Քանի դեռ Բաքվում հայ գերիներ կան, տպավորություն չկա, որ հակամարտության էջը շրջված է. Եվրախորհրդարանի պատգամավոր
19 Սեպտեմբերի 2024, 20:00
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ կարգավորումն ու համաձայնագիրը հավասարապես անհրաժեշտ են երկու երկրներին, դա Հարավային Կովկասում իրավիճակի կայունացման գլխավոր խոչընդոտն է։ Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասել է Եվրախորհրդարանի լիտվացի պատգամավոր Պյատրաս Աուշտրյավիչյուսը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչ է մտածում Ադրբեջանի՝ Հայաստանի Սահմանադրությունը փոխելու պահանջի մասին։
«Ես չեմ տեսնում, որ երկրներից որևէ մեկին ավելի քիչ կամ շատ խաղաղություն պետք լինի, երկու երկրներն էլ դրա կարիքն ունեն, այդ պատճառով Հարավային Կովկասի իրական գործընկերները հանդես են գալիս խաղաղ համաձայնության շուտափույթ ձեռքբերման օգտին, և ես հույս ունեմ, որ այն ձեռք կբերվի։ Ինձ համար կարևոր է ոչ միայն թղթի վրա խաղաղություն ունենալը, ոչ միայն ստորագրությունները տեսնելը, այլ, որ ձեռքբերումները կատարվեն, և մարդիկ ապրեն այդ խաղաղության համաձայնագրով: Այդ տարածաշրջանին պետք է խաղաղություն, կայունություն և համագործակցություն, այլ ոչ թե ագրեսիա, պատերազմ և կործանում», — նշել է լիտվացի պատգամավորը։
Խոսելով Բաքվում գտնվող հայ գերիների մասին՝ նա ասել է, որ բոլոր ռազմագերիները պետք է հնարավորինս արագ ազատ արձակվեն։
«Խաղաղության համաձայնագրի մեջ պետք է ներառվի նաև բոլոր բանտարկյալների փոխանակման կետը (հայկական կողմը ադրբեջանցի բանտարկյալներ չունի, նրանք բոլորն ազատ են արձակվել): Բայց ես դա կանեի մինչև համաձայնության հասնելը։ Այն պետք է լինի խաղաղության համաձայնագրի համապարփակ և մեծ փաթեթի մի մասը, քանի որ մեկ խաղաղության համաձայնագրում հնարավոր չէ ներառել ապագա խաղաղ համակեցության բոլոր կարևոր ասպեկտները:
Հետևաբար, որքան արագ, այնքան ավելի համապարփակ կիրականացվեն այս բոլոր պայմանները: Առավել ևս խաղաղության և նախկին հակամարտության կարգավորման իրական զգացողությունը կգա մարդկանց գիտակցության մեջ։ Մարդիկ դա պետք է տեսնեն և զգան, և քանի դեռ այդ ռազմագերիները գոյություն ունեն, դա թույլ չի տալիս քաղաքական գործիչներին, ինչպես նաև մարդկանց, մտածել, որ ժամանակը փոխվել է, և թերթել ենք էջը»,- նշել է պատգամավորը։
Խոսելով արցախահայության՝ հայրենիք վերադառնալու իրավունքի մասին՝ նա ասել է.
«Այո, այդ մարդիկ պետք է իրավունք ունենան վերադառնալ հայրենիք, այսինքն՝ իրենց տները և բնակավայրերը։ Դա պետք է լինի կարգավորման մի մասը, դա պետք է բացարձակապես հիմնված լինի ազատ կամքի և իրենց նկատառումների վրա, դա չի կարող պարտադրվել նրանց, դա չի կարող պարտադրանք լինել»,- ընդգծել է պատգամավորը: