Քանդակները նրա կյանքի անբաժանելի մասն են եղել․ Լիլիթ Տերյան
31 Դեկտեմբերի 2024, 22:05
Alpha News-ը շարունակում է ներկայացնել «Ալֆա պերսոնա» շարքը:
Դեկտեմբերի 31-ին իրանահայ հայտնի քանդակագործ, Թեհրանի համալսարանի պրոֆեսոր Լիլիթ Տերյանի ծննդյան օրն է:
Լիլիթ Տերյանը ծնվել է 1930 թվականին Թեհրանում` հայկական ընտանիքում։ Նրա նախնիները Հայկական լեռնաշխարհից դուրս են բերվել Շահ Աբասի կողմից 17-րդ դարում և տեղափոխվել Իրանի Ջուլֆա քաղաք։
Որպես երեխա, նա մեծ հետաքրքրությամբ ուսումնասիրում էր արվեստը, սիրում էր նկարներ նայել, ուստի կարելի է ասել, որ նրա ճակատագիրը կանխորոշված էր մանկուց:
Լիլիթը ընդունվել է Թեհրանի ինստիտուտ, որտեղ սկսել է ուսումնասիրել կերպարվեստի տեսությունը։ Այնուհետև տեղափոխվել է Ֆրանսիա՝ սովորելու Փարիզի Գեղարվեստի ակադեմիայում։
Բայց Ֆրանսիայում նա չմնաց և որոշ ժամանակ անց վերադարձավ Իրան։ 1960 թվականից դասավանդել է Թեհրանի համալսարաններում, կերպարվեստի քոլեջում:
Տերյանը հայտնի է որպես «իրանական ժամանակակից քանդակի մայր»։ 2007-ին Իրանի իշխանությունները հատուկ հարգանքի տուրք մատուցեցին վաստակավոր քանդակագործին Իմամ Ալիի կրոնական արվեստի թանգարանում:
Սրբոց Թարգմանչաց հայկական եկեղեցու բակում է գտնվում Մեսրոպ Մաշտոցի արձանը, որի հեղինակը Տերյանն է, իսկ նրա ստեղծած Իրանի ազգային հերոս Եփրեմ խանի արձանը տեղադրված է Թեհրանի Սուրբ Մարիամ եկեղեցու տարածքում:
Քանդակագործի աշխատանքները Իրանում կարելի է տեսնել ամենուր։ Իր ստեղծագործություններում նա փորձել է համադրել հայկական, պարսկական և եվրոպական արվեստի ավանդույթները։
Լիլիթ Տերյանը կյանքից հեռացել է 2019 թվականին Թեհրանում։