YouTube-ը՝ նյարդերի հաշվին. դրամայնացման «առաջին սերիան» Հայաստանում. «Ուշադրությունից դուրս»
08 Մարտի 2026, 20:00
Հայաստանում արդեն մի քանի շաբաթ է, ինչ YouTube-ից օգտվելը դարձել է անհարմար և նյարդայնացնող։ Պատճառը գովազդներն են, որոնք հայտնվում են ամենաանպատեհ պահերին։
Ինչպես և խոստացել էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը, Հայաստանում արդեն հասանելի է YouTube-ի դրամայնացման համակարգը: Ոլորտի մասնագետները, սակայն, մեզ հետ զրույցում նշում են՝ համակարգը դեռ թեստային փուլում է: Տեղական գովազդների փոխարեն օգտատերերը տեսնում են միջազգային գովազդ, որից գեներացվող գումարն այս պահին շատ չնչին է:
Տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը նշում է, որ առաջիկայում, երբ դրամայնացման համակարգը լիարժեք գործարկվի Հայաստանում, մարդիկ ավելի շատ դժվարությունների ու անհարմարությունների առաջ կկանգնեն։ Գովազդն ավելի է շատանալու, իսկ տեսանյութերն անընդհատ ընդհատվելու են։
Փորձագետը կանխատեսում է, որ շատերը սկսելու են ալիքներ բացել՝ հեշտ գումար վաստակելու հույսով, ինչի պատճառով հարթակը հեղեղվելու է անորակ բովանդակությամբ։ Մարտիրոսյանի գնահատմամբ՝ ամեն ինչ կհստակեցվի միայն ամիսներ անց, երբ պարզ դառնա, որ այս ոլորտում մեծ գումարներ չկան, և ասպարեզում կմնան միայն որակյալ պոդքաստերն ու սթենդափները։
Մարտիրոսյանը շեշտում է, որ թեև YouTube-ը հնարավորություն է տալիս գովազդներն անջատել Premium բաժանորդագրության միջոցով, այդ ծառայությունը Հայաստանում դեռևս հասանելի չէ։
Անդրադառնալով Youtube-ի եկամտաբերության մասին հարցին՝ Մարտիրոսյանը նշում է, որ դա կախված է ոչ միայն դիտումների քանակից, այլև տեսանյութերի բովանդակությունից ու հայ գովազդատուների ակտիվությունից։ Ըստ նրա հաշվարկների՝ մեկ միլիոն դիտման դեպքում հեղինակը կարող է աշխատել մոտ 500 դոլար։
Մարքեթոլոգ, «Smartology» ընկերության հիմնադիր Արտակ Հարությունյանն էլ իր հերթին հիշեցնում է, որ Google-ը, որպես հարթակ տրամադրող, պահում է գեներացվող գումարի զգալի մասը՝ շուրջ 90 տոկոսը։
Նրա խոսքով՝ համակարգի գործարկումը բովանդակություն ստեղծողներին առանձնապես մեծ առավելություն չի տալիս և չի ապահովում հսկայական եկամուտներ, քանի որ բրենդների հետ ուղիղ պայմանագրերը շարունակում են մնալ շատ ավելի շահավետ։