Քաղաքացիները ուղևորավարձը չեն վճարում, քանի որ խնդիրները չեն լուծվել․ Գևորգ Ստեփանյան

Երևանում հանրային տրանսպորտի թանկացումից հետո խոստացված բարեփոխումները չեն իրականացվել։ Alpha News-ի հետ զրույցում ասել է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանը։

«Իրենք ստել են, որ տրանսպորտը թանկացնելով մինչև 300 դրամ՝ մարդիկ ժամերով չեն սպասելու, նորմալ երթևեկելու են, և լինելու են սմարթ կանգառներ։ Բայց անգամ տանիքով կանգառներ չկան, ուր մնաց սմարթ կանգառներ, մարդիկ ժամերով սպասում են»,- ասել է նա։

Ավագանու անդամի խոսքով՝ հենց այս իրավիճակն է պատճառ դարձել, որ քաղաքացիները հրաժարվում են վճարել տրանսպորտի համար։ Նրա խոսքով՝ չվճարումների դեպքերը զանգվածային բնույթ են կրում, և մարդիկ դա անում են համախմբված:

«Սկզբից մեղավոր էին քաղաքացիները, հետո՝ տուգանողները, հիմա արդեն ամեն ինչ բարդում են վարորդների վրա։ Քաղաքապետն ուղղակի ուզում է վարորդներին և երևանցիներին իրար դեմ հանել»,- ընդգծել է նա։

Ստեփանյանի խոսքով՝ վարորդներն օրենքով սահմանված այլ գործառույթ չունեն, բացի մեքենան վարելուց, և չեն կարող միաժամանակ ապահովել և՛ անվտանգ երթևեկությունը, և՛ վերահսկել վճարումները։

«Ի՞նչ եք ուզում՝ վարորդը մեքենա՞ վարի, թե՞ նայի՝ ով է վճարում, ով՝ ոչ»,- նշել է նա։

Նրա կարծիքով՝ ստեղծված իրավիճակը իշխանությունների վարած քաղաքականության հետևանք է, որն իր հերթին կարող է ունենալ քաղաքական հետևանքներ։

«Իրենք ընկել են իրենց սարքած ծուղակը։ Երևանցին իր պատասխանը տալու է ընտրություններին»,- եզրափակել է Գևորգ Ստեփանյանը։