«Քամեդի Քլաբ»-ի փակման մասին լուրը կատակ էր
21 Սեպտեմբերի 2024, 15:16
Վերջին օրերին ռուսական մամուլում տեղեկություններ էին տարածվել այն մասին, թե ТНТ հեռուստաալիքը փակում է Արթուր Ջանիբեկյանի հանրահայտ «Քամեդի քլաբ» (Comedy club) հումորային հեռուստաշոուն։ Թեման լայն քննարկման առարկա էր դարձել. Ռուսաստանում սթենդ-ափ ժանրի առաջատարի փակումը անտարբեր չէր թողել ոչ սոցիալական ցանցերի օգտատերերին, ոչ լրագրողներին, ոչ նույնիսկ հասարակական և քաղաքական գործիչներին։
Անսպասելի հրապարակ եկած այս տեղեկությունը կարելի էր ֆեյք համարել, եթե չլիներ Քամեդիի ռեզիդենտ Գարիկ Խարլամովի բազմանշանակ գրառումն ի պատասխան հարցումներին, բառացիորեն՝ այո, ամեն լավ բան մի օր ավարտվում է, սա էլ ավարտվեց։
Սակայն, երեկ հաղորդման հերթական եթերը գլխիվայր շրջեց իրավիճակը ու բացահայտեց «Քամեդի»-ի փակման մասին լուրերի իմաստը։ Թողարկման հենց սկզբից հաղորդավար Պավել Վոլյան հայտարարեց… նախորդ եթերաշրջանի փակման և «Comedy club»-ի նոր եթերաշրջանի մեկնարկի մասին։ Նա խոսքը փոխանցեց ակումբի հիմնադիր Արթուր Ջանիբեկյանին, որը շնորհակալություն հայտնեց իր բոլոր գործընկերներին 20-ամյա աշխատանքի համար ու ազդարարեց նոր եթերաշրջանի մեկնարկը (տես տեսանյութը):
Մի խոսքով պարզվեց, որ փակման մասին լուրերը հենց «Քամեդի»-ի փիառ կատակն էր։ Արդյունքում բոլորը գոհ մնացին՝ և հաղորդման միլիոնավոր երկրպագուները, և «Քամեդի»-ն, որը տեղեկատվական դաշտում հնարամիտ հնարքի միջոցով կարողացավ հերթական անգամ սևեռել իր վրա հեռուստադիտողների ուշադրությունը։