Պյատիգորսկի բժիշկ Հրանտ Կունդուպյանը հաջողությամբ հեռացրել է երիտասարդ կնոջ գլխուղեղի ուռուցքը

19 Ապրիլի 2025, 17:16

Հայեր

Հայ բժիշկ, Պյատիգորսկի քաղաքային կլինիկական հիվանդանոցի նյարդավիրաբուժական բաժանմունքի վարիչ Հրանտ Կունդուպյանը բարեհաջող հեռացրել է հիվանդի գլխուղեղի 4×4 սմ չափի ուռուցքը: Այս մասին հայտնում է հիվանդանոցի տելեգրամյան ալիքը:

30-ամյա մի աղջիկ դիմել է Պյատիգորսկի քաղաքային կլինիկական հիվանդանոց՝ բողոքելով ուժեղ գլխացավերից և տեսողության վատացումից: ՄՌՏ-ն հայտնաբերել է գլխուղեղի ուռուցք, այսպես կոչված «համր» հատվածում, որը պատասխանատու չէ կենսական կարևոր ֆունկցիաների համար, սակայն այդ վիրահատությունը պահանջում բարձր ճշգրտություն։

«Իրականում ուղեղի բոլոր մասերը տարբեր աստիճանի ակտիվ են։ Այստեղ ցանկացած միջամտություն բարձր ռիսկ է: Մենք գործել ենք շատ ճշգրիտ», — ասել է նյարդավիրաբուժական բաժանմունքի վարիչ Հրանտ Կունդուպյանը։

Վիրահատությունը տևել է 3 ժամ։ Վիրահատությունից հետո արդեն երկրորդ օրը հիվանդն ինքնուրույն տեղաշարժվել է բաժանմունքում, իսկ մեկ շաբաթ անց դուրս է գրվել՝ առանց նյարդաբանական խանգարումների։ Հյուսվածքաբանական հետազոտությունը ցույց է տվել, որ ուռուցքը բարորակ է եղել։