Պյատիգորսկում բացվել է ԽՍՀՄ հերոս Գևորգ Հակոբյանցին նվիրված հուշատախտակը

16 Դեկտեմբերի 2024, 15:41

Հայեր

Դեկտեմբերի 9-ին Պյատիգորսկում հանդիսավորությամբ բացվել է Խորհրդային Միության հերոս, 1040-րդ հրաձգային գնդի 3-րդ հրաձգային գումարտակի հրամանատար, գնդապետ Գևորգ Թամրազի Հակոբյանցին նվիրված հուշատախտակը: Այս մասին տելեգրամյան իր ալիքում հայտնել է Պյատիգորսկի հայկական համայնքը։

«Ստավրոպոլի երկրամասում շարունակվում են Հայրենական մեծ պատերազմի հերոսների հիշատակը հավերժացնելու կարևոր աշխատանքները։ Պյատիգորսկում Խորհրդային Միության հերոսների պատվին անվանակոչված փողոցներում տեղադրվում են հուշատախտակներ։

Գևորգ Թամրազի Հակոբյանցը քաջության, արիության և անձնազոհության վառ օրինակ է: Նրա հրամանատարության ներքո գումարտակը հաջողությամբ կատարել է բազմաթիվ բարդ մարտական առաքելություններ՝ տասնյակ բնակավայրեր ազատագրելով ֆաշիստական զավթիչներից:

Հուշատախտակի տեղադրումը հարգանքի տուրք է Գեորգի Թամրազի Հակոբյանցի սխրանքին և հիշեցում, որ պատերազմի հերոսների հիշատակը պետք է ապրի հետագա սերունդների սրտերում», — ասված է համայնքի հաղորդագրությունում: