստեփանակերտցի կնոջ խոսքով՝ անհնար էր:

«Ես երկու տարեկան եմ եղել, երբ ծնողներս Բաքվից դուրս են եկել: Հայրս ասում ա՝ Սովետի ժամանակվա թուրքն ուրիշ էր, հիմիկվանը՝ ուրիշ, չնայած մենք էլի թշնամիներ էինք, բայց 1988-ը տեսնելով՝ հասկանալի էր, որ հնարավոր չէ ադրբեջանցու հետ ապրել, դրա վառ օրինակն էլ 2020թ.-ի պատերազմն էր»,- նշում է Կարինան:

Արցախցի կինը պատրաստ է վերադառնալ Արցախ, եթե այնտեղ հայկական իշխանություն լինի: Նրա ընտանիքն այժմ վարձով բնակվում է Արաբկիր վարչական շրջանում: Ստեփանակերտի քաղաքապետարանում աշխատած Կարինան այստեղ աշխատանք չունի: Դիմել է Շրջակա միջավայրի նախարարություն, պատրաստվել աշխատանքի ընդունվելու համար հայտարարված մրցույթին, որից մեկ շաբաթ առաջ զանգ է ստացել, որ Հայաստանի քաղաքացիություն չունենալու պատճառով չի կարող մասնակցել դրան: Տան միակ աշխատողը Կարինայի ամուսինն է, որը Երեւան տեղափոխվելուց հետո աշխատանքի է անցել:

Կարինան Ստեփանակերտում հիմնական աշխատանքից զատ նաեւ փոքրիկ բիզնես ուներ: Գիպսե արձաններ ու տարոսիկներ էր պատրաստում: Երեւանում այժմ վերսկսել է այդ աշխատանքը,  պատվերների է սպասում:

Մանրամասները՝ տեսանյութում: