Վաղարշապատի հետևանքները. Ու՞մ հետևում է թաքնվելու Փաշինյանը 2026 թվականին
18 Նոյեմբերի 2025, 19:20
(Հաջորդ վեց ամիսների ընթացքում Հայաստանում ներքաղաքական փոխակերպումների շքերթ է լինելու)
«Վաղարշապատ խոշորացված համայնքի ավագանու ընտրությունները, որոնք տեղի ունեցան 2025 թվականի նոյեմբերի 16-ին, ոչ միայն ընտրական (էլեկտորալ) իրադարձություն էին, այլև կարևորագույն հանգրվան Ազգային ժողովի (ԱԺ) ընտրությունների նախաշեմին։
«Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցության հաղթանակը, որը ստացավ 19 մանդատ, ձեռք բերվեց դեռևս քվեարկության օրվանից շատ առաջ իշխանության կողմից իրականացված ռազմավարական միջոցառումների (կամ՝ միջամտությունների) ֆոնին։ Իշխող կուսակցությունը կիրառեց համալիր մոտեցում, որը միավորում էր վարչական ռեսուրսը, ֆինանսական «խթանումը» և քաղաքական հռետորաբանության փոփոխությունը։
Ընտրություններից մի քանի ամիս առաջ (հունիսի 20-ին) Վաղարշապատ համայնքը խոշորացվեց Խոյ համայնքի ՝ հարակից մի քանի գյուղերի միացման միջոցով: Նման վարչական փոփոխությունները հաճախ օգտագործվում են ընտրական հաշվեկշիռը տեղաշարժելու և ավանդական ընդդիմադիր կենտրոնները թուլացնելու համար։
ՔՊ-ից թեկնածու Արգիշտի Մեխակյանի խոսքերով՝ նախքան ընտրությունները վերջին մի քանի ամիսներին կառավարությունը համայնքում սուբվենցիոն ծրագրերին հատկացրել է կես միլիարդ դրամի հասնող գումար։ Այդ մասին Մեխակյանը հայտարարեց Հայաստանի Հանրային հեռուստաընկերությամբ կայացած մեծ բանավեճի ժամանակ։ Ենթակառուցվածքների և սոցիալական ծրագրերի այս ուղղակի ֆինանսական ներարկումն անկասկած ազդել է ընտրությունների արդյունքների վրա։
Հատկանշական է նաև այն, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Արգիշտի Մեխակյանը քարոզարշավի ընթացքում ամեն կերպ խուսափում էր իր կուսակցական պատկանելությունը նշելուց։ Քաղաքական ուժի ընտրության փոխարեն՝ Մեխակյանը ձգտում էր գործընթացը վերածել «թաղի լավ տղու» կամ «տնտեսական պատասխանատուի» (ռուսերեն՝ «завхоз»-ի) ընտրության, այսինքն՝ տեղացի տնտեսվարի, որը կլուծի կենցաղային խնդիրները։ Սա հնարավորություն տվեց հեռու մնալ համապետական օրակարգից, հեռու մնալ Նիկոլ Փաշինյանի տոկսիկ քաղաքական կերպարից և կենտրոնանալ տեղական պոպուլիզմի վրա։
Այս ռազմավարության ֆոնին ընտրությունների արդյունքները հետևյալն են. «Քաղաքացիական պայմանագիր»՝ 19 մանդատ. «Հաղթանակ» դաշինք՝ 12 մանդատ. «Մայր Հայաստան» կուսակցություն՝ 2 մանդատ։
Ընտրությունների արդյունքները հստակ ցույց տվեցին, որ ընդդիմադիր կուսակցությունների առանձին մասնակցության փաստը ձեռնտու եղավ Նիկոլ Փաշինյանին (մոտ 7% ընդդիմադիր տրամադրված ընտրողների ձայներ չանցան որևէ կուսակցությանը)։ Ավելին, ըստ վերլուծաբանների գնահատականների, Նիկոլ Փաշինյանը դաշտ է բերել մի քանի կեղծ ընդդիմադիր քաղաքական կուսակցությունների, որոնք, լինելով իբր ընդդիմադիր, պետք է խլեին նույնիսկ փոքր, բայց կրիտիկական նշանակություն ունեցող ընտրազանգվածը իրական ընդդիմությունից։
Այս գործընթացում առանցքային դեր է խաղացել «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը։ Նրա գործոնն ավելի կարևոր է եղել, քան «Հանրապետություն» կուսակցության գործոնը։ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը տարել է պոտենցիալ ընդդիմադիր ձայների մոտ 4%-ը՝ փաստացի հանդես գալով որպես «տրոյական ձի», ինչը կրիտիկականորեն նպաստել է ՔՊ-ի հաղթանակին։ Սա ապացուցում է մինչև 2026 թվականն ընդդիմության ռացիոնալ խոշորացման անհրաժեշտությունը։
«Հաղթանակ» դաշինքի թեկնածու Սևակ Խաչատրյանի արդյունքները (ավելի քան 10 հազար ձայն) 2021 թվականին հաղթած ՔՊ-ական Դիանա Գասպարյանի արդյունքների (նույնպես մոտ 10 հազար ձայն) հետ համեմատությունը ցույց է տալիս զգալի ընդդիմադիր ներուժի առկայությունը։ Ընտրողների մասնակցության շեմի մի փոքր ավելացումը կարող էր արմատապես փոխել մանդատների հաշվեկշիռը։ Բացահայտված խնդիրների և համախմբման անհրաժեշտության լույսի ներքո, ակնկալվում է, որ Սամվել Կարապետյանի նոր քաղաքական ուժի գործոնը կդառնա ընդդիմության խոշորացման առանցքային կատալիզատորներից մեկը։
Դրան պետք է նպաստի նաև տեղերում աշխատանքի կատարելագործումը. ընդդիմությունը սովորել է արձանագրել խախտումները, բայց դեռևս չունի դրանց կանխարգելման գործուն գործիքներ։
2025 թվականի Վաղարշապատի ընտրությունները ցայտուն ցույց տվեցին, թե ինչպես է իշխանությունը կարողանում քողարկել ներքաղաքական օրակարգն՝ օգտագործելով տեղական թեկնածուներին և վարչական լծակները հաղթանակն ապահովելու համար։ Եթե Վաղարշապատի ՏԻՄ ընտրություններում Նիկոլ Փաշինյանը կարող է թույլ տալ իրեն «թաքնվել» տեղացի «տնտեսական պատասխանատուի» ետևում, ապա անխուսափելի հարց է առաջանում՝ իսկ ո՞ւմ ետևում է թաքնվելու Նիկոլ Փաշինյանը 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում։
Ընդդիմության համար այս հարցի, ինչպես նաև մասնակցության ձևաչափերի, մասնակցության ավելացման մեթոդների, կեղծիքների կանխարգելման հարցերի պատասխանները պահանջում են արագ և արդյունավետ լուծումներ։ Անհրաժեշտ է խուսափել բազմաթիվ փոքր կուսակցությունների մասնատումից և մշակել կառավարող կուսակցության վարչական, ֆինանսական և մարտավարական մանևրներին հակազդելու արդյունավետ ռազմավարություն, ներառյալ կեղծ ուժերի օգտագործմանը հակազդելը։
Մտածե՛ք այդ մասին․.․»։