Քաղաքական կամքի դեպքում հնարավոր է հայ գերիների ազատ արձակումը. Սիրանուշ Սահակյան

16 Փետրվարի 2026, 19:00

Քաղաքականություն

Չնայած նրան, որ խաղաղության գնացող պետության ղեկավարը՝ Իլհամ Ալիևը, հայ գերիներին համեմատել է «նացիստների» հետ և զուգահեռներ անցկացրել Նյուրնբերգյան դատավարության հետ, հայ ռազմագերիների և Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների ազատ արձակման հարցը շարունակում է մնալ օրակարգային, հատկապես այն դեպքում, երբ խոսվում է Հայաստան-Ադրբեջան «խաղաղության պայմանագրի» հնարավոր կնքման մասին։

AlphaNews-ի հետ զրույցում թեմային անդրադարձել է Եվրոպական դատարանում գերիների շահերի պաշտպան, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը:

Նրա խոսքով՝ թե՛ ռազմագերիների, թե՛ քաղաքացիական անձանց, և թե՛ Արցախի ղեկավարների նկատմամբ հարուցված քրեական գործերն ու դատավարությունները չունեն լեգիտիմ իրավական հիմք։ «Դատական ակտերն ինքնին չեն կարող խոչընդոտ հանդիսանալ ազատ արձակման համար, եթե առկա է քաղաքական պայմանավորվածություն»,- նշել է նա։

Իրավապաշտպանը հիշեցրել է, որ միջազգային գործընկերներն, անդրադառնալով խնդրին, շեշտում են հայ գերիների անվերապահ և առանց պայմանականությունների ազատ արձակման անհրաժեշտությունը։ Նրա գնահատմամբ՝ դատավարություններն ու դրանց արդյունքները միջազգային հանրության կողմից չեն դիտարկվել որպես լեգիտիմ գործընթացներ։

Սահակյանն օրինակ է բերել նախադեպեր, երբ երկարաժամկետ ազատազրկման դատապարտված անձինք ազատ են արձակվել՝ առանց պատիժը ամբողջությամբ կրելու, և այդ գործընթացներին չեն նախորդել իրավական մեխանիզմներ, ինչպիսիք են ներումը կամ պատժի մնացյալ մասն այլ երկրում կրելու փոխանցումը։

«Սա վկայում է, որ քաղաքական համաձայնության դեպքում դատական ակտերը փաստացի խոչընդոտ չեն հանդիսանում։ Հայաստանի Հանրապետությունը նախկինում ադրբեջանական կողմին է փոխանցել դատապարտված ադրբեջանցիների, որոնք ևս ամբողջությամբ չեն կրել իրենց պատիժը»,- հիշեցրել է Սահակյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: