Քանի դեռ ՀՀ-ում այս իշխանություններն են, Արցախ վերադարձն անհնարին է լինելու. Արեգա Հովսեփյան
19 Օգոստոսի 2025, 14:10
Այս իշխանությունները շատ վաղուց փորձում էին ու փորձելու են փակել Արցախի էջը, բայց, ինչպես ես եմ սիրում ասել՝ Արցախը Նիկոլն իր հոր տնից չի բերել, որ ինքը կամ հանձնի, կամ այդ էջը փակի։ Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասել է արցախցի հանրային գործիչ Արեգա Հովսեփյանը:
«Արցախը Հայաստանի անվտանգության երաշխավորն էր, Հայաստանն էլ Արցախի անվտանգության երաշխավորը: Դա մի փոխկապակցված անվտանգային համակարգ է, որն առանց մյուսի չի կարող գործել, և իրականում կյանքը հենց դա ցույց տվեց: Մենք տեսանք, որ Արցախի հայաթափումից հետո ադրբեջանցիների զորքերը մտան Հայաստանի տարածք և մինչ օրս Հայաստանի տարածքում են։ Փաշինյանը պատասխան է տալու իր հայտարարությունների համար, որովհետև դրանք պետական դավաճանության հայտարարություններ են, հենց Սահմանադրությամբ է ամրագրված Արցախի հայկական լինելը և Հայաստանի Հանրապետությունն Արցախի անվտանգության երաշխավորը լինելը»,- նշել է նա:
Խոսելով արցախցիների Արցախ վերադառնալու հավանականության մասին՝ Հովսեփյանն ասել է.
«Իհարկե, դա անհնարին է լինելու, եթե Հայաստանում այս իշխանություններն են: Եթե իշխանությունները փակում են կամ փորձում են փակել Արցախի էջը, արցախցիների վերադարձն անհնարին է լինելու։ Բայց առնվազն մենք տեսնում ենք, որ անգամ այս պայմաններում միջազգային դերակատարներ գոյություն ունեն, որոնք որ խոսում են արցախցիների իրավունքների մասին, խոսում են արցախցիների հավաքական և արժանապատիվ վերադարձի մասին։ Իհարկե, սա շատ համապարփակ ու բարդ խնդիր է, ոչ ոք չի ասում, որ դա լինելու է մեկ օրում կամ լինելու է հենց վաղը։ Շատ մեծ աշխատանք ու քրտնաջան աշխատանք է պահանջվում, բայց առնվազն այդ նպատակը պետք է դրվի, որպեսզի դառնա իրական»: